Վերջին օրերին իրար հետևից Հայաստան են այցելել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայության ղեկավարները: Նախ՝ հուլիսի 15-ին Երեւանում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Ինչպես հաղորդում է կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն ու Ուիլյամ Բըրնսն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Ընդ որում, սա Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի առաջին այցն էր Հայաստան։
Հետաքրքիր է, որ նրա այցի մասին առաջինը գրել էին ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունները: Ուիլյամ Բըրնսը հանդիպել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին: Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Իսկ արդեն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
Վարչապետը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի պես գերտերությունների հետախուզական վարչությունների ղեկավարների այցը Հայաստան չի կարող պատահական լինել: Առջեւում նոր զարգացումներ կլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան