«2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021-ի պլանի համեմատ, ավել է 11 տոկոսով»,- երեկ՝ «Բյուջե-2022»-ի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, ԱԺ-ում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2022 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի ավելի քան 345 մլրդ դրամ։ Մենք հետեւողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն` քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը»,-ասել էր Փաշինյանը։ Սակայն նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի նախընտրական խոստման մեջ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար Հայաստանի կառավարությունը մտադիր է հատկացնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար»: Փաշինյանի իշխանության պաշտոնավարման 4-րդ տարին արդեն լրացել է, սակայն ռազմական բյուջեն այդպես էլ չի հատել այն թիվը, որը խոստացել էր նա: Ստացվում է, որ 2022 թվականի բյուջեի նախագծով ՔՊ-ն ակամայից ընդունում է, որ 2018-ին տված եւս մեկ նախընտրական խոստում Նիկոլ Փաշինյանը չի կատարել եւ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում Ծառուկյանն ասում է, որ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեր Հայաստան, միեւնույնն է, լինելու էին մարդիկ եւ շրջանակներ, որ դեմ էին խոսելու։ «Լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի, ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետեւյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին եւ առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ»,- ընդգծում է նա։ ԲՀԿ առաջնորդը վստահեցնում է՝ արձանի գաղափարը ստացել է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը, ու բազմաթիվ քանդակագործներ, ճարտարապետներ մասնակցել են մրցույթին, որոնց հետո պարբերաբար զրույցներ է ունեցել ու լսել նրանց խոսքը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն են հայտնում՝ քաղաքական իշխանությունը ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի աշխատանքից այդքան էլ գոհ չէ, ու Սանոսյանին մտադիր է այնտեղ տեղափոխել ոլորտը քիչ թե շատ խելքի բերելու համար: «Նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով մեզ հասած տեղեկությունը, ասաց Գնել Սանոսյանի մամուլի քատուղար Սոնա Հարությունյանը: Այս պահին թեեւ իշխանությունը հստակ որոշում չունի, թե ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին ինչ պաշտոն է վստահելու, բայց ենթադրելի է, որ նա կարող է ապագայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնել: Այս մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Այսօր, ի դեպ, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել: Իշխանությունը, փաստորեն, ՆԳ նախարարություն ստեղծելու գաղափարը կամաց-կամաց կյանքի է կոչում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին այցելել էր Արմավիրի մարզ, սակայն հետաքրքիր է, որ սահմանամերձ Մարգարայում այդպես էլ չի եղել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա բնակիչների հետ հանդիպել է Երասխավանում, որտեղ ներկա են եղել նաեւ Մարգարայի բնակիչները: Ինչպես հայտնի է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող հատուկ բանագնացների վերջին հանդիպումից հետո նշվեց, թե կողմերը պայմանավորվել են բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար եւ վերականգնել Թուրքիայի հետ օդային փոխադրումները: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել Փաշինյանին՝ կապված ջրի թանկացման, մանկապարտեզի եւ, բնականաբար, սահմանազատման հարցերի մասին: Հետաքրքիր է, որ այդպես էլ ՀՀ վարչապետը ներկաներին չի պարզաբանել, թե ինչ է նշանակում «երրորդ երկիր» ասվածը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնակիչները տարակուսած էին, թե չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ, որ երկրների ինչ քաղաքացիներ են օգտվելու իրենց գյուղամեջի ճանապարհից: Հավելենք, որ Վարդաշենից դեպի Մարգարա տանող ճանապարհն այս պահին քանդած է, առանց ճանապարհային նշանների է, եւ այն դարձել է անանցանելի: Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, թե հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է նաեւ ասֆալտապատման աշխատանքների մասին, որի վերաբերյալ եւս դեռ հստակ ոչինչ չի ասվել: