ԸՆԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԲՈՒՀԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է արել.

 

«ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հետ չի երկարաձգում պայմանագրերը: Սա մտահոգիչ երեւույթ է, որը տարածում է գտնում բուհերում: Տեղեկություն եմ ստացել, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ազատվել են իրենց քաղաքական հայացքների համար: Ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանը եւ Արթուր Խաչատրյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի հետ զրույցում նշել են, որ, իրենց կարծիքով, իրենց հետ աշխատանքային պայմանագրի չերկարաձգման պատճառը բացառապես քաղաքական է։ Հարկ եմ համարում նշել, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում արձանագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը, առանց պետական մարմինների միջամտության, եւ դրանց իրականացումը կարող է պայմանավորված լինել օրենքով նախատեսված սահմանափակումներով։

Իսկ կոնվենցիայում շարադրված իրավունքներից եւ ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այդ թվում նաեւ՝ քաղաքական համոզմունքից անկախ։ Հետեւաբար, առհասարակ, ընդդիմադիր հայացք ունենալու համար դասախոսին աշխատանքից ազատելը, ըստ էության, Կոնվենցիայի դրույթների տեսանկյունից խիստ մտահոգիչ մոտեցում է: Բացի այդ, առկա են մտահոգություններ, որ կրճատումները շատ դեպքերում կրել են անձնավորված բնույթ. դրանով նաեւ ազատվել են «անցանկալի» դասախոսներից: Ստացվում է, որ բուհերն ու, առհասարակ, կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կարեւորությունն ընդգծող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ տեղի են ունենում գործողություններ, որոնք նախկինում մերժելի էին նույն Փաշինյանի կողմից, ու ստացվում է, որ բուհերին ինքնավարության իրական «տիտղոսով» օժտելուն վերաբերող կոչերն առ ոչինչ են։ Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի հետ պարզաբանումներ ստանալու նպատակով, որին ի պատասխան՝ ռեկտորը հերքել է տեղեկությունը` ասելով, որ որեւէ աշխատակցի հետ պայմանագիր չերկարաձգելը պայմանավորված չէ քաղաքական հայացքներով: Եթե խնդիրը ազատված աշխատակիցների ընդդիմադիր քաղաքական հայացքները լիներ, ապա իրենց մոտ չէին շարունակի դասավանդել Խոսրով Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գեւորգ Դանիելյանը:  Իհարկե, իմ իրավասության սահմաններում գնալու եմ ահազանգի հետքերով, գրություններ եմ ուղարկելու ինչպես ՀՀ իրավասու օղակներին, այնպես էլ միջազգային գործընկերներիս՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով ընդդիմադիր գործիչների աշխատանքային պայմանագրերը չերկարացնելու անընդունելի իրողության վրա:

Հ. Գ. Բուհերի ապաքաղաքականացվածությունը ոչ թե իշխանության գալու համար օգտագործվող քարոզ է, այլ անհրաժեշտություն, որը պետք է պահպանվի։

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան»:

 

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ

Հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 17:50-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 23-ամյա երիտասարդ է: Եվ, ահա, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած դեպքից: Մեր տեղեկություններով՝ որպես նախնական վարկած է քննարկվում այն հանգամանքը, որ երիտասարդը վիճել է ընկերուհու հետ եւ դրանից հետո որոշել է վերջ տալ կյանքին:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Շրջակա միջավայրի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնել որսագողության դեպքի առնչությամբ, քանի որ սպանվել են Կարմիր գրքում գրանցված թռչուններ։ ՇՄ նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի գյուղի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից համայնքային տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու։ Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20։00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն»։

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: Լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան: Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից: Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը, աշխատել է «ԿչՏվպՍ» եւ «Շվօռ ՑպւվՌՍ» ամսագրերում: Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցում է Աշոտ Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մտերիմներին:

 

 

 

ՈՒՆԵՑԵԼ Է ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին՝ իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՔՊ-Ն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է փոփոխութուն անել «Դիվանագիտության մասին» օրենքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանի օրակարգում դեռեւս չընդգրկված  հարցերում տեղ է գտել Հակոբյանի նախաձեռնած օրինագիծը, ըստ որի՝ փոփոխություն է նախատեսվում Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի եւ նրա տեղակալի ընտրության դրույթում: Այժմ գործող կարգով՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ, արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից։ Իշխանությունն առաջարկում է կրճատել 10 տարին ու առաջարկում այն դարձնել 5: «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ, Արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից»,- ասվում է նախագծի նախնական տարբերակի մեջ։

 

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Այս օրերին Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքից դժգոհում են գրեթե բոլորը: ArmLur.am-ը քաղաքացիների բողոքների հետքերով այցելեց բաժիններից մեկը: Դրսում հերթեր էին, կային մարդիկ, որոնք առավոտյան իննից տեղում էին, սակայն հերթը հասնելու էր միայն ընդմիջումից հետո: Նշենք, որ այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն էր տարածել նաեւ Ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության լրատվական ծառայությունը անձնագրային բաժիններում գոյացած հերթերի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը, մասնավորապես՝ աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։ Հորդորում ենք Անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ դիմած քաղաքացիներին նկարագրված իրավիճակի պայմաններում դրսեւորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ իրենց գործողություններով ավելի չբարդացնել իրավիճակը»։

 

 




Լրահոս