ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման եւ Հատիս լեռան տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ:
«2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները եւ բացառել պատմության եւ մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»: Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել: Միեւնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման եւ լայնացման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ՝ վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ: Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության եւ մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20 տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ: Տեղեկացնենք նաեւ, որ դեռեւս 2019թ. հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից: Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի եւ հարթեցման աշխատանքներ:
Այնուամենայնիվ, անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, եւ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «հիմնարկները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական եւ այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական եւ մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները եւ դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:
Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ եւ պահպանվում է մինչեւ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով: Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու եւ ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաեւ գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միեւնույն ժամանակ իր լիազորությունների եւ պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը եւ մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը եւ կարգերին»։
Ն. Հ.
ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
Հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:14-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41?19 եւ արեւելյան երկայնության 43?93 աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի եւ Թավշուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ։
ArmLur.am-ի հետ զրույցում Սարագյուղի վարչական պատասխանատու Գրիգոր Գրիգորյանը նշել է, որ վնասներ չեն կրել, բայց շատ ուժեղ զգացել են: «Այս պահին էլ ամեն ինչ խաղաղ է, դե մեզ մոտ հաճախակի է լինում, արդեն սովորական է դարձել»,-ասել է նա:
Իսկ, ահա, Ամասյայի վարչական ղեկավար Ջեմմա Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ փլուզում չի եղել, բայց ժողովուրդը խուճապի եւ վախի մեջ է: «Շատ անհանգստացած ենք հատկապես Ամասիայի կենտրոնում գտնվող բազմահարկ շենքի համար, որը նման ցնցումներից խարխլվում է, եւ ամրակայման աշխատանքներ է պետք իրականացնել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ, հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ անոմալ դրսեւորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը՝ թուլացել, նաեւ այն փաստի վրա, որ վերը նշված M=4.4 մագնիտուդով երկրաշարժին հետեւած բոլոր ցնցումներն ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղեւում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու եւ, առավել եւս, խուճապի մատնվելու հիմքեր չկան:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
250ԿՄ ԳՆՈՒՄ Է՝ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ
38-ամյա Հրանտ Աբազյանն ամեն շաբաթ Արտաշատի Դիմիտրով գյուղից իր սեփական ավտոմեքենայով 250 կիլոմետր ճանապարհ է անցնում, հասնում իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղ, որի միջնակարգ դպրոցում շաբաթական երկու օր դասավանդում է։
Նա այդ օրերին գիշերում է Բարեկամավանում գտնվող իր հայրական տանը։ Հրանտի եղբայրը՝ Գարիկ Աբազյանը, նախկինում Բարեկամավան համայնքի ղեկավարն էր, 2016 թվականից՝ Նոյեմբերյան խոշոր համայնքի ձեւավորումից հետո, զրկվեց այդ պաշտոնից, 2022 թվականի սկզբին Գարիկ Աբազյանը նշանակվել է Բարեկամավան բնակավայրի վարչական ղեկավար։ Հրանտ Աբազյանը մասնագիտությամբ մանկավարժ է, նա ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ֆիզմաթ մասնագիտության բակալավրիատը, մագիստրոսի աստիճան ստացել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում։ Բարեկամավանի դպրոցը խորհրդային տարիներին մեծ թվով աշակերտներ է ունեցել, սակայն Հայաստանի անկախացումից հետո մեծ թափ առած արտագաղթի հետեւանքով Բարեկամավան գյուղի բնակչությունը եւ գյուղի դպրոցի աշակերտների թիվը խիստ նվազել են. 2021-2022 ուսումնական տարում Մայիս Ղարաքեշիշյանի անվան Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունեցել է ընդամենը 13 աշակերտ, դպրոցում 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարաններ չկային։
Միջնակարգ դպրոցն այս տարի ունեցավ մեկ շրջանավարտ՝ Արեւիկ Վիրաբյանը։ Սեպտեմբերին Բարեկամավանի դպրոց կհաճախի 3 առաջին դասարանցի: Հրանտ Աբազյանը հայտնեց, որ 2016 թվականին իր տղան՝ իր միակ զավակը, պետք է հաճախեր Բարեկամավանի դպրոցի առաջին դասարան, սակայն այդ տարի Բարեկամավանի դպրոցում առաջին դասարան չկար։ Հ. Աբազյանը Արտաշատի Դիմիտրով գյուղում տուն ունի, որոշեց տեղափոխվել այնտեղ, որպեսզի իր տղան այնտեղ առաջին դասարանի հաճախի։ Սակայն Հրանտը չմոռացավ իր գյուղի դպրոցը, շաբաթական երկու օր Բարեկամավանի դպրոցում դասավանդում է ինֆորմատիկա, ֆիզիկա, ռազմագիտություն, առարկաները, ղեկավարում դպրոցում գործող ռոբոտաշինական «Արմատ» լաբորատորիան։
Նա ստացած միջինը 130 հազար դրամ աշխատավարձից մոտ 50 հազարը ամեն ամիս ծախսում է Դիմիտով գյուղից Բարեկամավան մեկնելու եւ վերադառնալու նպատակով։ Բարեկամավանի միջնակարգ դպրոցում դասավանդում են տեղացի ուսուցիչներ, միայն անգլերենի ուսուցչուհին է հարեւան Կոթի գյուղից։ Հրանտ Աբազյանը չի խոսում իր հայրենասիրության մասին, համեստորեն իր գործն է անում, հեռվից ժամանելով՝ կրթում է հայրենի գյուղի աշակերտներին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ