Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենա, բնակարաններ, ավտոկայանատեղի. ինչ ունեցվածք ունի ԱԽ քարտուղարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը, որը թավշյա հեղափոխությունից արեւմտյան գրանտներ ստացող ակտիվիստ էր, պաշտոնի նշանակվելոից հետո բավականին ունեցվածք է կուտակել: Ի դեպ, նշենք, որ Գրիգորյանը մինչ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելը պարբերաբար հանդես էր գալիս Ռուսաստանի և Պուտինի դեմ հայտարարություններով:

ArmLur.am-ը ուսումնասիրել է Գրիգորյանի 2018, 2019, 2020 եւ 2021 թվականների տարեկան հայտարարագրերը: Սկսենք 2018 թվականից. տարեվերջին Գրիգորյանի փոխառությունները կազմել են 15 մլն 292 հազար դրամ: ԱԽ քարտուղարը 2018 թվականի սկզբին ունեցել է 1 մլն 300 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 5 մլն դրամ: Բացի այս, նա ունեցել է 3449 եվրո: Երկու վայրից աշխատավարձ է ստացել, որն ընդհանուր կազմել է 14 մլն 105 հազար դրամ: Գրիգորյանը 2018 թվականին 304 հազար դրամի չափով «այլ եկամուտ» է ստացել:

ԱԽ քարտուղարը 2019-ին 2005 թվականի արտադրության Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենա է գնել՝ 6 մլն 500 հազար դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ նա «ՄիկՇին» ընկերությունում տարեվերջին ունեցել 19 մլն 560 հազար դրամի չափով փոխառություն: Բանկային հաշվին առկա մնացորդը տարեվերջին կազմել է 158 հազար դրամ: Տրված փոխառության դիմաց ստացել է 1 մլն 423 հազար դրամ տոկոս: Բանկերից մեկից ստացել է 4 մլն 257 հազար դրամի չափով վարկ: Գրիգորյանի ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 145 հազար դրամ:

2020 թվականը Գրիգորյանի համար ձեռքբերումների տարի է եղել. նա բնակարաններ ու ավտոկայանատեղի է գնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ տարեսկզբին 2 բնակարան գնել է Արաբկիր վարչական շրջանում, մեկը՝ 54 մլն 256 հազար դրամով, մյուսը՝ 21 մլն 249 հազար դրամով: Բացի այս, պաշտոնյան Արաբկիրում գնել է նաեւ մեկ ավտոկայանատեղի՝ 1 մլն 950 հազար դրամով: Սակայն Գրիգորյանը Արաբկիրում 21 մլն 249 հազար դրամով գնած բնակարանը, գնելուց օրեր անց վաճառել է բավականին բարձր գնով՝ 41 մլն 148 հազար դրամով: Բացի այս, նա վաճառել է ավտոկայանտեղիներից մեկը՝ 2 մլն դրամով:

Բանկային հաշվին գումար է ունեցել՝ 3 մլն 550 հազար դրամի չափով: Նկատենք, որ Գրիգորյանի աշխատավարձը տարեցտարի բարձրացել է. եթե 2019 թվականին նա ստացել է ընդհանուր 13 մլն 744 հազար դրամ աշխատավարձ, ապա 2020 թվականին այն կազմել է 18 մլն 819 հազար դրամ, այսինքն՝ ամսական 1 մլն 568 հազար դրամ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 5 մլն դրամով ավելացել է աշխատավարձի չափը: Բացի այս, 2020-ին նա երկու բանկից 52 մլն 519 հազար դրամի չափով վարկ է վերցրել:

Ի դեպ, նշենք, որ 2021 թվականին Գրիգորյանի աշխատավարձը եւս բարձրացել է՝ 18 մլն 819 հազար դրամից դառնալով 22 մլն 378 հազար դրամ: ՊԵԿ-ից գումար է ստացել՝ 6 մլն 113 հազար դրամի չափով, որը ձեւակերպել է որպես «այլ եկամուտ»: Նշենք, որ Գրիգորյանի վարկի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 729 հազար դրամ: Գրիգորյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ վարկի մարման նպատակով ծախսել է 6 մլն 429 հազար դրամ գումար: Ի դեպ, արձանագրենք, որ պաշտոնյայի կնոջ՝ Մանե Մինասյանի հայտարարագիրը ներկայացված չէ:

Թե ինչու է բացակայում պաշտոնյայի կնուջ հայտարարագիրը, որեւէ բացատրություն չկա, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ Մանե Մինասյանը ՀՀ հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս