ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել. «Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպանները, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարը պատասխանել են իմ հրատապ նամակներին:
Ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու, Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծերի շրջանառումից հետո հրատապ կերպով գրություններ էի ուղարկել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին եւ ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին:
Գրություններով նշել էի, որ նախագծերի հիմնավորումներից պարզ է դառնում, որ իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։ Բոյկոտի առնչությամբ նշել էի, որ, համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման, բոյկոտը հակառակ կարծիք արտահայտելու ձեւ է եւ պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, եւ որ հատկապես խորհրդարանական բոյկոտը լայն տարածում ունի բոլոր ժողովրդավարական պետություններում: Ինչ վերաբերում է ցույցերի, երթերի ընթացքում ընդդիմադիրների արտահայտած կարծիքներին եւ հնչեցրած կոչերին, ապա այս դեպքում նույնպես դրանք պաշտպանված են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն): Եթե իշխանական պատգամավորների կարծիքով դրանք պարունակում են քրեական օրենքի խախտումներ, ապա դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ եթե ոչ, դրանք հատկապես պատգամավորների համար ամբողջովին պաշտպանված են արտահայտվելու ազատությանը վերաբերող ներպետական եւ միջազգային նորմերով, եւ, հետեւաբար, դրանց համար նույնպես պատգամավորը չի կարող պատժվել:
Այս հարցում գործընկերներիս խնդրել էի հրապարակային խոսքով հանդես գալ իշխանական խմբակցության այս անընդունելի եւ մարդու իրավունքների տեսանկյունից խիստ խնդրահարույց վարքագծի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին։
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը եւ ԵՄ անդամ պետությունների դեսպաններն ի պատասխան հայտնել են, որ ԵՄ-ն եւ իր անդամ պետությունները մեծ կարեւորություն են տալիս արտահայտվելու եւ հավաքների ազատությանը, եւ նշում, որ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր պետություն ունի իրավունք սահմանել կանոններ, ինչպես նաեւ կարգապահական ընթացակարգեր իր պաշտոնյաների եւ պատգամավորների համար՝ կապված նրանց պարտականությունների եւ պատասխանատվության հետ։
Մեջ բերելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները (Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում)՝ միաժամանակ նշում են, որ ԵՄ պատվիրակությունն ու անդամ պետությունները չեն կարող դատել, թե արդյոք հուլիսի 1-ին կայացված որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, եւ որ դա ՀՀ համապատասխան մարմինների խնդիրն է։
ԵՄ պատվիրակությունը եւ իր անդամ պետությունները հավատարիմ են մարդու իրավունքներին աջակցությանը եւ շարունակում են ուշադրությամբ հետեւել իրավիճակին Հայաստանում։
Իսկ, ահա, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը ի պատասխան հայտնել է հետեւյալը. «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Երեւանում ընդդիմության ցույցերին վերաբերող իրադարձություններին։ Ինչպես հաստատված է Վենետիկի հանձնաժողովի կողմից (Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ հարաբերությունների պարամետրերը), քաղաքական ակցիաները կարող են իրականացվել տարբեր ուղղություններով, եւ նիստերին մասնակցությունը ակցիայի եզակի ձեւը չէ։ Ուստի խորհրդարանական բոյկոտը կարող է դիտվել որպես ընտրված ներկայացուցիչների կողմից ակցիայի ձեւ։
Պարոն Ջիակոմոպուլոսը ուշադրություն է հրավիրում Վենետիկյան հանձնաժողովի դիրքորոշմանը: «Այնուամենայնիվ հասկանալի կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր հաճախելիության կանոն, եւ մատնանշվեին տույժեր թերացող անդամների նկատմամբ՝ սկսած փոխհատուցման մասնակի կամ ամբողջական վերացումից մինչեւ ձայնի իրավունքից զրկումը, սակայն առանց մանդատի կորուստ նախատեսելու։
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքի կազմակերպված եւ երկարատեւ բոյկոտին, այն չի կարող ամբողջությամբ բացառվել որպես քաղաքական վարքագծի լեգիտիմ ձեւ, բայց այն թույլատրելի է միայն հազվադեպ եւ շատ ծայրահեղ հանգամանքներում, երբ խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է մեծամասնության գործողությունների արդյունքում։ Ընթացիկ քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները, նույնիսկ դրանցից գլխավորները չեն կարող արդարացնել բոյկոտը։
Հավաստիացած եղե՛ք, որ ես եւ ԵԽ համապատասխան ստորաբաժանումները շարունակում ենք հետեւել իրավիճակին Հայաստանում», – վստահեցրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը։
Հուսամ` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւություններ կանի միջազգային մեր գործընկերների հորդորներից եւ կդադարի վրեժխնդիր լինել ընդդիմադիրների նկատմամբ: Հակառակ դեպքում պետք է արձանագրել, որ Փաշինյանի կառավարությունը լայն քայլերով ոտնակոխ է անում ժողովրդավարական արժեքները։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան», -ասված է գործակալության թվիթերյան էջում արված հայտարարության մեջ։
ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հունիսին բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 13.3% եւ 45.4%-ով, 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.5%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.7% գնաճ: ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.5-1.3% գնաճ. գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2022թ. հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի 1.6% եւ 2.2% գնաճ: 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 13.3% եւ 45.4%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 2.1% եւ 33.3%-ով:
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության վկա ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին Քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության: Տեղեկությունը փորձեցինք պարզել կոմիտեից, որտեղից հայտնեցին. «ԲԴԽ անդամ Ս. Միքայելյանը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է իր մասնակցությամբ, որպես վկա, «հարցաքննություն» քննչական գործողություն իրականացնելու մասին»: Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ կամ, ինչպես բոլորիս է հայտնի, քրեական գործ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է՝ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։
Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ օրեր անց արդեն պաշտոնապես հաստատվեց լուրը:
ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: Այս մասին են խոսում նաեւ վիճակագրական տվյալները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 5 ամիսներին մեր հանրապետությունում ամուսնալուծությունների թիվը կազմել է 1858, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնալուծվել է 1648 մարդ: Նշենք, որ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին ամուսնալուծվողների թիվը 1217 է կազմել, այսինքն՝ մեկ տարում 210-ով ավելացել են ամուսնալուծությունները: Հոգեբանների համոզմամբ՝ ամուսնալուծությունների թվի աճը կնոջ ինքնուրույնության՝ ամուսնու կողմից սահմանափակման հետեւանք է։ Բացի այս, ամուսնալուծություններին նպաստող գործոններից մեկը սոցիալ-տնտեսական պայմաններն են։ Սրան զուգահեռ արձանագրենք նաեւ, որ Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ: Օրինակ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ամուսնացել է 6477 մարդ, իսկ նախորդ տարվա հինգ ամիսներին՝ 6731: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 254-ով պակասել է ամուսնությունների թիվը: Մյուս կողմից՝ նկատենք, որ 2020 թվականի 5 ամիսներին ամուսնությունների թիվը կազմել է 4178, այսինքն՝ այս տարվա հինգ ամիսներին, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնացողների թիվը զգալի է ավելացել: