ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ատամ է ցույց տալիս ՀՀ պաշտոնից հեռացող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Երկու գերատեսչությունների բախումները հրապարակային դաշտ են տեղափոխվել:
Մասնավորպես, հուլիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ»: Ասել է թե՝ կրկնակի հանցագործությունների ավելացման համար պատասխանատու են դատարանները, որ ազատ են թողնում հանցագործներին եւ մերժում են դատախազների բողոքները:
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը մեկ օր անց արձագանքել է դատախազության հայտարարությանը. «ԲԴԽ-ն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է: Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Իհարկե, կսմիթը կսմիթ, բայց խնդիրը, կրկնահանցագործությունների թվի մեծացումը, անշուշտ, մտահոգիչ է: