ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը թերեւս հայաստանյան ամենահարուստ պաշտոնյաներից է: Նշենք, որ Սինանյանը Հարավային Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի 72-րդ քաղաքապետն է եղել: 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին աջակցել է Նիկոլ Փաշինյանին:
ArmLur.am-ը ուսումնասիրել է Սինանյանի՝ ունեցվածքի ու դրամական միջոցների վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Սինանյանը նախորդ տարի Երեւանի կենտրոնում բնակարան է գնել: Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ Սինանյանի արժեթղթերը կազմել են 336 հազար դոլար, որոնք նա ձեռք է բերել 2004 թվականին: Գործարքի մյուս կողմը ՙՆեյշնլ Լայֆ Գրուպ՚ ընկերությունն է: Սինանյանը հայտարարագրել է, որ ունի 15 000 դոլարանոց ռոյալ: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 116 հազար 276 դոլար եւ 2 մլն 379 հազար դրամ: Պաշտոնյայի կանխիկ գումարն է ավելացել, եթե տարեսկզբին նա ունեցել է 20 000 դոլար, ապա տարեվերջին այն դարձել է 25 000 դոլար: Սինանյանի 2021 թվականի եկամուտը կազմել է 14 մլն 688 հազար դրամ եւ 63 հազար 749 դոլար: Պաշտոնյան ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել: Նրա ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 224 հազար դրամ, որը ստացել է վարչապետի աշխատակազմից: Իսկ ՙInternal Revenue Service՚-ից նա ստացել է 41 հազար 777 դոլար, ՙFTB՚-ից՝ 21 հազար 972 դոլարի եկամուտ:
Ի դեպ, 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ Սինանյանը ՙԱնուր՚ ընկերությանը 284 մլն 403 հազար դրամի չափով փոխառություն է տվել:
Կինը՝ Լորի Սինանյանը, 2019 թվականին, այդ տարվա արտադրության Honda մակնիշի ավտոմեքենա է գնել: Նա նույնպես 343 հազար 666 դոլարի արժեթղթեր է հայտարարագրել: Բանկային հաշվին առկա գումարը կազմել է 421 հազար դոլար եւ 50 մլն 812 դրամ: Նախորդ տարվա սկզբին Լորի Սինանյանի կանխիկ գումարը կազմել է 5000 դոլար, սակայն տարեվերջին նա կանխիկ չի ունեցել:
Նախորդ տարվա ընթացքում 5 վայրից աշխատավարձ է ստացել, որն ընդհանուր կազմել է 91 հազար 645 դոլար: Պաշտոնյայի կինը եւս ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:
Զարեհ Սինանյանի մայրը՝ Հերսիլե Սինանյանը Գլենդել քաղաքում առանձնատուն ունի, բացի այս, մեկ ավտոկայանատեղի եւ մեկ բնակարան էլ՝ Երեւանի Կենտրոնում, իսկ մեկ հողամաս էլ՝ Արագածոտնի մարզի Ուշի համայնքում: Մայր Սինանյանի արժեթղթերը կազմել են 386 հազար դոլար: 2020 թվականի վերջին բանկում ունեցած նրա ավանդը կազմել է 82 հազար 842 դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ Սինանյանի մայրը 687 հազար 500 դոլարով վաճառել է Գլենդելի առանձնատունը: Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հերսիլե Սինանյանն ԱՄՆ կառավարությունից տարեկան ստացել է 17 հազար 725 դոլարի չափով կենսաթոշակ, իսկ Հայաստանում նրա ստացած կենսաթոշակը կազմել է ընդհանուր 432 հազար դրամ: Բացի այս, նա ՙՖիդելիթի Ինվեստմենտ՚ ներդրումային ընկերությունից ստացել է 107 հազար դոլարի չափ եկամուտ:
Հայրը՝ Նուրան Սինանյանի Երեւանի կենտրոնում բնակարանի եւ ավտոկայանատեղի համասեփականատեր է: Բացի այս, նրա արժեթղթերը կազմել են 143 հազար դոլար, որոնք նա ձեռք է բերել 2019 թվականին, իսկ գործարքի մյուս կողմը «Ալիանս» ներդրումային ընկերությունն է: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 74 հազար դրամ, կանխիկ գումարի չափ չի հայտարարագրել: Հայր Սինանյանը ԱՄՆ կառավարությունից ստացել է 21 հազար 646 դոլարի կենսաթոշակ, իսկ 477 հազար դրամ՝ ՀՀ կառավարությունից: «Ալիանս» ներդրումային ընկերությունից Նուրան Սինանյանի ստացած եկամուտը կազմել է 27 հազար 387 դոլար:
Սյունէ Համբարձումյան