ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՎ ԿԱՆԽՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի դեպքեր: Մասնավորապես, սույն թվականի մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում բացահայտվել եւ կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր: Այսպես, տեղեկություններ էին ստացվել, որ հանրապետությունում գործող մի քանի դեղատներում իրացվում են իմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող, ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված, չդրոշմապիտակավորված, հայերեն տառերով չմակնշված, առանց տուփի դեղամիջոցներ, որոնց շուկայական գինը հանրապետությունում տատանվում է 150,000-800,000 դրամի շրջանակում:

 

Ստացված տեղեկությունները ճշտելու եւ օրինախախտներին բացահայտելու նպատակով ձեռնարկվել եւ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մի շարք տնտեսվարողների նկատմամբ ձեռնարկված եւ իրականացված համապատասխան միջոցառումների ժամանակ կանխիկ դրամով գնվել են տարբեր դեղանման ապրանքներ: Նշված դեղանման ապրանքների էությունը, ՀՀ դեղերի գրանցամատյանում գրանցված լինելը եւ դրանց մեջ հոգեմետ նյութերի առկայության հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել Առողջապահության նախարարություն եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին։ Ստացված պատասխան գրություններից պարզվել է, որ ՀՕՀՎ աշխատակիցների կողմից ձեռք բերված դեղանման ապրանքները հանդիսանում են դեղամիջոցներ եւ գրանցված չեն ՀՀ դեղերի գրանցամատյանում: Կազմված համապատասխան արձանագրությունները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները՝ կից նյութերով, ուղարկվել են ՊԵԿ ՀՕՀՎ հետաքննության բաժին հետագա ընթացքն ապահովելու համար:

Տվյալ դեղերի իրական մատակարարների շրջանակը եւ այդ դեղերը հանրապետության տարածքում զարտուղի ճանապարհներով հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Նշենք, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի 408 եւ 416 հոդվածների պահանջների խախտումներ, այն է՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու, ՀԴՄ սարք չունենալու, ինչպես նաեւ առանց համապատասխան լիցենզիայի, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման դեպքեր: Ի դեպ, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են հանրապետությունում դեղերի վաճառքի, ՀՀ սուբյեկտների կողմից իրականացվող առեւտրային գործարքների օրինականության վերահսկողություն եւ մշտադիտարկումներ: Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ նմանատիպ գործունեություն իրականացնելուց հետագա վարչական եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Ն. Հ.

 

 

 

ԱԼՅՈՒՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հունիսը՝ 2021թ. հունիսի նկատմամբ) կազմել է 10.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2022թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.0% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ): 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 17.1% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.2% գնանկում:

Վիճակագրության համաձայն՝ 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, ալյուրի գներն աճել են 17.7%-ով, հացինը՝ 20.0%-ով, մակարոնեղենինը՝ 29.9%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 5.2% եւ 1.6%-ով: Գառան, խոզի եւ տավարի մսերի գները 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, աճել են համապատասխանաբար 7.1%, 8.2% եւ 17.8%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.0%, 3.5% եւ 5.6%-ով: 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է պանրի 25.4%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 1.6% գնաճ: Միաժամանակ, 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, ձվի գինը նվազել է 24.0%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.0%-ով:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 6.9% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.6% գնանկում: Լոբու, բրնձի, եւ հնդկացորենի գները 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, աճել են 4.2%, 14.6%, 34.2%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.1%, 0.6% եւ 1.3% գնանկում: 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, կարագի գինն աճել է 4.8%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:

Արեւածաղկի բուսական յուղի գինը 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, նվազել է 3.0%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.8%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 45.8% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 16.9% գնանկում: 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատ, մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.2%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 9.2% գնաճ:

Ն. Հ.

 

 

 

ԵՂԱՆԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արաբական թերակղզու շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 12-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում եւ Երեւանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւան քաղաքում հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԽՍՏԱՑՎԵԼ ԵՆ

Այս տարի եւս հայերի մեծ մասն իր հանգիստը նախընտրում է անցկացնել արտերկրում՝ Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, Վրաստան, այնպիսի վայրեր, որտեղ կա ծովափնյա հանգստի հնարավորություն: Համավարակով պայմանավորված՝ որոշ երկրներ խստացրել էին ելքի ու մուտքի սահմանափակումները, սակայն հիմա իրավիճակ է փոխվել: Դե ինչ, եթե մտադիր եք Կիպրոսում անցկացնել ձեր ամառային հանգիստը, ապա իմացե՛ք, որ հունիսի 1-ից Կիպրոսը հանել է զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները։ Ավելին՝ Կիպրոսի Հանրապետություն ժամանող բոլոր ճանապարհորդները, անկախ նրանց ծագման երկրից, կարող են չներկայացնել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ բացասական թեստ: Իսկ, ահա, հուլիսի 8-ից 12 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները եւ կղզու հյուրերը պարտադիր պետք է դնեն դիմակ հանրային փակ տարածքներում, այդ թվում՝ խանութներում, ռեստորաններում, ակումբներում, հյուրանոցներում, բացառությամբ փողոցային սրճարաններից:

Քովիդ վարակի դրական արդյունք ունեցող անձինք կտեղափոխվեն առանձնացված հաստատություն, եւ նրանց կեցության, սննդի, խմիչքի եւ դեղերի ծախսերը կփոխհատուցվեն Կիպրոսի Հանրապետության կողմից։ Այս անձանցից կգանձվի միայն վերադարձի տեղափոխման եւ թռիչքի ծախսերը՝ համագործակցելով իրենց տուրօպերատորի, ապահովագրական ընկերության եւ ավիաընկերության հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կորոնավիրուսի դրական թեստ ստացած զբոսաշրջիկնեի հետ (այսինքն՝ 2 մետրից պակաս հեռավորության վրա 15 րոպեի ընթացքում) սերտ շփման մեջ գտնվող անձանց համար կարանտինային հյուրանոցներում բացվել են հատուկ սենյակներ։ Դեպի Վրաստան ճանապարհորդող մեր հայրենակիցներին կարող ենք հուշել միայն, որ հունիսի 15-ից վրացական կառավարությունը պաշտոնապես հանել է կորոնավիրուսային սահմանափակումները: Բացի այս, տեղեկացնենք, որ Վրաստան այլ երկրից ժամանող ցանկացած անձ ազատվում է պատվաստման սերտիֆիկատ, ՊՇՌ թեստ ներկայացնելու պարտավորությունից կամ ինքնամեկուսացումից:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ

Ռուսաստանում Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ։ «Ռուսաստանում հաստատվել է Կապիկի ծաղիկի առաջին դեպքը, հիվանդությունը հայտնաբերվել է մի երիտասարդի մոտ, որը վերադարձել է Եվրոպա կատարած ուղեւորությունից եւ դիմել բժշկական հաստատություն բնորոշ ցանով։ Հիվանդից վերցված կենսանյութերն անմիջապես ուղարկվել է հետազոտության։ Համապատասխան թեստեր անցկացնելու եւ կենսանյութի ուսումնասիրությունները հաստատել են Կապիկի վարակը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 




Լրահոս