«ԱՄԵՐԻԿԱՑԻ» ՖԻԼՄԸ՝ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը մեկնարկեց «Էմմիի» մրցանակակիր, ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված Չարլիի մասին։ Ֆիլմի հերոսը փախուստի հետեւանքով հայտնվում է Միացյալ Նահանգներում, նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերում։ Արդեն հասուն տարիքում Չարլին վերադառնում է Հայաստան, որտեղ նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը, ինչի պատճառով նա հայտնվում է ճաղերի հետեւում։

 

«Ամերիկացի» ֆիլմը People of AR production-ի արտադրանքն է, պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Մայքլ Գյուրջյանն է, որը Հայաստան է ժամանել հատուկ ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու։ Գուրջյանը անկեղծորեն խոստովանեց, որ մեծ հուզմունքով է սպասում հանդիսատեսի արձագանքին։ «Արման Նշանյանի հետ մեր համագործակցությունը սկսվել է ընդհանուր ընկերներից մեկի շնորհիվ։ Հայաստան էի եկել 2019-ին ուսումնասիրությունների համար, եւ այդ ժամանակաշրջանից էլ մեզ մոտ ձեւավորվեց հրաշալի համագործակցություն։ Ինձ ոգեւորում է այն տաղանդը, որը կա այստեղ՝ Հայաստանում»,-ասաց նա՝ վերհիշելով նաեւ նկարահանումների շրջանը: «Մեր աշխատանքը համընկավ պանդեմիայի շրջանի հետ, եւ ես ամեն առավոտ դուրս էի գալիս վազելու, մարզվելու: Հիմա կարող եմ ասել, որ շատ լավ եմ ճանաչում քաղաքի կենտրոնը եւ պահում նաեւ առողջ ապրելակերպի այդ սովորությունը»։

Արման Նշանյանն էլ ոգեւորությամբ անդրադարձավ Մայքլ Գուրջյանի հետ աշխատանքին՝ նշելով, որ նկարահանման ողջ գործընթացն անցել է ամենաբարձր մակարդակով. «Երբ Մայքլն ուղարկեց ինձ սցենարը, միանգամից հավանեցի այն, ու հասկացա, որ այն կարեւոր է մեր ազգի համար, քանի որ պատմում է մեր պատմության այն դրվագների մասին, որոնց շատ չենք անդրադառնում. խոսքը 1947 թվի մասին է. Պետք է հասկանաք, որ մեզ երկար ժամանակ են փորձել ջարդել, վերացնել, ճնշել, այդ բոլոր հատվածները պետք է ֆիլմի միջոցով ցույց տալ աշխարհին։ Ֆիլմն այսօր շատ մեծ զենք է, որովհետեւ այն, ինչ տեսնում ենք մեծ էկրանին, ընդունվում է որպես իրականություն։ Մենք պետք է մեր պատմությունը հաղորդենք, որպեսզի ուրիշը դա չվերցնի, իրենով դարձնի, առավել եւս՝ աղավաղի»։ Ֆիլմը նշնակալի է նաեւ դերասանական կազմով. հանդես են գալիս ինչպես հայ, այնպես էլ արտերկրից հրավիրված դերասաններ։ Առանցքային դերերում խաղում են Netflix-ի «Թղթե տունը» հայտնի սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Քեուչքերյանը, թատրոնից ու կինոյից հայտնի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Ժան-Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան եւ այլք:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՓԱՌԱՏՈՆԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Սախայի Հանրապետության մշակույթի եւ հոգեւոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին։

 

Այն նվիված էր Ռուսաստանի եւ աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությանը։ Մասնակցում էին Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների՝ Կալմիկիայի, Ալթայի, Տիվայի, Բուրյաթիայի, Յակուտիայի շուրջ 100 ներկայացուցիչներ։ Փառատոնին Հայաստանը ներկայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված «Քոչարի» պարի եւ «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակմամբ։ Փառատոնին «Քոչարի» պարը ներկայացնելու պատիվը «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլինն էր, որը հանդես է եկել «Քոչարու» 5 տարբերակների ընդհանրացված բեմադրությամբ, իսկ «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացրել է «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր-ղեկավար Կորյուն Դավթյանը:

Յակուտսկի օպերայի եւ բալետի պետական թատրոնում տեղի ունեցած ամփոփիչ համերգը եզրափակվել է «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլի հայկական «Քոչարի» պարի կատարմամբ։ Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. եւ մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է հետեւյալ տարրերը՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը», ««Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները», «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում», «Քոչարի. ավանդական խմբապար», «Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները, «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»:

 

 

ԽԱՂԱՇԱՊԻԿԻ ՀԱՄԱՐԸ՝ 22

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայ կիսապաշտպանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: «Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռեւս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի եւ ֆուտբոլիստի միջեւ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ եւ կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

 

 

 

ԲՐԵՆԴ ԱՄԲԱՍԱԴՈՐ

Ամեն օր չէ, որ iGaming ընկերությունը կարող է հանդես գալ սպորտի մեծանուն կուռքի հետ համագործակցության լուրով։ «Դիջիթեյն»-ի պարագայում այսօր հենց այդ օրն է։ Լուիշ Ֆիգուն՝ համաշխարհային ճանաչում ունեցող պորտուգալացի ֆուտբոլային լեգենդը, պաշտոնապես միանում է «Դիջիթեյն գրուպ»-ին որպես բրենդ ամբասադոր։ Ֆիգուն հայտնի է որպես իր սերնդի ամենափայլուն խաղացողներից մեկը։ Իր լավագույն տարիներին  նա որպես կիսապաշտպան խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Բարսելոնա»-ն, «Ռեալ Մադրիդ»-ը եւ «Ինտեր Միլան»-ը, ունի մրցանակների մի ամբողջ բազմություն՝ Լա Լիգայի չորս տիտղոս, Սերիա A-ի չորս տիտղոս, մեկ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ եւ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի տիտղոս, ինչպես նաեւ հանրահայտ Ոսկե գնդակ 2000, ՖԻՖԱ տարվա լավագույն խաղացող 2001։ Այս ամենը խոսում է Ֆիգուի չափազանց հաջողված եւ վառ կարիերայի մասին։ Լուիշ Ֆիգուն հայտնեց իր անկեղծ ուրախությունը «Դիջիթեյն»-ի բրենդ ամբասադորի դերը ստանձնելու եւ այս հեռանկարային միության կապակցությամբ: Շնորհավորում ենք բոլորին։ Սա բեկումնային պահ է «Դիջիթեյն»-ի պատմության մեջ, որը մենք բոլորս հիշելու ենք ու վայելելու հպարտությամբ։ Իսկ այս խելահեղ համագործակցությունը անկասկած նոր բարձունքներ կբերի Դիջիթեյնին։

 

 

 

ՀԱՅՏԱՎՈՐՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐ

ԱՄՆ-ի Օրեգոն  նահանգի Յուրջին քաղաքում  հուլիսի 15-24-ը  տեղի կունենա աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Հայտավորված  են 192 երկրների 1900 մարզիկներ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հայաստանից հանդես կգա առաջատար վազորդ, գյումրեցի  Երվանդ Մկրտչյանը: Նա պայքարի կելնի  1500 մետր մրցատարածությունում: ՀՀ բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը  նաեւ Բալկանյան խաղերի եւ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է: Աթլետը  մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է:

 




Լրահոս