Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանի հայրը դիմել է Թագուհի Թովմասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե որևէ իրական ժողովրդավարական երկրում վարչապետին տեղափոխող ավտոշարասյունը վրաերթի ենթարկեր քաղաքացուն և անօգնական թողնելով՝ հեռանար, առաջին հերթին պատասխանատվության կենթարկվեր հենց վարչապետը: Իսկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պաշտոնավարում է, այլ հենց վթարի հեղինակ վարորդը գտնվում է ազատության մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Օրեր առաջ ինձ է դիմել ՀՀ քաղաքացի Մնացական Մնացականյանը՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը։

Քաղաքացին նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ունենալով տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ, տեսնում է, որ իրականացվում է կանխակալ նախաքննություն, իր դստեր և թոռան մահվան պատճառ հանդիսացած վարորդը մինչ օրս գտնվում է ազատության մեջ: Ըստ դիմումատուի՝ մեղավոր այլ անձանց չեն տրվել պատշաճ քրեաիրավական գնահատականներ, անհարկի ձգձգվում է գործի քննությունը, որով ամեն ինչ արվում է այդ անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Դիմողի համոզմամբ իրավապահ մարմինների և դատարանների այսպիսի անօրինական վարքագիծն ակնհայտորեն պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, այդ թվում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով։

Ըստ իրավահաջորդի փաստաբանի՝ գործի նախաքննության ընթացքը ձգձգվում է, խաթարվում է գործի օբյեկտիվ ընթացքը, նշանակվել է իրավական հարցերով լրացուցիչ փորձաքննություն այն պարագայում, երբ արդեն իսկ տեղի է ունեցել առաջնային հարցերով փորձաքննություն, ինչը անտեղի է, և այս անհարկի ձգձգումները կարող են հանգեցնել գործի անբարենպաստ ելքի։

Մ․Մնացականյանի բարձրացրած հարցերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որի կապակցությամբ տեղեկացա, որ գրությունս հասցեագրվել է Երևան քաղաքի դատախազություն։

Բարձրացված հարցերը հիրավի խիստ մտահոգիչ են, ուստի որոշեցի դիմել նաև միջազգային գործընկերներիս՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով ողբերգական այս միջադեպի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հոր կողմից ներկայացված մտահոգությունների վրա՝ հաշվի առնելով նաև, որ Մ․ Մնացականյանը ցանկանում է, որ ես միջազգային օղակներին ևս հասցնեմ իր կողմից ներկայացված մտահոգությունները:

Երեկ այս թեմայի վրա հրավիրեցի նաև Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Քեթրին Գյորինգ Էքարդի ուշադրությունը. դեպքի առիթով Բունդեսթագի 5 պատգամավորներ արդեն նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Կարևոր եմ համարում նշել, որ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ երաշխավորված է արդար դատաքննության իրավունքը. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային լսումների իրավունք:

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` հետևողական եմ լինելու այս ողբերգական դեպքի քննության ընթացքին և կոչ եմ անում պատկան մարմիններին իրականացնել գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ քրեադատավարական կանոնների խիստ պահպանմամբ, որի արդյունքում ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլև իրենց պատասխանները կստանան մարդկանց մոտ առկա՝ գործին հնարավոր ազդեցությունների ենթատեքստին վերաբերող բոլոր հարցերը:
Իսկ արարողակարգային պահանջներին հղումներով հղի կնոջը օգնելու պարտավորվածության բացակայության մասին մեջբերումներ անողներին ստիպված եմ հիշեցնել, որ Սահմանադրությունն է ամրագրել, որ մարդը բարձրագույն արժեք է։

Հ․Գ․ Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:




Լրահոս