ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 49

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ուղերձով հանդես գալով, նշում էր, թե 44 օրվա ընթացքում ինքը մեկ անգամ է միանձնյա որոշում կայացրել, ինչի շնորհիվ պաշտպանական յոթերորդ շրջանն իր տեղում է։ Խոսքը, նշենք, «Եղնիկների» մասին է։

«Ինչ-որ թեզ են շրջանառում, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետեւանքներ է ունեցել, բայց տասնհինգ օր է՝ էդ որոշումը փնտրում, չենք գտնում, որովհետեւ չկա այդպիսի որոշում։ Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա. վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յոթերորդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էինք 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել։ Լավ է՝ գոնե հիմա խոստովանում են՝ պատերազմը հաջող ավարտելու շանս կար»,-  ասում էր Փաշինյանը։

Ուղիղ տասն օր անց՝ 2020-ի դեկտեմբերի 16-ին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին մոռանալով օրեր առաջ արած իր հայտարարությունները, լիովին հակառակ պնդումն էր անում, թե ինքը երբեւէ որեւէ մարտական գործողության հրահանգ չի տվել:

«Եվ, իմիջիայլոց, շատ կարեւոր դրվագ, որը կապ ունի Ձեր նախորդ հարցերից մեկի հետ: Եղել է դեպք, երբ կոնկրետ իրադրությունը լուծելու շուրջ եղել է խորհրդակցություն զինվորականների մասնակցությամբ, եւ կարծիքներ լսելով՝ եկել ենք եզրահանգման, որ պետք է այսպիսի գործողություն իրականացնել: Եվ այդ գործողությունն է, որը ճակատագրական նշանակություն պետք է ունենար, բայց այդ գործողությունը հաջողության չի հասել առանցքային ստորաբաժանումներից մեկի կողմից առաջադրանքի կատարման ուղղությամբ գործողություններ չանելու պատճառով: Հիմա պատճառաբանվում է, որ հրամանատարը վիրավորվել է, հետո վարկածներ կան, որ իրականում ոչ թե վիրավորվել է, այլ ինքն իրեն է վիրավորել: Այս հանգամանքները պետք է պարզվեն, բայց որ ես ասեմ՝ այ, գնացե՛ք, այս ինչ գործողությունն այս ինչ ձեւով… Ես քաղաքական խնդիր եմ ձեւակերպել, բայց ես ռազմական գործողությունների մանրամասներին, բնականաբար, չեմ միջամտել՝ նաեւ դրա լիազորությունը չունենալու բերումով, նաեւ պատեհ չհամարելով»,- մանրամասնում էր նա:

Ի՞նչ է ստացվում. երկրի առաջին  դեմքը բացառապես տասն օրվա տարբերությամբ բոլորովին իրարամերժ պնդումներ է ներկայացնում՝ հերթական անգամ ապացուցելով, որ խաբել ու մոլորեցրել է հասարակությանը։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի: ՔՊ-ն ընդամենը նրանց վախեցնելու համար է ինչ-որ քայլեր անում՝ լավ իմանալով, որ չի կարողանալու բոլորին զրկել մանդատներից: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի խորհուրդն այսօր կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է:  Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը, իհարկե, Սահմանադրական դատարանինն է, նախաձեռնությունը՝ ՔՊ-ինը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդյունքում պատգամավորներն այդպես էլ մանդատից չեն զրկվի: Գործընթացի արդյունքը կլինի այն, որ կա՛մ դիմումը այդպես էլ քննարկման արդյունքում ինչ-ինչ պատճառներով Սահմանադրական դատարան չի ուղարկվի, կա՛մ էլ ուղարկվելուց հետո դատարանն է մերժելու դիմումը: Հիշեցնենք, որ 33 պատգամավորին մանդատից զրկելու մասին է խոսք գնում, իսկ 4 պատգամավորների անունները բացակայում են: Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը  թեեւ ունեն բացականեր, սակայն նրանց բացակաները այս ամիսների ընթացքում հարգելի են համարվել: Թագուհի Թովմասյանը ողջ բոյկոտի ընթացքում ակտիվ աշխատել է ու աշխատեցրել խորհրդարանական Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Մարտուն Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը նոր են մանդատ վերցրել, հետեւաբար բացակա չունեն:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ  համակարգում դեռ խառնաշփոթ է, որը պայմանավորված է նոր գլխավոր  դատախազի նշանակման մասով։ Մասնավորապես, համեմատություններ են արվում առ այն, որ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգից է եղել, եւ  տարբեր հարցերով կարողացել են նրա հետ զրուցել եւ ընդհանուր հայտարարի գալ շատ հարցերում, իսկ, ահա, Աննա Վարդապետյանը  համակարգից  չէ, ուստի  գլխավոր  դատախազի  հետ կապը կտրվում  է, եւ դատախազների համար առավել բարդ շրջան  է  սկսվում։ Չի բացառվում, որ շատ դատախազներ  լքեն  համակարգը։ Գլխավոր դատախազի տեղակալների մասով արդեն գրել էինք, որ նրանք կհեռանան: Նշենք, որ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին, սակայն մինչեւ այդ արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, կադրերի փնտրտուք է, շատերը հրաժարվում են աշխատել նրա հետ, եւ շուտով ազատման դիմումների շարք կլինի:

 

 

 

Շինարարության ծավալները 11.4 տոկոսով աճել են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում ընթացիկ գներով ավելի քան 112 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ Այս տարվա հունվար-մայիսին օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը 4.2 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել. անկումը կազմել է 39.9 տոկոս: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալները պակասել են 0.2 տոկոսով։ Այս տարվա 5 ամիսներին Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 25.5 մլրդ դրամի շինարարություն։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 23.5%-ն էլ բնակչությունն է ապահովել։ Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 26.3 մլրդ դրամ՝ պակասելով 4.7%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը ապահովվել է մարդասիրական օգնության եւ համայնքների միջոցներով։

 




Լրահոս