«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն այն համոզմանն է, որ այս պահին էլ ոստիկանությունը քաղաքական իշխանության ենթակա մարմին է։ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ հուսով է՝ ոստիկանական բարեփոխումներն իսկապես արդյունք կտան։

 

-Պարո՛ն Իոաննիսյան, իշխանությունը, պետությունը հանձն են առել Ներքին գործերի նախարարություն ստեղծելու գործընթացը. խոսակցությունը վաղուց կար: Ինչպե՞ս եք  տրամադրված, եւ արդյոք իշխանությունը բավարար կամք կունենա՞ ստեղծելու այս նոր կառույցը:

-Ըստ էության, մենք  այս պահին հիմք չունենք կասկածի տակ դնելու այն, որ իշխանությունը  այդ ուղղությամբ շարժվում է  եւ կամք ունի ի վերջո  ստեղծելու Ներքին գործերի նախարարություն: Ընդգծեմ, որ  ստեղծելու են  Ներքին գործերի նախարարություն  եւ ոչ թե ոստիկանությունն են դարձնելու Ներքին գործերի նախարարություն: Նախկինում, օրինակ՝ իննսունականներին, երկուհազարականների սկզբին հենց այդպես էր, Ներքին գործերի նախարարությունը դառնում էր ոստիկանություն.  դա սխալ մոտեցում էր: Պետք է լինի   ոստիկանությանը  սպայական ուսադիրներ կրող  հրամանատարական ուղղահայացով, այսինքն՝ ոստիկաններին հրամաններ արձակողները լինեն սպաներ, գեներալներ, բայց  ոստիկանության ոլորտի քաղաքականություն մշակողը  լինի քաղաքական պատասխանատու  եւ քաղաքական պատասխանատվություն  կրի նաեւ տապալումների համար: Չի կարող ուսադիրներով մարդը քաղաքական պատասխանատվություն կրել. այդպես չի լինում:  Եթե ուսադիրներով մարդուն  մենք բերում ենք քաղաքական պատասխանատվության դաշտ, մենք իրեն քաղաքականացնում ենք, ինչը սխալ է:

-Այսինքն՝ ենթադրելի է, որ ստեղծվելիք նոր կառույցի ղեկավարը կլինի քաղաքական մարդ,  ինչպես պաշտպանության նախարարի դեպքում է:

-Ենթադրում եմ, որ դա լինելու է  քաղաքական մարդ, այսինքն՝  պարտադիր չէ, որ ինքը լինի քաղաքական գործիչ, ինքը  քաղաքական պատասխանատվություն է կրում, ինքը կառավարության անդամ է, ինքը ուսադիրներ չի կրում , եւ  պարտադիր չէ, որ երբեւիցե ուսադիրներ ունեցած լինի: Ինքը կրում է քաղաքական պատասխան, ինքը մշակում է  քաղաքականությունը,  ինքը ստեղծում է անհրաժեշտ պայմանները,  որպեսզի ոստիկանությունը կարողանա  աշխատել: Ինքը կրում է պատասխանատվություն ոտիկանությունում աշխատելու համար բնականաբար. եթե ոստիկանությունը լավ աշխատեց, ինքը ստանում է որոշակի քաղաքական  դիվիդենտներ, եթե վատ է աշխատում,  ինքը կորցնում է քաղաքական դիվիդենտներ, այսինքն՝ կրում է քաղաքական պատասխանատվություն այդպիսով:  Ոստիկանության հրամանատարական ուղղահայացի ներկայացուղիչները, այդ թվում՝ ոստիկանության պետը,  քաղաքական պատասխանատվություն չեն կրում, եթե իրենք  սխալ բան արեցին, այո, կարող են ծառայողական քրեական  պատասխանատվություն կրել, բայց  քաղաքական պատասխանատվություն  նրանք չեն կարող կրել:

-Ո՞րն է երաշխիքը, որ այս նոր նախարարությունը  չի դառնա  օրվա իշխանության կցորդը, տվյալ կառավարող ուժի հրամանները  կատարողը կամ դրա գիծը  շարունակողը:

-Ըստ էության, մենք էս պահին ունենք ոստիկանություն, որի տրամաբանությունը հենց  քաղաքական իշխանության  ենթակա լինելն է, ընդ որում՝ միշտ է եղել, որ  ոստիկանությունը դեռեւս սովետի  ժամանակներից ենթարկվում է  քաղաքական իշխանությանը: Վատագույն բանը՝ կարող է ոչինչ չփոխվել, կամ եթե փոխելու չլինեին, երեւի այս ամեն ինչը  չէին անի: Ամեն դեպքում, եթե փոխվի մի քիչ, դա  գնալու է դեպի դրական,  բայց մենք հույս ունենք,  որ դա չի լինի մի քիչ: Մենք հույս ունենք, որ սա կլինի որակապես  պրինցիպիալ փոփոխություն, որը իր հետեւից  կբերի  այլ մոտեցումներ: Շատ կարեւոր է, օրինակ, քաղաքացին, որ պայմանական տուգանվում է, կամ փողոցում խախտում կատարեց,  տուգանվում է, ինքը  իմանա, որ ով էլ լիներ, ինքը կտուգանվեր: Ինքը տուգանվում է, որովհետեւ  ինքը խախտում կատարող է: Մեկ օրում այս ամենը չես կարող  փոխել, իհարկե, բայց շատ կարեւոր է, որ այս փոփոխությամբ մենք  շարժվենք այդ ուղղությամբ եւ ունենանք  այդպիսի ոստիկանություն:

-2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր առաջադրվել  որպես վարչապետի թեկնածու, այս ամբիոնից  հայտարարում էր, որ թե՛ Ազգային անվտանգության ծառայությունը եւ թե՛ ոստիկանությունը  պետք է դառնան նախարարություններ: Կարճ ժամանակ անց  նա իր այդ հայտարարությունը խմբագրեց, ասաց՝ այլ կառույց պետք է ստեղծվի:  Ի՞նչ է, նա  լավ չէ՞ր պատկերացնում, որ երկու կառույցներն էլ չեն կարող առանձին նախարարություններ դառնալ:

-Ոստիկանության մասով ինչ-որ առումով լավ է ուշ, քան երբեք, բայց այստեղ նորից եմ ասում՝ ինքը ելույթում ասել էր՝ պետք է դառնա Ներքին գործերի նախարարություն,  եթե ես ճիշտ եմ հիշում, բայց  նա ասում է ոչ թե դառնա, այլ մտնի նախարարության մեջ: Այսինքն՝ ոստիկանությունը մնա ոստիկանություն, բայց մտնի նախարարության  մեջ, ոչ թե դառնա: «Դառնա»-ն խնդրահարույց է, ենթադրում է, որ  ոստիկանապետը ինքը  հա՛մ հրամանատար է, հա՛մ  քաղաքական  պատասխանատու: Դա իսկապես խնդրահարույց է, բայց մեծ հաշվով ոստիկանության  եւ Ներքին գործերի նախարարության  ստեղծման մասով  կարող ենք արձանագրել, որ ուշացումով,  բայց Նիկոլ Փաշինյանը խոստումը կատարում  է: Ազգային անվտանգության ծառայության մասով,  ինչպես տեսնում եք, պրոգրես չկա:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. ««Դատապարտում ենք իրավապահ պաշտոնյաների կողմից ուժի չափից ավելի գործադրումը, ողջունում հետաքննություններ սկսելու վերաբերյալ հաղորդումները». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանում է իմ հրատապ նամակին:

 

Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, hունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ հրատապ դիմել էի միջազգային գործընկերներիս, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։

Ներկայացրել էի մասնագետների ահազանգերն առ այն, որ օգտագործված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը սպառվել է, եւ, մասնագետների վկայությունների համաձայն, ժամկետանց զինամթերքը պատճառ է դարձել, որ ցուցարարներն ու ոստիկաններն ավելի ուժեղ վնասվածքներ ստանան։ Գործընկերներիս հայտնել էի բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրների պնդումները, որ ոստիկանությունը նախապես չի տեղեկացրել ցուցարարներին հատուկ միջոցների կիրառման մասին։

Խնդրել էի բարձրացված հրատապ խնդիրները պահել հատուկ ուշադրության կենտրոնում, հրապարակային մեկնաբանություններ անել բողոքի ձայն բարձրացնող ցուցարարների նկատմամբ ոստիկանության անթույլատրելի օպերացիաների վերաբերյալ, քանզի հրապարակային խոսքը կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ։

Հերթական պատասխանն եմ ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից։ Վերջինս հայտնում է հետեւյալը. «ԱՄՆ-ն արտահայտվելու ազատության եւ խաղաղ բողոքի իրավունքի հավատարիմ աջակից է։ Միաժամանակ մենք դատապարտում ենք սադրիչ գործողություններն ու սպառնալիքները իրավապահ պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաեւ վերջիններիս կողմից չափից ավելի ուժի գործադրումը։ Մենք ողջունում ենք այն հաղորդումները, որ իշխանությունը հետաքննություններ է սկսել չափից ավելի ուժի գործադրման որոշ դեպքերի մասով։ Կարեւոր է, որ նման հետաքննությունները շարունակվեն, եւ չարաշահումների պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն»։

Ինձ մնում է հույս հայտնել, որ սկսված հետաքննությունները ձեւական բնույթ չեն կրի, եւ իսկապես ապօրինություն գործած, բռնի ուժ կիրառած իրավապահները կպատժվեն: Հակառակ դեպքում կստացվի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միջազգային հանրության աչքերը փակելու համար ողջունում է քրեական գործերի հարուցումը, արդյունքում վիճակագրություն է ապահովվում, բայց շոշափելի արդյունքի ականատես չենք լինում։ Իր հերթին՝ ձեւական պատիժը իմաստազուրկ է»։

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Է ԽՆԴՐՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կառավարությունից ավտոմեքենա է խնդրում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը անհրաժեշտ է առնվազն մեկ միավոր ավտոմեքենա, օրինակ՝ UAZ PATRIOT Pickup կամ նմանատիպ այլ որեւէ մեքենա: Այսինքն՝ նախարարությանը սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը 5-ից կդառնա 6: Պարզվում է՝ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն օգտագործում են իրենց անձնական մեքենաները, եւ ճանապարհների անհասանելիության կամ վթարային վիճակում գտնվելու պատճառով վնասվում է նրանց անձնական գույքը, իսկ որոշ դժվարամատչելի հուշարձաններ ուղղակի հնարավոր չէ հասնել «սեդան» տեսակի մեքենաներով։ Իսկ ներկայումս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատվիրակությամբ իրականացվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման կամ տարածքի բարեկարգման 6 եւ նախագծանախաշվային փաստաթղթերի կազմման 7 փաթեթների ընթացիկ աշխատանքներ, որոնք տարբեր մարզերում են՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Կոտայք։

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է

Թուրքիան Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացների հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական իր աղբյուրին: «Եթե խոսքը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, տրամաբանական կլինի, որ բանակցություններն ընթանան առանց երրորդ երկրների մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երեւանում, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Աղբյուրի խոսքով՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի կողմից ճնշումն է. «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում, բայց մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- ասել է նա։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները եւս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

 

 

 




Լրահոս