ԱՐՁԱԳԱՆՔ՝ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի օրակարգային թեման։

 

«Մեր տասնյակ հնագույն հիմնադրամները, որոնք գործում են որպես Թուրքիայի Հանրապետության հաստատություններ, եւ նրանց կից մեր բոլոր հաստատությունները եւ ընկերությունները գնահատանքով եւ հույսով են հետեւում պարոն Էրդողանի եւ պարոն Փաշինյանի կողմից ցուցադրվող օրինակելի առաջնորդությանը։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձեւավորել, իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձեւավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը… Միջազգային ասպարեզում շատ կարեւոր դերակատար Թուրքիայի՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ նշվել է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի եւ  ՀՀ-ի միջեւ կարող է խորհրդանշական կամուրջ համարվել։

«Մեր համայնքը, որը խորհրդանշում է երկու հին ժողովուրդների համատեղ ապրելու ավանդույթի շարունակականությունը, իր հաստատությունների ցանցով ջերմորեն աջակցում է կարգավորման գործընթացին։ Ինչպես մի ժողովի ընթացքում ասել է Թուրքիայի հայերի ամենապատիվ պատրիարք Սահակ արք. Մաշալյանը, Թուրքիա-Հայաստան կարգավորումը կարող է փոխել մեր համայնքի ճակատագիրը։ Մեր համայնքը, որն անցած 30 տարվա ընթացքում այս հույսը փորձել է միշտ վառ պահել, այսօր պարոն Էրդողանի եւ պարոն Փաշինյանի առաջնորդած քայլերի շարունակության առումով կոչ է անում երկու երկրների բոլոր հատվածներին պատասխանատվությամբ եւ ապագայի տեսլականով գործել։ Մենք էլ մեր կառավարչական փորձով պատրաստ ենք այս պատմական շրջափուլում մեր բոլոր հնարավորությունները մոբիլիզացնել»։

Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը, Հայկական հիմնադրամների միության սույն հայտարարությունից բացի, ներկայացրել է միության ղեկավարի եւ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի անդրադարձը թեմային։ Նա նշել է, որ հեռախոսազրույցը հայ համայնքում մեծ գոհունակությամբ եւ ուրախությամբ է ընդունվել։

Շիրինօղլուի խոսքով՝ երկու երկրների միջեւ առկա կարգավորման գործընթացն անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքները հաղթահարելու եւ համատեղ ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ձեւավորելու տեսանկյունից շատ կարեւոր է։ Նաեւ նշել է, որ Թուրքիան, որը տարածաշրջանի առաջատար երկիրն է, իր կատարելիք քայլերով կարող է փոխել Հարավային Կովկասի ճակատագիրը եւ դուռ բացել միջազգային հավասարակշռումների վերափոխման համար։ Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է իր նպաստը բերել այս պատմական շրջափուլում՝ շարժվելով իրեն բաժին ընկնող պատասխանատվության գիտակցումով։

ԱՄՆ պետքարտուղարությունն իր  հերթին աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը եւ հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարեւոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին՝ իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

«ԱՐԱ» ԴԻՄԵԼԱՁԵՒԻ ՀԱՄԱՐ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Սարգիս Լալայանի կողմից իրեն տեղին արված դիտողությունը ցավագին ընդունելով, ինչպես նաեւ «արա» դիմելաձեւի աննշան առիթով, իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից մղված, խուլիգանական դրդումներով, Ս. Լալայանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով եւ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի, 7-րդ կողոսկրի, թոքի վնասման ձեւով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, ինչպես նաեւ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ենթամաշկային արյունահավաքի ձեւով եւ առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքի ձեւով մարմնական վնասվածքներ:

 

 

 

ԿԱՇԱՌՔԻ ԴԻՄԱՑ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց: Տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին։ Վերջինս տեղեկացրել է, որ 150-250 հազար դրամ կաշառք տալու եղանակով կարող է աջակցել առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալուն: Նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ, եւ որոշում է կայացվել ոստիկանության ծառայողին ներգրավել որպես մեղադրյալ։

 

 

 

ԱՐԳԵԼԱՆՔԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

Վերացվել է Չինաստանից կենդանի թռչնի, թռչնամթերքի եւ մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելանքը: Այս մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով՝ ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծման արգելանքը։

 

 

 

ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ

Ազգային ժողովի խորհուրդը այսօր կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է: 33 պատգամավոր հայտնվել են մանդատը կորցնելու վտանգի առաջ։ Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է: Այս ցանկում բացակայում է չորս պատգամավոր՝ Իշխան Զաքարյան, Թագուհի Թովմասյան, Մարտուն Գրիգորյան, եւ Արգիշտի Գեւորգյան: Այն, որ այս չորս պատգամավորների անուններն է բացակայում, նշանակում է՝ կա՛մ նրանք չեն բացակայել, կա՛մ էլ այս ամիսների բացակայությունը համարվել է հարգելի՝ ԱԺ նախագահին ուղարկված գրությունների հիման վրա:

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Ինչպես հայտնի է, օրերս ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը պարեկների հետ հայտնվել էր միջադեպի կիզակետում: Պարեկները պնդում են, որ նա հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել, մինչդեռ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են: Ինչեւէ, միջադեպ արձանագրվել է, պարեկների կողմից նա ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել, քանի որ հսկող դատախազը համարել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել։

Ի դեպ, տեղեկություններ էին տարածվել, որ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր վարած մեքենան պարեկները կանգնեցրել են այն պատճառով, որ այն վարել է հարբած վիճակում։ Այսպիսով, միջադեպի մասով քրեական վարույթ է նախաձեռնված, եւ Քննչական կոմիտեն դատախազին եւ պարեկներին հարցաքննության է հրավիրել եւ հարցաքննել: Ավելին՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում դատախազ Էդգար Պետրոսյանն ու պարեկները կառերեսվեն:

 




Լրահոս