Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:
Նշենք, որ այս օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և բացթողումներ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց:
Այսպիսով, նախագծով առաջարկվում է օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
Սահմանվել են «ռադիոհաճախականություն», «պաշտոնական հաղորդագրություն», «ապակոդավորման միջոց» հասկացությունները, վերանայվել և խմբագրվել են «Ցանցային օպերատոր», «Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր» և «էթիկայի կանոնագիր» հասկացությունները:
Հստակեցվել է տեսալսողական հաղորդումներում արգելված կոչեր տարածելու պահանջը:
Վերանայվել է հեղինակային իրավունքի պաշտպանության համար դիմում ներկայացնելու, ինչպես նաև Հեռարձակողների և օպերատորների կողմից Կարգավորող պետական մարմնին ներկայացվող հասույթի չափի մասին տեղեկատվության պայմանները:
Խմբագրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների նշանակման կարգը, Խորհրդի անդամների նշանակման և վճարովի աշխատանքից ազատվելու պայմանի նպատակով հստակեցվել է գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի սահմանումը:
Խմբագրվել է հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորներին տարածման իրավունքով անվճար տրամադրման պայմանը:
Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի և ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման դիմումի ներկայացմանը:
Վերանայվել է ցանցային օպերատորի կողմից իր ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի կամ դրանց փոփոխության մասին տեղեկատվությունը Կարգավորող պետական մարմնին ներկայացնելու պահանջը:
Վերանայվել է լիցենզավորման վավերապայմանները,
Վերանայվել է տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությանը ներկայացվող պահանջները,
Վերանայվել է հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանը:
Իրականացվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի փոփոխություններ և լրացումներ:
Ն.Հ.