2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
ԿԸՀ-ից հայտնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն
– Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում.
– Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում.
– Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքերում.
– Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում.
– Շիրակի մարզի Անի համայնքում.
– Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում.
– Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում.
– Տավուշի մարզի Բերդ համայնքում:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 21-ը՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը:
Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցերը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am: