ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022թ. հուլիսի 21-ին, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նշված օրը ծառայություն իրականացնելիս Հ.Հակոբյան փողոցում՝ ժամը 17:30-ի սահմաններում, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ:
Պարեկները, օրենքով սահմանված կարգով հիշյալ ավտոմեքենան կանգնեցնելուց հետո, վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը և ստուգել վերջինիս սթափության աստիճանը, ինչի արդյունքում պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Ոստիկանության ծառայողները վարորդին տեղեկացրել են, որ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար պատրաստվում են համապատասխան ակտ կազմել:
Սակայն վարորդը, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, սկսել է հայհոյել ոստիկաններին, սպառնալ, որի ընթացքում գլխով հարվածել է ոստիկաններից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ոստիկանության Արաբկիրի բաժին բերելու ճանապարհին ոտքով հարվածել ու վնասել է պարեկային ավտոմեքենան:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը և նա, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վնասվածք ստացած ոստիկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Վարորդը ձերբակալվել է: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին: Կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննության է ենթարկվել պարեկային ավտոմեքենան, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: