Հուլիսի 19-ին դերասանուհի, երգչուհի Լիլիթ Բադանյանը նշել է ծննդյան 28-ամյակը: Լիլիթը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է տարեդարձի մանրամասների մասին:
Առավոտյան սկսել եմ շատ բարձր տրամադրությամբ, քանի որ վերջին «Մենախոսություն» տեսահոլովակիս հետ կապված հեռուստաընկերություններից մեկում հյուր էի, հետո նկարահանումների եւ արդեն երեկոյան ընկերներս ինձ համար պատրաստել էին անակնկալ, եւ մենք միասին շատ լավ ժամանակ անցկացրինք: Ի դեպ, նշեմ, որ այս տարի որոշել էի տարեդարձս մեծ չնշել եւ հատուկ խնջույք չկազմակերպել, բայց այնպես ստացվեց, որ ընկերներս թույլ չտվեցին, որ առանց նշելու անցնի ծնունդս»,-ասաց նա:
Լիլիթի խոսքով տարեդարձն իր սպասածից շատ լավ է անցել, լի ընկերների ջերմությամբ ու սիրով. «Այս տարեդարձս իսկապես շատ լավ անցավ, լիքը անակնկալներ եղան, լիքը նվերներ չսպասված մարդկանց կողմից, ինչն ինձ համար իրոք հաճելի էր:Անկեղծ կլինեմ, ես առավել շատ ուրախանում եմ, որ հենց նվեր եմ ստանում, այլ ոչ թե այն լինում է գումարի տեսքով, քանի որ նվերն արդեն անակնկալ է, իսկ գումարն ինձ համար անհետաքրքիր է»:
Դերասանուհու ամենամեծ երազանքն է Հայաստանում եւ առհասարակ աշխարհում տեսնել խաղաղություն:
«Երազում եմ գա մի օր, որ մարդիկ իրար սիրեն առանց պատճառի, եւ այնքան սիրեն, որ պատերազմներն անհնարին լինեն: Այս աշխարհում ես միայն մի բանից եմ վախենում՝ կորցնել ինձ համար ամենաթանկ մարդկանց, զգալ նրանց բացակայությունը, քանի որ մարդկային արժեքից վեր որևէ բան ինձ համար չկա»,- հավելեց Լիլիթ Բադանյանը:
Լիդա Եղիազարյան