Հուլիսի 25-ի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատրյանին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանից:
Ասատրյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի անմիջական միջնորդությամբ է նշանակվել ԲԿ-ի պաշտոնակատար: Երբ Դանիելյանը Կապանի ընտրությունների ժամանակ գլխավորում էր ՔՊ-ի նախընտրական ցուցակը, Ասատրյանն այդ ցուցակի 5-րդ համարն էր:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ իշխանավորներն այժմ էլ Սյունիքի մարզկենտրոնի բժշկական կենտրոնի պաշտոնակատար նշանակելու համար են ներքին պայքար մղում՝ փորձելով մեկը մյուսին ապացուցել, որ հենց իր խոսքն է անցնելու: Այժմ, փաստորեն, Դանիելյանի խոսքն է անցել: ArmLur.am-ը կապ հաստատեց Դանիելյանի հետ՝ նշանակման մասին նաև նրա տեսակետը լսելու համար:
«Կապանում, այսպես ասած, ձեր թեկնածուն, ձեր մտերիմն է նշանակվել ԲԿ-ի պաշտոնակատար, ինչպե՞ս կմեկնաբանեք»,- հարցրեցինք: «Մեր թիմում իմ ու քո թեկնածու չկա: Շատ ուրախ եմ Ասատուրի նշանակման համար: Նա իսկապես իրա գործում լուրջ մասնագետ է»,- նշեց պատգամավորը:
Ս.Վ.