ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 50

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր ասել է մի բան, բայց արել է լրիվ հակառակը: Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ հետ վերադարձ, խնամի-ծանոթ բարեկամ սկզբունքի վերացում, մարտի 1-ի գործի բացահայտում եւ այլն: 2018թ.-ի օգոստոսի 18-ի համապետական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Եվ էլի եմ ասում՝ պատասխանատու եմ, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»: Հեղափոխական իշխանության օրոք առաջադրվեց մեղադրանք Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Սույն գործով անցնում են նաեւ 2008թ. պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, այդ շրջանում պաշտպանության փոխնախարար, Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ այլք: Նրանցից ոչ ոք, սակայն, այս պահին կալանավորված չէ, իսկ Մարտի մեկն էլ չի բացահայտվել: Այսինքն՝ մինչեւ այս պահը հայտնի չեն 10-ը զոհերին սպանողների անունները, այնինչ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո առաջին խոստումներից մեկը հենց «Մարտի 1»-ի բացահայտումն էր: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզկենտրոնում այժմ էլ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու համար են իշխանավորները ներքին պայքար մղում՝ փորձելով մեկը մյուսին ապացուցել, որ հենց իր խոսքն է անցնելու: Այսպես, տեղեկացանք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է շահագրգռված, որ ընկերը՝ Ասատուր Ասատրյանը, ԲԿ-ի տնօրեն դառնա: Նրան հետ այդ հարցում համակարծիք է առողջապահության երբեմնի նախարար, այժմյան պատգամավոր Արսեն Թորոսյանը: Դանիելյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Ասատրյանն իր ընկերն է, բայց ընդգծեց՝ տնօրեն նշանակելու հարցը նախեւառաջ ոլորտից գլուխ հանողների տիրույթում է: «Այո, տեղյակ եմ, որ մեր լավ ընկերոջ՝ Ասատուր Աստրյանի անունն է քննարկվում, եւ ես ողջունում եմ նրա թեկնածությունը: Ուրախ կլինեմ, որ նա նշանակվի, բայց ընտրությունը մրցութային կարգով է, հետեւաբար այստեղ ինտրիգներ փնտրելը տեղին չէ»,- հավելեց նա: «Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեք մարզպետի հետ»,- հարցրինք պատգամավորին: «Նման խնդիր չկա, ու զարմանում եմ, որ նման տեսակի հարցեր են հրապարակ գալիս»,- վստահեցրեց Դանիելյանը: Նույն հարցը փորձեցինք նաեւ Գեղարքունիքի փոքրիկ գյուղի գյուղապետի պաշտոնից թռիչքաձեւ աճով միանգամից Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանին ուղղել ու Կապանի ԲԿ-ի տնօրենի ընտրության մասով նաեւ նրա տեսակետը լսել: Նա, սակայն, որ մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում խոստացել էր արձագանքել մեր զանգերին ու ցանկացած պարագայում մեկնաբանությամբ հանդես գալ, արհամարհեց մեր թե՛ զանգերը, թե՛ հաղորդագրությունները:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եւ ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, ՊՆ նախարարի տեղակալ, եւս ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, բայց նրան դեռես մեկ  տարի առաջ նոր պաշտոն էին տվել: 2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Է. Ասրյանը նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։ Ասրյանի  շուրջ  ուշագրավ  զարգացումները այսքանով չեն սահմանափակվում: 2021 թվականին ԱԺ-ում սահմանային լարվածությունը քննարկելու նախաձեռնություն  էր եղել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից եւ քաղաքական իշխանությունը Ասրյանին էր ուղարկել ԱԺ: Այդ ժամանակ Ասրյանը ԱԺ-ում  ելույթ  էր ունեցել, կոնկրետ  հարցերի կոնկրետ պատասխաններ տվել. ՊՆ-ում  նրան հայտնել են, թե նա ազատված է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, գնա Արցախ, լինի այնտեղի ԳՇ պետ: Արդյունքում մեկ տարի անց նրան կրկին  բերեցին  եւ նշանակեցին ՀՀ ՊՆ ԳՇ պետ, ՀՀ ՊՆ նախարարի առաջին տեղակալ:

 

 

 

Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, ընդ որում՝ առանց դատարանի որոշման։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։ Գործող օրենսդրական կարգավորումներով՝ հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկը հարկային մարմնին կարող է տրամադրել միայն դատարանի որոշման հիման վրա։ Համակարգում դժգոհություններ կան, որ ՊԵԿ-ի այս նկրտումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, կարգելակեն ներդրումների հոսքը երկիր, կխորացնեն տնտեսվարողների ու ֆիզիկական անձանց առանց այդ էլ անկայուն վստահությունը պետական կառույցների ու բանկերի նկատմամբ: Այսպես ստացվում է, որ տնտեսվարողը մի օր շատ պատահական կարող է հայտնաբերել, որ իր՝ բանկային գաղտնիք համարվող ու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը ոտնահարվել է: Սա մեծ աղմուկ է առաջացրել գործարարների, իրավաբանների ու մասնագետների միջավայրում, եւ նոր բունտ է հասունանում այդ թեմայով:

 

 

 




Լրահոս