ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԶՐԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անկուսակցական Թագուհի Թովմասյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացին: «Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ խորհուրդը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ թվով 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Թեպետ քվեարկություններից բացակայությունների և՛ քանակը, և՛ դրանց անհարգելի լինելը պետք է հաստատվեն գործի քննության ընթացքում, ամեն դեպքում մտահոգիչ է այն փաստը, որ ԱԺ խորհուրդը քննարկելու է ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ նման որոշում կայացնելու հարցը, որոնք սույն թվականի ապրիլ ամսվա կեսերից մասնակցել են խաղաղ հանրահավաքներին և որպես ընդդիմադիր պատգամավորներ իրականացրել են ընդդիմադիր գործունեություն։

 

  1. Պատգամավորներն իրացրել են ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով հավաքներին մասնակցելու իրենց իրավունքը, որը վերապահված է յուրաքանչյուրին, իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում Ազգային ժողովի պատգամավորների վրա։
  2. Խորհրդարանական բոյկոտը այլակարծության արտահայտման օրինական միջոցներից է` համաձայն Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ 20.03.2021թ. համատեղ կարծիքի, որը տրամադրվել է Վրաստանի Հանրապետությունում ընդդիմադիր պատգամավորների կողմից՝ որոշ օրենսդրական փոփոխությունների գործընթացներին չմասնակցելու կապակցությամբ։ Մասնավորապես նշվել է, որ խորհրդարանական բոյկոտը քաղաքական դիսկուրսում այլակարծություն հայտնելու օրինական միջոց է (թեեւ երկարատեւ եւ ծավալուն բոյկոտները կարող են խոչընդոտել խորհրդարանական ցանկացած բովանդակալից երկխոսությանը եւ կարող են ազդել քաղաքական մասնակցության իրավունքի վրա՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով)։ Ընդունվել է նաեւ այն հայեցակետը, որ «ազատ միավորվելու եւ ազատ արտահայտվելու իրավունքները հիմնարար են ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության համար: Քաղաքական կուսակցությունները, որպես քաղաքական արտահայտման հավաքական գործիքներ, պետք է կարողանան լիարժեք օգտվել նման իրավունքներից։ Կուսակցություններին եւ նրանց անդամներին տրված հիմնարար իրավունքները հիմնականում ամրագրված են Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ եւ 22-րդ հոդվածներում, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ եւ 11-րդ հոդվածներում։»։
  3. Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները չեն կարող դադարեցվել իրենց ընդդիմադիր գործունեության համար։ Ժողովրդավար խորհրդարանում ընդդիմությանը վերաբերող՝ Վենետիկի հանձնաժողովի 2010թ. թիվ CDL-AD(2010)025 զեկույցի 149 կետի համաձայն՝ լավ գործող խորհրդարանական ժողովրդավարությունում պետք է լինի հավասարակշռություն՝ մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ, որը ստեղծում է փոխգործակցություն, ինչի շնորհիվ էլ ապահովում է արդյունավետ, ժողովրդավար եւ լեգիտիմ կառավարում։

Այս կապակցությամբ, գաղտնիք չէ, որ ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններով ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովում չեն ընդունվում։ Նման պայմաններում բացակայում է խորհրդարանում իշխող մեծամասնության եւ ընդդիմադիր փոքրամասնության միջեւ կառուցողական փոխգործակցությունը, ինչով եւ պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորների բոյկոտը։ Բոյկոտող եւ խաղաղ հանրահավաքներին մասնակցող պատգամավորների նկատմամբ նրանց լիազորությունների դադարեցման գործընթաց ձեռնարկելը, նույնիսկ ձեւական հիմքերի առկայության դեպքում, ավելի են լարում քաղաքական վիճակը եւ խարխլում երկրում քաղաքական բազմակարծությունը։ Ըստ էության, հենց այս քայլով է խաթարվում խորհրդարանի բնականոն գործունեությունը, այլ ոչ թե ընդդիմադիր պատգամավորների բոյկոտով։ Ընդդիմադիր պատգամավորների՝ մի քանի նիստերից բացակայելը որեւէ կերպ չի խանգարել գումարված ԱԺ հերթական եւ արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, ինչն ընդգծում է, որ ձեւական առումով ընթացակարգային պարտավորությունները «չկատարելը», չի կարող հանգեցնել լիազորությունների դադարեցման։ Այսպիսով՝ նման քայլը խորհրդարանական մեծամասնության կողմից անհամաչափ ուժի գործարկում է եւ զուրկ է քաղաքական խոհեմությունից։ Սույն հայտարարությամբ հորդորում եմ եւս մեկ անգամ դիտարկել ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը եւ չոտնահարել Հայաստանի Հանրապետությունում առանց այդ էլ խոցելի դարձած ժողովրդավարական արժեքները:

Հ.Գ. վերոգրյալը հաշվի առնելով՝ չեմ մասնակցի այսօր այդ օրակարգով հրավիրված ԱԺ խորհրդի նիստին, չնայած խորհրդի անդամ եմ:

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ ԵՆ ՄԵԿՆԵԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝

  1. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի հուլիսի 18-29-ը ներառյալ:
  2. Վահրամ Դումանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը»,-նշվում է որոշման մեջ:

 

 

 

ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ՝ ՀՀ-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին. տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաեւ առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

 

 

ՌԴ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է

ՌԴ-ն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը անփոփոխ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այն գործարկվել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք այսուհետ եւս բազմակողմ աջակցություն ցուցաբերել։ Հիմնվելով այն փաստին, որ դա բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից»,- նշել է Զախարովան։

 

 

 

ԴԵՂԵՐ Է ԽՄԵԼ

«Ջրաշխարհ» գնալու համաձայնություն չստանալու համար անչափահաս աղջիկը զգալի չափով դեղ է խմել եւ տեղափոխվել հիվանդանոց: ArmLur.am-ի՝ Եղեգնաձորի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ եւ ըստ բնակիչների՝ նա խմել է առողջական խնդիրներ ունեցող իր մորեղբոր համար նախատեսված «Դիազեպան» տեսակի դեղահաբը: Ասել է թե՝ անչափահաս երեխան ինքնասպանության փորձ է կատարել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքով զբաղվում են իրավապահները:

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔ

Երեկ ուշագրավ դեպք է եղել Չարենցավան քաղաքում: ArmLur.am-ի բացառիկ տեղեկություների համաձայն` Մ. Հովսեփյանը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ եղբայրը՝ Ա. Հովսեփյանը, դուրս է եկել իր բնակարանից եւ մինչ օրս չի վերադարձել: Մ. Հովսեփյանը իրավապահներին հայտնել է, որ ավելի ուշ՝ հուլիսի 13-ին ժ.07.05-ին, եղբայրն իր բջջայինին նամակ է ուղարկել, որտեղ գրված է եղել. «Մամային լավ կնայես, Միլուշիս էլ, մնաք բարով, ես էս ամեն ինչին չեմ կարող դիմանալ, իմ ապրելն իմաստ չունի»: Արդյունքում, ոստիկանությունը դեպքին ընթացք է տվել եւ տեղեկություններ են ստացել, որ Ա. Հովսեփյանը «Օպել Աստրա» 37 LF 447 մեքենայով Բագրատաշենի անցակետով հատել է ՀՀ սահմանը։

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Արտաքին գործերի նախարարության գլխավորի քարտուղարի պաշտոնի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որում էլ ամրագրված է այս դրույթը, առաջին ընթերցմամբ ընդունվեց  արտահերթ նիստում. նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր: Նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ԱԳՆ-ի բնականոն աշխատանքն ապահովելու հնարավորությունը, արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովումը: Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության տեսակետը՝ նշելով, որ ԱԳՆ-ն ողջունում է պատգամավորական այդ նախաձեռնությունը: Սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դժգոհեց, որ նախագիծը չի քննարկվել իրենց հանձնաժողովում:

 




Լրահոս