ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում հուշարձանների պահպանության՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակը:

 

Հիմք են հանդիսացել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից, ՀՀ դատախազության ստորաբաժանումներից, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ ԱՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված փաստաթղթերը: Իրականացված ծավալուն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 25.10.2000թ. թիվ 774 եւ 16.07.2001թ. թիվ 645 որոշումներով հաստատված Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առկա է եղել պետական հաշվառման վերցված ԽՍՀՄ, հանրապետական կամ տեղական նշանակության պատմության եւ մշակույթի թվով 19 անշարժ հուշարձան՝ Պուշկին, Արամի, Աբովյան, Թումանյան, Տերյան, Հին Երեւանցու փողոցների տարբեր հասցեներում: Դրանք  ընդգրկված են եղել Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակներում, որոնցից մասնակիորեն պահպանվել է միայն Պուշկին փ. 25 հասցեում գտնվող հուշարձանը, իսկ մնացածը քանդվել են: «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ նշված հուշարձանների մի մասի վերաբերյալ տեղեկություն առկա չէ, իսկ որոշ հուշարձանների վերաբերյալ առկա տեղեկությունը թերի է: Երեւանի քաղաքապետարանից ստացված տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի արխիվային նյութերում առկա են միայն 4 հուշարձանների քանդման թույլտվություններ, իսկ ՀՀ ԱՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ հուշարձանների քանդման վերաբերյալ փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվ չեն հանձնվել:

«Այսինքն, 2000-2010թթ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրսեւորվել է ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման եւ հսկողության իրականացման գործառույթները: Արդյունքում՝ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի եւ կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ամբողջությամբ քանդվել է 18 մշակութային հուշարձան, իսկ 1-ը պահպանվել է մասնակի: Ընդ որում՝ նշված հուշարձանների քանդման, վնասման վերաբերյալ նախապատրաստված նյութեր, հարուցված քրեական գործեր եւս չկան: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք պարունակում են արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս),  ինչպես նաեւ նույն նախկին օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մաս) նախատեսված առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու, հարցը լուծելու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ն. Հ.

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային եւ քննչական գործողություններ՝ Երեւանի Ջրվեժ թաղամասում երկու անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 02:03-ին եւ 04:35-ին, ըստ որոնց՝ Երեւանի 35-ամյա բնակիչը՝ «թիկունքի գոտկային շրջանի որովայնի եւ գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» եւ Երեւանի 40-ամյա բնակիչը՝ «ծոծրակային կտրած-ծակած վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել է, որ հիշյալ անձինք նշված մարմնական վնասվածքները ստացել են Ջրվեժում գտնվող խանութի մոտ՝ վիճաբանության ընթացքում: Պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի՝ 2002թ. ծնված բնակիչ է: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ԴԵՊՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ

Հուլիսի 12-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 50-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է  փող, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ եւ այլն: Հանցագործության մասին տեղեկացվել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ էլ գողությունն արագ բացահայտվեց: Ահազանգից րոպեներ անց Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց եւ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Դավիթաշենի 4-րդ թաղամասի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց նշված դրամապանակը` ողջ պարունակությամբ: Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա երեխայի մարմինը: Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 

ԱՌԵՎԱՆԳՎԱԾԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ

«Մեր համագյուղացին է, տեսել եմ խոսել եմ հետը, ամեն ինչ նորմալ էր, տրամադրությունը՝ լավ, ավել բան չեմ կարող ասել, քանի որ այդ գործով զբաղվում են իրավապահները»: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հուսիկ Սահակյանը: Նշենք, որ մամուլում լուր է հրապարակվել այն մասին, թե շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին, ապա մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո վերադարձրել են։

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԻ

Հուլիսի 14-ին՝ ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրավապահները դեպքի վայրում են, քննություն են իրականացնում: Առայժմ հայտնի չէ՝ միջանձնայի՞ն, թե՞ հակառակորդի կրակոցից է դեպքը եղել:

 

 

 

ՎԵՐՑՐԵԼ ԵՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Փափազյանը. «Ցավով եմ տեղեկացնում, որ երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում համարվում է անցանկալի անձ»: Նա նշել է, որ ոստիկանությունը հորդորել է իրեն վերադառնալ օդանավակայան, որի աշխատակիցները վերցրել են իր անձնագիրը: «Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է եւ հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության եւ Հայ Դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելը ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքն իր ստանձնած պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է իրեն զգում, երբ ոստիկաններից պահանջում է Հայ Դատի գործչի վտարել, բայց պատկեացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Ալիեւի եւ Էրդողանի առաջ»,- գրել է Փափազյանը: Վերջինս իր գրառումը եզրափակել է՝ «Հայաստանի բնակիչները պետք է ուշ թե շուտ համոզվեն, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարությունից, որն ամեն ինչ անում է՝ թուլացնելու Հայաստանը: Սփյուռքը նույնպես կհասկանա: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ Կանգ ա՛ռ»:

 




Լրահոս