ՍՊԱՌՄԱՆ ՄԵԾ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՆԿԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

«Մենք երկար ժամանակահատված իրականացրել ենք ցածր գնաճային քաղաքականություն, որի հիմնական նպատակը եղել է ցածր գնաճային սպասումների զարգացումը»: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին ԱԺ-ում գնաճի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

 

Նրա խոսքով, 2020-ի վերջից տեղի է ունենում համաշխարհային գների բարձրացում՝ պայմանավորված համավարակով. «Երկրորդ դրվագը, որ տեսնում ենք, որ գները կտրուկ բարձրանում են, արդեն ռուս-ուկրաինական հակամարտության տիրույթում է:

2021-ին գրեթե բոլոր երկրներում տեղի է ունեցել բարձր թվերով տնտեսական աճ, որը նպաստում է ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին: Միաժամանակ տեսնում ենք, որ կոնտեյներային փոխադրումների գները, որոնք կարող ենք օգտագործել պրոքսի առաջարկի գործոնների  համար, էական, շեշտակի աճում են: Եթե 2019-ին ինդեքսը վերցնենք 100, բեռնափոխադրումների ինդեքսի աճը հնգակի կամ վեցակի է, որը բերում է գնաճի: Արդյունքում, տեղի է ունենում ե՛ւ գնաճի, ե՛ւ գնաճային սպասումների էական ավելացում:

Մենք երկար ժամանակահատված իրականացրել ենք ցածր գնաճային քաղաքականություն, որի արդյունքում, 2018-2019-ին Հայաստանի բնակչության զգալի մասը չուներ բարձր գնաճային սպասումներ:

Գնաճը մարդկանց մոտ փոխում է վարքագիծ, ու եթե դու ապրում ես բարձր գնաճային միջավայր ունեցող երկրում, քո սպառման հակվածությունն է մեծանում, որը նպաստում է հավելյալ գնաճի: Այսինքն, եթե ես գիտեմ, որ այս ապրանքը վաղը արժենալու է 10 դրամ ավելի, ապա ես այսօր դրանից երկու հատ եմ գնում, որպեսզի ինձ պաշտպանեմ ապագա գնաճից: Սա բերում է հավելյալ աժիոտաժի, որն էլ հանգեցնում է հավելյալ գնաճի»,-ասաց նա:

ԿԲ նախագահը նշեց, որ Հայաստանում հիմա աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքները, նաեւ՝ ոչ սեզոնային պարենային ապրանքները, որոնց հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ եւ այլն: Աճում են նաեւ ծառայությունների գները:

Նրա խոսքով, մեզ մոտ կա ոչ միայն դրսից ներմուծված գնաճ, այլ նաեւ արհեստական պահանջարկ ձեւավորելու արդյունքում առաջացած գնաճ, եւ հենց դա է ԿԲ-ին մտահոգում: «Դրա հիմնական աղբյուրներից մեկը ՌԴ-ից եւ այլ երկրներից Հայաստան ժամանած մարդիկ են, որոնք իրենց գալով ստեղծել են հավելյալ պահանջարկ:

«Ինչ ենք արել մենք: Մենք առաջիններից էինք, որ տոկոսադրույքը բարձրացրեցինք, մենք մեկ տարվա ընթացքում՝ 2020-ի վերջից մինչեւ 2021-ի վերջը  3,25 տոկոսով տոկոսադրույքը բարձրացրինք: Մեր գնահատմամբ՝ պրոակտիվ լինելու, ավելի շուտ այդ խնդիրը նկատելու եւ շուտ արձագանքելու հաշվին Հայաստանում ոչ միայն տոկոսադրույքը շատ չբարձրացավ, այլեւ գնաճը հետաքրքիր վարքագիծ դրսեւորեց; Դրա շնորհիվ մեզ մոտ գնաճի պիկը եղավ 2021-ի նոյեմբերին՝ 9,6 տոկոս, որից հետո՝ դեկտեմբերին, գնաճն իջավ 7,7: Հետո հունվարին եղավ 7,4, իսկ փետրվարին՝ 6,4 տոկոս: Այդ ընթացքում մյուս երկրհներում գնաճը շարունակական աճում էր:

Մենք ակնկալում էինք, որ 2022-ին հասնելու ենք մեր գնաճի թիրախին: Բայց 2022-ի փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ սկսեցին այն ապրանքների գները բարձրանալ, որոնք չպետք է բարձրանային:

Համաշխարհային հացահատիկի մոտ 30 տոկոսը  մատակարարում են Ուկրաինան ու Ռուսաստանը: Համաշխարհային ձեթի 65 տոկոսը մատակարարում են այդ երկու երկրները: Այս ապրանքները ունեն մեծ կշիռ մեր տնտեսության մեջ, դրա համար սա բերում է ավելի բարձր գնաճի:

Հակամարտությունից հետո պարենի գները կտրուկ բարձրանում են, բոլոր ապրանքատեսակների գծով գների աճ է: Կա FAO-ի ինդեքս, որը համապարփակ ինդեքսն է այդ բոլոր ապրանքների. տարվա ընթացքում այդ ինդեքսը մոտ 50 տոկոսով աճել է»,-ընդգծեց Մարտին Գալստյանը:

 

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ

Վերջին շրջանում շատացել են ինքնասպանության ու ինքնասպանության փորձի դեպքերը, որոնք մտահոգության տեղիք են տալիս:

 

Այդ քայլի գնալու պատճառները տարբեր են. շատ դեպքերում այդ քայլի գնում են կուտակած պարտքերի, խաղատներում պարտվելու, ընտանիքի անդամների հետ անհաշտ լինելու պատճառով, իսկ ահա երիտասարդները՝ անպատասխան սիրո պատճառով: Իսկ ինչ պատկեր ենք ունեցել այս տարիների ընթացքում: Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրության տվյալների՝ 2019 թվականին ինքնասպանության փորձ է արել 613 անձ, 2020 թվականին՝ 663, 2021 թվականին՝ 564: Ի դեպ, ըստ  պաշտոնական տվյալների՝ ավելի շատ այդ քայլին գնացել են տղամարդիկ: Օրինակ՝ 2019 թվականին ինքնասպանություն է գործել 418 անձ, 2020 թվականին՝ 444, 2021 թվականին՝ 378: Ի դեպ, պաշտոնական տվյալներից հայտնի է դառնում, որ հիմնականում այդ քայլին են գնում 30-65 տարեկան անձինք:

Դեռես 2017 թվականին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրում մասնավորապես ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կատարվել են ուսումնասիրություններ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերի վերաբերյալ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը եւ այլ տեխնիկական լուծումներ»: Սակայն այս տարիների ընթացքում այդպես էլ խնդրին լուծում չտրվեց, եւ ոստիկանությունը կամուրջների վրա հսկողություն սահմանեց. ինչը իրավիճակին այդքան էլ լուծում չի տալիս: Ի՞նչ է պատրաստվում իրականացնել ոստիկանությունն այս իրավիճակը մեղմելու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՕՏԱՐՈՒՄ Է ՁԵՎԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ Դիլիջան խոշոր համայնքի ՔՊ-ական ղեկավար, անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանը համայնքի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից էժան գներով օտարել է, այդ թվում՝ Երեւան քաղաքի բնակիչների։

Դրա հետեւանքով համայնքի բյուջե չեն մտել մեծ գումարներ։ Դիլիջան քաղաքի տարածքում  կառուցապատման համար նախատեսված հողերի մեկ քառակուսի մետրի շուկայական գինը նվազագույնը 10 հազար դրամ է, սակայն ներկայումս Դիլիջանի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից բավական էժան գներով օտարվում են։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմել է թիվ 2 արձանագրությունը: Դիլիջան քաղաքի բնակիչները դժգոհում են, որ Դիլիջանում կառուցապատման համար այլեւս ազատ հողեր չեն մնացել, հետագայում ընտանիք կազմող դիլիջանցիները տնամերձ հողամաս ունենալու եւ այնտեղ առանձնատուն կառուցելու հնարավորությունից զրկվել են։

 

 

 

ՍՐՃԱՐԱՆ Է ԳՈՐԾՈՒՄ

Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ սահմանամերձ գյուղի կենտրոնում իր նախաձեռնությամբ սրճարան է բացել։ Այդ «Փարոս» սրճարանից ստացված հասույթը օգտագործվում է սահմանամերձ գյուղում բացված «Մայրիկ» պուրակի խնամքի, պահպանության աշխատանքներն կիրականացնելու համար։ Լ. Առաքելյանը հայտնեց, որ համայնքապետարանը գյուղում ունի ընդամենը մեկ բանվոր, որը բավարար չէ տարածքով բավական փռված Ներքին Կարմիրաղբյուրում  բարեկարգման  աշխատանքները կատարելու  համար, ուստի ինքը նպատակահարմար է գտել՝  սրճարան գործարկելու։ Վարչական ղեկավարի խոսքերով՝  սրճարանը բավականաչափ թվով  այցելուներ ունի, նորաբաց սրճարան են այցելում նաեւ  Բերդ քաղաքից՝ ընտանիքներով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս