«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Վրաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերն առանձին-առանձին հայտարարություններ են տարածել: Հայկական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կարեւորվել է Արցախի կարգավիճակի մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերադարձը, ադրբեջանական կողմը շեշտել է հայկական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունն Արցախի տարածքից: Թբիլիսիում տեղի ունեցած երեքժամանոց բանակցություններից հետո հայտարարությամբ էր հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ասել, որ Վաշինգտոնը ողջունում է թբիլիսյան հանդիպումը, եւ որ ուղիղ երկխոսությունը ադրբեջանական եւ հայկական տարաձայնությունների լուծման ամենավստահելի ճանապարհն է: Միրզոյան-Բայրամով թբիլիսյան երկկողմ հանդիպմանը նախորդել էին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցելությունները Երեւան ու Բաքու։  Միրզոյան-Բայրամով հանդիպման այցի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ:

 

-Վրաստանում օրերս տեղի է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Շուրջ 3 ժամ տեւած հանդիպումից հետո Երեւանը եւ Բաքուն որեւէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդում։ Ի՞նչ բնութագրում կտաք հանդիպմանը, ու ի՞նչ ակնկալել դրանից:

-Այս հանդիպումը պետք է դիտարկել ընդհանուր գործընթացների ֆոնին (բանագնացների հանդիպում, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց), որի դեպքում ակնհայտ է դառնում, որ հենց հիմա հայ ժողովրդից գաղտնի ընթանում է կարեւորագույն գործընթաց, որտեղ հայկական կողմը կամավոր իրեն դրել է վճռական մենակի կարգավիճակում, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը, չնայած պատերազմում հաղթող կողմ լինելու հանգամանքին, նախընտրում են մեկ միասնական ճակատով հանդես գալ Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու համար։ Իսկ այս իշխանությունների՝ բանակցող կողմ լինելու պարագայում պետք է ակնկալել վատթարագույնը. հիշենք՝ որտեղ հասանք, երբ իրենք ասացին՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք։ Հիմա էլ պատկերը նույնն է, արդյունքը եւս լինելու է նույնը։ Չի կարելի ամեն անգամ անել նույն հիմարությունը՝ ակնկալելով այլ արդյունք։

-Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ հայկական կողմը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։ Հայտնի է նաեւ, որ հանդիպումը ԱՄՆ-ն է ողջունել: Կարելի՞ է հուսալ, որ Մինսկի ֆորմատը, այնուամենայնիվ, հետ կգա:

-Հուսալ միշտ կարելի է եւ պետք է, բայց, բացի հուսալուց, այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ են հարկավոր։ Նույնիսկ շատ ավելի բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում մենք ականատեսն էինք այդ քայլերի բացակայությանը, սեպարատ եւ անհասկանալի պայմանավորվածությունների առկայությանը, անորոշ ձեւակերպումներին եւ որեւէ կերպ համանախագահների աշխատանքը չդյուրացնելուն։ Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը դադարել է գործոն լինելուց եւ վերածվել է գործիքի։ Հետեւապես անիմաստ եմ համարում այս իշխանության պարագայում խոսել որեւէ դրական տեղաշարժից:

– Ջեյհուն Բայրամովը նշել է, որ պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն: Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս դրույթի մասով ադրբեջանական կողմն արդեն հասել է ցանկալի արդյունքի:

-Ցավով կարող ենք արձանագրել, որ այսպիսի դե ֆակտո իշխանությունների գոյության պայմաններում Ադրբեջանը հերթով հասնում է իր նպատակներին, առանց իրականացնելու որեւէ պարտավորվածություն։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Ինչպես հայտնի է, ՔՊ-ի կողմից նախաձեռնված՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ նախագծերի քննարկումները հետաձգվել են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 14-ին էր գրել, որ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի: ՔՊ-ն ընդամենը նրանց վախեցնելու համար է ինչ-որ քայլեր անում՝ լավ իմանալով, որ չի կարողանալու բոլորին զրկել մանդատներից: Խոսքը վերաբերում է 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելուն:  Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է: Ավելին՝ եվրոպական կողմն այս ընթացքում տարբեր խողովակներով ՀՀ իշխանություններին մեսսիջներ է ուղարկել եւ իր տարակուսանքը հայտնել հայաստանյան խորհրդարանական ընդդիմության նկատմամբ իշխանության ձեռնարկած սանկցիաների առիթով: Նրանք ոչ միայն զարմացած են, այլեւ մտահոգված: Նաեւ այս հանգամանքն է պատճառ հանդիսացել, որ ՔՊ-ն որոշել է ավարտին չհասցնել սկսված գործընթացը. կա՛մ ոչ ոք մանդատից չի զրկվի, կա՛մ կլինեն ընդամենը մի քանի պատժվողներ:

 

 

 

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Կենտրոնի դատարանում  պետք է տեղի ունենար ՀՀ նախկին գլխավոր դեսպան Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը, բայց վերջինս չէր եկել դատարան՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ:

Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ հայտնեց նրա առողջականի մասին: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

 

 

 

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ

2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների շուրջ քննարկումները սկսվել են։ Armlur.am-ը ներկայացնում է տնտեսության թեմայի շուրջ հատկացումները։ Օրինակ՝ Կադաստրի կոմիտեն 2023 թ. կստանա շուրջ 4.3 մլրդ դրամ: Կառույցը նպատակ ունի թվայնացնել համակարգը, քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել: Ներկա դրությամբ ընթանում են Շիրակի մարզի քարտեզագրման աշխատանքները:

ՀՀ ՏՄՊՊՀ-ին 2023 թ. պետական բյուջեով նախատեսվել է հատկացնել 550 մլն դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվելու է շուրջ 320 մլրդ դրամ. կիրականացվեն մի շարք ծրագրեր. 134 մլրդ դրամ կհատկացվի տրանսպորտին: 13.8 մլրդ դրամ է հատկացվել Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի կառուցմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. հատկացվելու է 51.8 միլիարդ դրամ, տնտեսական ոլորտին՝ 21.9 մլրդ, որից արտաքին աղբյուրներով՝ 8.6 միլիարդ դրամ: Կիրականացվի 12 ծրագիր՝ 47 միջոցառում: Գյուղատնտեսությանը նախատեսվել է 29.9 միլիարդ, որից արտաքին աղբյուրներով՝ 2.5 մլրդ: Բնագավառում կիրականացվի 6 ծրագիր՝ 30 միջոցառում: Զբոսաշրջության զարգացման համար կհատկացվի 8.9 մլրդ դրամ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համար նախատեսվել է 11.9 միլիարդ դրամ, կիրականացվի 7 միջոցառում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար նախատեսվել է 1.8 մլրդ դրամ:

 

 

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ոչ միայն կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձի չափը, այլեւ կվերանայվեն նվազագույն ժամային տարիֆային դրույքաչափերը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության աշխատողների համար սահմանել 4 աշխատանքային օր ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի ինչպես հնգօրյա, այնպես էլ վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատողների համար նախատեսված է 4 աշխատանքային օր, ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք։ Մեզ հայտնի դարձավ, որ պետական բյուջեի ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի, բայց եկամուտների մասով հնարավոր են որոշակի ավելացումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե գործող օրենսդրությամբ 4 օր աշխատանքի համար աշխատողին վճարվելու է միայն աշխատավարձը, եւ հարկվի սահմանված կարգով, ապա նախագծի ընդունումից հետո հարկման ենթակա է լինելու միջին օրական աշխատավարձը, որը հաճախ էականորեն գերազանցում է աշխատողի օրական աշխատավարձի չափը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից դառնալու է 75,000 դրամ։

 




Լրահոս