ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերում 2022թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 7-ը՝ ավտովթար, 7-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար:

 

Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաեւ պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ՀՔԱՎ հարցումների պատասխանների հիման վրա: Համեմատության համար հիշեցնենք, որ 2021թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ եւ ԱՀ զինված ուժերի 29 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որից  9-ը՝ ավտովթարի,  8-ը՝ առողջական խնդիրների,  4-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ ինքնասպանության, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,  1-ը՝ սպանության հետեւանքով են։ Նկատենք, որ 2022 թվականի առաջին կիսամյակում սպանության եւ ինքնասպանության դեպքերը 6-ն են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5-ը): Ինքնասպանության եւ սպանության  դեպքերի վիճակագրությունը, ինչպես նախկինում, այժմ եւս շարունակում է մնալ մտահոգիչ։ Համեմատելով 2021 եւ 2022 թթ. հունվար-հունիս ամիսներին մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2022 թվականին  կտրուկ աճել են հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը, եւ նվազել են առողջական խնդիրների եւ դժբախտ պատահարների  հետեւանքով մահվան դեպքերը:  2022 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքեր արձանագրվել են թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայողների, թե՛ սպաների շրջանում։ Առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքեր արձանագրվել են պայմանագրային զինծառայողների ու սպաների շրջանում, ավտովթարի հետեւանքով՝ պայմանագրային զինծառայողների, սպաների եւ ենթասպաների շրջանում, դժբախտ պատահարի հետեւանքով՝ միայն սպաների շրջանում, իսկ ինքնասպանության հետեւանքով մահվան դեպքեր՝ միայն ժամկետային եւ պահեստազորային զինծառայողների շրջանում։ Ի դեպ, որպես կանոն, առողջական խնդիրների եւ ավտովթարի հետեւանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվում։ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ-ին չի տրամադրել զինծառայողների անունների, ծառայության տեսակի, դեպքերի տարածաշրջանի վերաբերյալ տվյալներ: Ի դեպ, 2021 թվականի հուլիս ամսից հետո, ՀՀ ՔԿ ՀՔԱՎ գրություններին  ի պատասխան, տրամադրվում է միայն հայցվող տեղեկությունների մի մասը, ինչն անհասկանալի է, քանի որ նմանատիպ բովանդակությամբ տեղեկությունը մի ժամանակահատվածի դեպքում տրամադրվում է, մյուսի դեպքում հանդիսանում է գաղտնի։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկությունների տրամադրման եւ գաղտնիության բարձր մակարդակի հարցին ՀՔԱՎ-ը 2021 թ.-ին առավել մանրամասն անդրադադարձել է «ՀՀ պաշտպանության նախարարության վարքագիծը տեղեկությունների տրամադրման հարցում» տեղեկանքում։  Նշենք, որ 2022 թ. արձանագրված մահացության դեպքերից  հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով արձանագրվել է դեպքերի 30%-ը, իսկ 70 %-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 23 %-ը ավտովթարի հետեւանքով, 23%-ը առողջական խնդիրների, 13%-ը ինքնասպանության, 7 %-ը սպանության, 3%-ը դժբախտ պատահարի։ Քանի որ ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերն ավելի շատ են եւ հատկապես առողջական խնդիրների, ինքնասպանության, սպանության պատճառով, ակնհայտ է, որ մինչ վարժական հավաքներին անձանց ներգրավելը ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները չեն իրականացնում պահեստազորայինների առողջական վիճակի պատշաճ եւ համալիր բուժզննություն, զինվորական ծառայության  համար պատշաճ կարողությունների ուսուցում, պատրաստվածություն, զինծառայողների անվտանգության պահպահմանն ուղղված միջոցներ, որոնք հանգեցնում են նման իրավիճակի, երբ զինծառայողները մահանում են կա՛մ ծառայակիցների կողմից մարտական ծառայության կանոնների խախտման, կա՛մ  որեւէ պատճառով ինքնասպանություն գործելու կամ նախկինում ունեցած հիվանդության հետեւանքով։ Այս մասին պարբերաբար հայտնել են ՀՔԱՎ-ին  2020 թ. պատերազմից սկսած՝ մինչ օրս։

Ն. Հ.

 

 

 

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված են ուղեւորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանքները։ Վերջին փոփոխությունները կատարվել են 2022 թվականի հունիսի 9-ին։

Հոդվածի համաձայն՝

  1. ուղեւորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչպես նաեւ հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթեւեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով։
  2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։
  3. Հետիոտների կողմից ճանապարհի երթեւեկելի մասը հատելու կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։
  4. Տրանսպորտային միջոցի ուղեւորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթեւեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաեւ ուղեւորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։
  5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։
  6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն, առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։

6.1. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանց հետեւանքով անձի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20.000 դրամի չափով։

  1. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ՝ ՀՀ-ՈՒՄ

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 18-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 222 հազար 607 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 միլիոն 140 հազար 321 է, ամբողջապես պատվաստվածներինը` 1 միլիոն 16 հազար 801: Խթանիչ պատվաստումների թիվը 60 հազար 747 է:

 

 

 

ԶՈՐԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

2021թ. օգոստոսից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում են գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը: Ոսկեպարի բնակիչները կարծում էին, թե ռուս զինվորականները սահմանագոտում ուղեկալ են հիմնելու: Անցած գրեթե մեկ տարում ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ Ներկայումս Ոսկեպարում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին՝ նախկինում ադրբեջանաբնակ Աշաղի Ասքիպարա (Ներքին Ոսկեպար) գյուղի միջնակարգ դպրոցի  քանդված շենքի դիմաց գտնվող հարթեցված տարածքում, թափ է առել ռուս զինվորականների համար զորանոցի շինարարությունը։ Այդտեղ կենտրոնացած է մեծ քանակի շինանյութ։ Դատելով ամեն ինչից՝ այդտեղ կառուցելու են մոդուլներից հավաքվող կացարաններ։ Նման մի  կացարան-զորանոց էլ Տավուշի մարզում  կառուցվում է Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղից դուրս՝ ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում։

 

 

 

ՎԱՐԴԱՎԱՌ

Հուլիսի 17-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքի Կողբ գյուղում մեծ շուքով տոնվեց Վարդավառը։ Այն նշվեց «Կողբ» հիմնադրամի, Նոյեմբերյանի համայնքապետարանի կազմակերպած մեծ, գունագեղ  տոնակատարությամբ։ Կողբի ֆուտբոլի մարզադաշտում բեմ էր կահավորվել, կայացան համերգ եւ թատերականացված միջոցառում: Ցանկացողները վարձի դիմաց հնարավորություն ունեցան  ուղղաթիռով պտտվելու  Կողբի, նաեւ Լոռվա ձորի երկնքում։ Նոյեմբերյանի տարածաշրջանում Վարդավառը տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը։ Բնակիչների մի մասը Վարդավառը կտոնի հուլիսի 24-ին, մյուս մասը՝ հուլիսի 31-ին։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներն էլ Վարդավառը տոնում են օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը։ Տավուշի մարզում Վարդավառը ամենասիրված տոներից է, եթե ոչ ամենասիրվածը։

 

 

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ ՄԵԾ Է

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի  խաղողի այգիներում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ: Արծվաբերդի վարչական ղեկավար Օնիկ Բալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ հրդեհի պատճառը Այգեձոր գյուղի խոտածածկ տարածքում բռնկված հրդեհն է եղել, որը տարածվել է  Արծվաբերդի տարածքում։ Նրա խոսքով՝ բարեբախտաբար խաղողի այգիները չեն այրվել։ Տավուշի մարզպետարանը մարզի բնակիչներին կոչ է արել դաշտերում, անտառներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս