Հուլիսի 15-ին դատարանի դահլիճում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Դա տեղի է ունեցել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, որտեղ պետք է կայանային Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումներ։ Դատապաշտպանի ելույթի ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը: Արմեն Գրիգորյանը 57 տարեկան էր, նա հայտնի էր հանրությանը Ուրախների եւ հնարամիտների «ԵրՄԻ» թիմում իր ելույթներով եւ Ռուսաստանում իր պրոդյուսերական գործունեությամբ։
Նշենք, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր: Հայտնի պրոդյուսերի մահվան առթիվ իրենց խորին ցավակցություններն են հայտնել իրենց սոցցանցի պաշտոնական էջերում հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները: Այսպիսով, Երգիչ Թաթան, անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը, «Ինստագրամ»-ի իր էջում տեղադրել է պրոդյուսերի լուսանկարն ու գրել. «Մենք կորցրեցինք տաղանդավոր արվեստագետի եւ ընկերոջ։ Ցավակցում եմ Արմենի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին»։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է, որ խոսքերը կոկորդում խեղդվում են. «Հենց նոր մահացավ Արմեն Գրիգորյանը: Դատարանում:
Խոսքերս խեղդվեցին կոկորդումս:
Յուրաքանչյուրս կարող էինք լինել նրա տեղում:
Խաղաղ թող մնա հոգիդ Երկնքում..»:
Իսկ, ահա, ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը արխիվային լուսանկար է հրապարակել Արմեն Գրիգորյանի հետ եւ գրել. «Կարոտելու եմ քեզ, մե՛ծ ախպեր: Հպարտանում եմ, որ քո հետ մեծ աշխատանք ունեմ իրագործած»։
Դերասան Տիգան Ներսիսյանը նույնպես, միանալով կոլեգաներին, ցավակցական խոսքեր է գրել. «Արմեն ջա՛ն, իմ լա՛վ եղբայր, գնաս բարով: Երկու րոպե առաջ քո ժպիտը… Հավատալու չէ:
Հ.Գ. սպանեցին Արմենին»:
Իսկ դերասան, հայ կատագերկու Վարդան Պետրոսյանը գրել է. «Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց, փայտացում դատից հետո, ինչ ասես, բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չէ, ո՛չ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության… Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ… Ես հույս ունեի, այո՛, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն` ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։ Խորին ցավակցություններս հարազատներին…»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԱՀԱՐՁԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար գումար կհատկացվի:
Որոշման մեջ ասված է.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի՝
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիգորյան) մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիգորյան) այրուն` Իրինա Մկրտչյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման եւ մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից 2022 թվականի ինն ամսում հատկացնել 227.741 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»: