ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 52

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները  ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»,- դեռ 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ իր նախընտրական ելույթի ժամանակ, այսպիսի խոսքեր է հնչեցրել ՀՀ վարչապետ, ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարությունից գրեթե չորս տարի անց Սեւանը դեռ չի դարձել բարձրակարգ տուրիստական գոտի, Սեւանա լիճը չի ազատվել ցանցային ցանկապատերից։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը Սեւանա լճի ափին՝ դեպի Շորժա տանող ճանապարհին, լուսանկարել է մի նոր շինություն, որը լայն թափով կառուցվում է: Նոր առանձնատունը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մերձակայքում է, այսինքն՝ ճիշտ այն հատվածում, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության նախարարներից մեկը՝ Ռոմանոս Պետրոսյանը, փորձում էր ապամոնտաժել, ու այդպես էլ հաջողության չհասավ: Ո՞ւմն է Սեւանա լճի ափին կառուցվող նոր շինությունը: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն երկար ժամանակ է ՝ փորձում է պարզել, թե ով է այն մարդը, որի համար Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Սեւանա լիճը «չափառներից ազատելու» իր խոստումից: Հետաքրքիր է, որ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու «Սեւան» ազգային պարկի տնօրենի ժ/պ Կարեն Մնացականյանը խնամքով թաքցնում են, թե ով է կառուցում այդ գերշքեղ շինությունը: Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը եւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը չեն կատարել եւ շրջանցել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, օդում թողել Փաշինյանի նախընտրական խոստումը: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

 

 

 

«Դիմադրություն»  շարժումը հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքը կանցկացնի, եթե, իհարկե, մինչեւ այդ խանգարող որեւէ հանգամանք ի հայտ չգա, եղանակային պայմաններն էլ բարենպաստ լինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ սեպտեմբեր՝ խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկը, ընդդիմադիրները մեկումեջ հանրահավաքներ կկազմակերպեն, սեպտեմբերից արդեն բողոքի ակցիաների նոր փուլը կմեկնարկի, նաեւ հանրահավաքներ կլինեն: Տեղեկացանք, որ այս պահին մարդկանց հրապարակ կհրավիրեն տասը օրը կամ երկու շաբաթը մեկ անգամ հանրահավաքների կամ ակցիաների ձեւաչափով: Իսկ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելուն պես «Դիմադրություն» շարժման պիկետներն էլ նոր թափով ու ինտենսիվությամբ կանցկացվեն: Նշենք, որ մայիսի մեկին, ընդդիմությունը, երբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ու իշխող քաղաքական ուժի դեմ փողոցային պայքար սկսելու մասին, վստահեցնում էր, թե իրենց պայքարն անկասելի է, ու ո՛չ կիզիչ արեւը, ո՛չ հորդառատ անձրեւը չեն կարող խանգարել հանրահավաքներին: «Ինչ էլ լինի, հավաքվելու ենք, իրագործենք մեր նպատակն ու գնանք մինչեւ վերջ»,- վստահեցնում էին ընդդիմության լիդերները: Իրողությունները, սակայն, ցույց տվեցին, որ թե՛ գարնանային անձրեւները, թե՛ ամառվա բարկ արեւը կարող են պատճառ լինել ընդդիմադիրների՝ վճռական նպատակները չիրագործելու համար, ու նրանք կարող են որոշել տեղափոխել հանրահավաքի օրն ու ժամը: Ի դեպ, շարժման անդամները ցույց չեն արել նաեւ այն ժամանակ, երբ դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից, Հայաստան հյուրեր են ժամանել: Դրա վառ ապացույցը հունիսի 9-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն էր Երեւան:

 

 

 

Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես իրենով կանի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում 11 տարի պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: Տեղեկությունը փորձեցինք նաեւ Հովակիմյանից ճշտել, նա, սակայն, անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը վստահեցրեց, որ թեեւ սեփական թիմում Հովակիմյանի թեկնածությանը ոչ միանշանակ են վերաբերվում, այնուամենայիվ, քաղաքական որոշում կա, որ հենց նա է լինելու ԿԸՀ հաջորդ նախագահը: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ այդ, սակայն, Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, ներկայացնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ հաստատում անցնելուց հետո նախագահի թեկնածուի հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Նշենք, որ նախկին իշխանություններին Հայաստանը կուսակցականապետության վերածելու համար մեղադրող Փաշինյանի իշխանությունը, փաստորեն, հակված է պետության բոլոր ոլորտները կուսակցականացնել, պաշտոններն էլ՝ սեփական կուսակիցների միջեւ բաժանել: ԿԸՀ-ն, որ շուրջ 30 տարի կուսակցական նախագահ չի ունեցել, այժմ փաստացի ՔՊ-ական ղեկավար է ունենալու:: Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարական նորմերի ու կարգերի ուղիղ ոտնահարում, երբ ընտրական քաղաքականություն մշակողն ու իրականացնողը ոչ թե անկախ մասնագետներն են լինելու, այլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները:

 

 

 

Հայաստանի դատական համակարգում էլի խառնաշփոթ է: «Ժողովուրդ» օրաթերթին  հասած տեղեկությունների համաձայն՝ շատ դատավորներ  որոշել  են բոյկոտել եւ  չգնալ հուլիսի  27-ին  կայանալիք  դատավորների ժողովին: Իսկ ի՞նչն է վրդովել Հայաստանի իշխանության երրորդ՝ դատական ճյուղին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններիս խիստ վրդովել են Ազգային ժողովի կողմից ՀՀ վճռաբեկ  դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների, ինչպես  նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, շատ դատավորների զայրացրել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքը բավարարած դատավորների գործելաոճը, երբ հանգիստ նստած հետեւել են, թե ինչպես մարդը մահկանացուն կնքեց դատարանի դահլիճում:  Ավելին՝ դատավորների մի մասն էլ նշել է, որ արձակուրդում է եւ ներկա չի լինելու ժողովին: Հուլիսի 27-ին հրավիրված  ժողովը, ամենայն  հավանականությամբ, չի կայանա քվորում  չլինելու  պատճառով: Նշենք, որ ժողովը հրավիրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, իսկ ժողովի նպատակը ԲԴԽ անդամների թափուր մնացած տեղերում նոր անդամներ ընտրելն  է: Ինչպես հայտնի է, ԲԴԽ անդամ Լիպարիտ Միրիջանյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց:

 

 




Լրահոս