Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՂՃԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հանկարծամահ էր եղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Իշխանության սուր քննադատներից էր Գրիգորյանը: Նա ձերբակալվել է ազգային, ռասսայական եւ կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Հասարակության մի ստվար զանգված այն համոզմանն է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրանքը շինծու էր առաջադրվել, էլ ուր մնաց, թե անազատության մեջ պահելը օրինաչափ լիներ: Վաղամեռիկ Գրիգորյանի նկատմամբ դատական գործընթաց սկսելը, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, միանշանակ իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի պատվերն էր, հետեւաբար, շարունակում են, նրա մահն էլ այս իշխանության խղճին է: ArmLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ նման քննադատություն-մեղադրանքներին լուրջ չի վերաբերվում, որովհետեւ մարդուն հենց այնպես, հանիրավի չի կարելի մեղադրել որեւէ մեկի սպանության մեջ:

 

-Պարո՛ն Աղազարյան, հասարակությունն այս ողբերգական դեպքերից հետո իշխանության հասցեին տարբեր մեղադրանքներ է հնչեցնում: Խոսքը, մասնավորապես,  պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին է, որ իշխանության ձեռագիրն էր. այնքան թողեց կալանավորված, որ բանը հասավ դրան: Այդ մեղադրանքներին Դուք ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ժպիտով:

-Այսինքն՝ անտեղի մեղադրանքնե՞ր են:

-Իհարկե, որեւէ փաստաթուղթ կա՞ արդյոք, կամ որեւէ մեկը հարց բարձրացրե՞լ է, որ Արմեն Գրիգորյանը  առողջական խնդիրներ ունի, եւ արդյոք չի՞ ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն: Չկա այդպիսի փաստաթուղթ,  կարծիք եւ դիրքորոշում: Իսկ կալանավորների մի մասի  նկատմամբ արտոնյալ վերաբերմուք չկա. կա ընդհանուր օրենք ու կարգ: Եթե դիմած լինեին առողջական խնդիրներով,  անհրաժեշտ  օգնություն ցուցաբերած չլինեին, կարելի էր ինչ-որ տեղ  հասկանալ  իշխանությանը մեղադրողներին:

-Պարո՛ն Աղազարյան, ասում են, որ Գրիգորյանի մահը իշխանության խղճին է: Ճի՞շտ է: 

-Հարցը ավելի կմանրամասնե՞ք:

-Օրինակ՝ ասում են, որ կոնկրետ գործով չկար մեղադրող, եւ ազգային ատելություն տարածելու հիմքով դատախազությունը ինքն էր մեղադրանք առաջադրել, հետեւաբար ասում են՝ իշխանության  խղճին է Գրիգորյանի մահը: Ի՞նչ կասեք:

-Ո՛չ, դա այդպես չէ: Դատախազությունը նրա համար է, որպեսզի պահպանի պետության եւ  հասարակության  մեջ բոլոր իրավական ընթացքները: Դա անընդունելի մոտեցում է:

-Պարո՛ն Աղազարյան,  ինչքան էլ փորձեք թեթեւ վերաբերվել, ամեն դեպքում, դուք բոլորդ էլ մարդիկ եք  եւ բոլորդ էլ ունեք հույզեր ու զգացմունքներ: Առաջին դեպքը չէ, որ իշխանությանը նման մեղադրանքներ են  հասցեագրվում. գուցե տեղին, գուցե անտեղին, դա քննարկման հարց է: Ամեն անգամ, երբ  ասում են՝ իշխանությունը սրա կամ նրա մահվան մեջ է մեղավոր, ի՞նչ եք զգում զուտ մարդկային առումով:

-Խոսքը գնում է վերջին երկու դեպքերի մասին. մեկը մեր ընդիմադիր գործընկերների փողոցային պայքարների մասին է, երբ որ Ֆրանսիայի հրապարակում մահացավ քաղաքացիներից մեկը: Այդտեղ իշխանությունը ի՞նչ կապ ունի, եթե այդտեղ  չարաշահում են բոլոր տեսակի թմրանյութային միջոցներ եւ այլն: Իշխանության մեղքը այդտեղ ո՞րն է: Կամ Արմեն Գրիգորյանի  դեպքում չկալանավորեի՞ն, գործ չհարուցեի՞ն: Ժողովրդի կեսին անվանում է թուրք, վիրավորում է, ատելություն է սերմանում: Չկիրառվե՞ր  օրինական գործիքակազմ: Ի՞նչ արվեր, պարգեւատրեի՞ն: Հետեւաբար պետք է ամեն ինչը միշտ նայվի  օրենքի շրջանակներում:

Մի այլ բան է՝ որքանով է օրինաչափ եղել ձեռբակալումը. դա բոլորովին ուրիշ հարց է: Կարող է պատահի՝  լրիվ առողջ անձ է, ու էլի ոչ օրինաչափ լինի  ձեռբակալումը, համապատասխան գործիքակազմով հասնի դրան, որ  վերանա: Հիմա  այդպիսի ցավալի դեպք է տեղի ունեցել, ու էլի եմ ասում՝ որեւէ  մեկը որեւէ ձեւով չի արձանագրել:  Պաշտպանն ասել է, որ ինքը ինձ բանավոր ասել է, որ վատ է զգում: Պետք է բարցրաձայներ կամ համապատասխան մարմիններին դիմեր: Հիմա ցավալի դեպքը տեղի է ունեցել, այդտեղ իշխանությանը մեղադրել  բացարձակապես պետք չէ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԲԱՐՁՐ ԳՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստան ժամանել է Ռուսաստանի Դաշնության 269 հազար 369 քաղաքացի: Ի դեպ, նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 252 հազար 742 ռուս: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսին Հայաստան ժամանել է Ուկրաինայի 2129 քաղաքացի, դուրս եկել 2160 ուկրաինացի: Այս տարվա 5 ամիսներին Ուկրաինայի 10 հազար 19 քաղաքացի է եկել մեր հանրապետություն, դուրս եկել՝ 9530-ը:

 

Նշենք, որ, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան են ժամանել մեծ թվով ՌԴ, նաեւ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։

Այս պատճառով Հայաստանում բնակարանատերերը, առիթից օգտվելով,  բնակարանների գները բարձրացրին, անգամ պահանջեցին դուրս գալ վարձով տնից եւ այն ավելի բարձր գնով տվեցին ազգությամբ ռուս եւ ուկրաինացի քաղաքացիներին: Երեւանում եթե բնակարանի ամսական վարձը 150 հազար դրամ էր, ապա ռուս, ուկրաինացի քաղաքացիների՝ Հայաստան գալուց հետո այն դարձել է 300 հազար դրամ եւ ավելի: Ի դեպ, բնակարանների բարձր վարձավճարների պատճառով բազմաթիվ ռուս եւ ուկրաինացի քաղաքացիներ հիասթափվելով մեկնել են Վրաստան:

Այժմ Վրաստանում տները, բնակարանները, հյուրանոցները զբաղված են, գրեթե ազատ տեղեր չկան, եւ պարզվում է, որ մինչեւ նոյեմբեր ամիս ամրագրված են: Ավելին, Վրաստանում բնակարանատերերն իրենց հերթին խորամանկ քայլի են դիմել. թանկացրել են բնակարանների, տների վարձավճարները: Այս ոլորտում անհանգստացնող երեւույթն այն է, որ ռեստորաններում, հյուրանոցներում գները բարձրանում են: Այսօր հայաստանյան հյուրանոցներում ծառայությունների գները բավականին բարձր են, եւ տուրիզմի ոլորտի մասնագետները մտահոգված են, որովհետեւ կարծում են, որ բարձր գները դեռ երկար ժամանակ կարող են պահպանվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը Վրաստանի մայրաքաղաքում  հուլիսի 16-ին հանդիպել էին առանց միջնորդների: Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։ Այս հանդիպումից հետո տարբեր հայտարարություններ եղան:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է հանդիպմանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվ դերակատարում ունի Երեւանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նա նաեւ հավելել է, որ պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել շփվելու ԱԳՆ-ի իր գործընկերների հետ։

«Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ու մյուսներն այս շենքում եւս հնարավորություն են ունեցել շփվելու բարձր մակարդակով իրենց հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք ներկայացուցիչների հանդիպումը։ Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը լավագույն միջոցն է հասնելու խաղաղության, ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, եւ մենք կշարունակենք աջակցել դրան, ինչով կարող ենք»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւս  ողջունել է Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ «Կարեւոր քայլ դեպի համապարփակ լուծում: Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ եւ բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացման/հաշտեցման կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- գրել է Բորելը «Թվիթեր»-ում:

 

 

ԱՆՀԱՅՏ ՊԱՏՃԱՌՈՎ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` պաշտոնից ազատման դիմում է գրել Սիսիանի ոստիկանապետի տեղակալ Սամվել Գրիգորյանը: Վերջինս քավոր-սանիկական կապերի մեջ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինիս ազատումը կապ ունի ոստիկանապետ Վահե Ղազարյանի՝ երեկ Սյունիքի մարզ կատարած այցի հետ: Ըստ մեզ հասած լուրերի՝ ոստիկանապետին ուշագրավ հանգամանքներ են պատմել, ինչից հետո հաջորդել է հրաժարականը:

 

 

 




Լրահոս