Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականությանը: «Եթե Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»,-ասել է նա։ Թուրքիայի նախագահի եւ Իրանի հոգեւոր առաջնորդի հանդիպմանն անդրադարձ է կատարել նաեւ «Ալ Ջազիրա»-ն՝ նշելով, որ Խամենեին եւ Էրդողանն անդրադարձել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի ցուցաբերել է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական աջակցություն: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել Է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց:
«Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել Է Խամենեին, որի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:
«Սիրիական հարցերը պետք Է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք Է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով»,- նշել Է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր:
Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։ Թուրքիայի եւ Իրանի նախագահները պաշտոնական հանդիպումներից եւ փաստաթղթերի ստորագրումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Անդրադառնալով տնտեսական կապերին՝ Էրդողանը հիշեցրել է, որ կողմերը նախկինում առեւտրի համար տարեկան 30 միլիարդ դոլարի թիրախ էին սահմանել։ «Ցավոք, համաճարակի պատճառով այս ցուցանիշը դեռ 7,5 միլիարդ դոլարի մակարդակում է։ Թուրքիան պատրաստ է ակտիվ համագործակցության Իրանի հետ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում»,- ասել է Էրդողանը։
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ նախագահ Էրդողանն ասել է, որ (Թեհրանում կայանալիք Թուրքիա-ԻԻՀ-ՌԴ եռակողմ գագաթնաժողովի ընթացքում.-խմբ) գնահատվելու է Աստանայի ձեւաչափը, եւ փորձ է արվելու ակտիվացնել այդ գործընթացը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Իրանը շարունակելու են պայքարել իրենց դեմ ուղղված այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնալիք են հանդիսանում իրենց համար:
«Կարեւոր է սերտորեն համագործակցել այս չարիքի դեմ պայքարում»,- ընդգծել է նա։
Իրանի նախագահը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թուրքիայի եւ Իրանի միջեւ համատեղ արդյունաբերական ընկերությունների ստեղծման վերաբերյալ, եւ որ կողմերը շահագրգռված են երկարաձգել բնական գազի մատակարարման համաձայնագիրը, որի 25-ամյա ժամկետը մոտենում է ավարտին:
Ռաիսին նշել է, որ առեւտրի ցուցանիշները չեն համապատասխանում երկու երկրների տնտեսական կապերի ներուժին։
«Թեհրանն ու Անկարան 30 միլիարդ դոլարի առեւտրաշրջանառության նպատակ են դրել: Դրան հասնելու համար անհրաժեշտ է երեք անգամ ավելացնել ընթացիկ ցուցանիշները»,- ասել է Ռաիսին։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ռաիսին նշել է, որ Իրանն ու Թուրքիան աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը։
Ռաիսին Թուրքիայի նախագահի ներկայիս այցը Թեհրան անվանել է «շրջադարձային» երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Ն.Հ.
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ՝ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
«Հայաստան» դաշինքը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: «ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա? ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Ա. Գրիգորյանի եւ ազգադավ կառավարության գործողութունների հետեւանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների»,-ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃ
Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով: Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք։ Իրանը եւ Հայաստանը Երեւանում մայիսի կեսին կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը: Ըստ պաշտոնյաների՝ համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման նպատակը երկու երկրների հարաբերությունների իրական եւ շոշափելի զարգացումն էր։
ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Բայրամովի եւ Ստոլտենբերգի հանդիպումը կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում։ ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ ռեժիմով: