ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը, որը արեւմտյան գրանտներ ստացող ակտիվիստ էր, պաշտոնի նշանակվելուց հետո բավականին ունեցվածք է կուտակել: Ի դեպ, նշենք, որ Գրիգորյանը մինչ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելը պարբերաբար հանդես էր գալիս Ռուսաստանի, Պուտինի դեմ հայտարարություններով:

 

ArmLur.am-ը ուսումնասիրել է Գրիգորյանի 2018, 2019, 2020 եւ 2021 թվականների տարեկան հայտարարագրերը: Սկսենք 2018 թվականից. տարեվերջին Գրիգորյանի փոխառությունները կազմել են 15 մլն 292 հազար դրամ: ԱԽ քարտուղարը 2018 թվականի սկզբին ունեցել է 1 մլն 300 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 5 մլն դրամ: Բացի այս, նա ունեցել է 3449 եվրո: Երկու վայրից աշխատավարձ է ստացել, որն ընդհանուր կազմել է 14 մլն 105 հազար դրամ: Գրիգորյանը 2018 թվականին 304 հազար դրամի չափո «այլ եկամուտ» է ստացել:

ԱԽ քարտուղարը 2019-ին 2005 թվականի արտադրության Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենա է գնել 6 մլն 500 հազար դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ նա «ՄիկՇին» ընկերությունում տարեվերջին ունեցել 19 մլն 560 հազար դրամի չափով փոխառություն: Բանկային հաշվին առկա մնացորդը տարեվերջին կազմել է 158 հազար դրամ: Տրված փոխառության դիմաց ստացել է 1 մլն 423 հազար դրամ տոկոս: Բանկերից մեկից ստացել է 4 մլն 257 հազար դրամի չափով վարկ: Գրիգորյանի ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 145 հազար դրամ:

2020 թվականը Գրիգորյանի համար ձեռքբերումների տարի է եղել.  նա բնակարաններ ու ավտոկայանատեղի է գնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ տարեսկզբին 2 բնակարան գնել է Արաբկիր վարչական շրջանում, մեկը՝ 54 մլն 256 հազար դրամով, մյուսը՝ 21 մլն 249 հազար դրամով: Բացի այս, պաշտոնյան Արաբկիրում գնել է նաեւ մեկ ավտոկայանատեղի 1 մլն 950 հազար դրամով: Գրիգորյանը Արաբկիրում 21 մլն 249 հազար դրամով գնած բնակարանը գնելուց օրեր անց վաճառել է բավականին բարձր գնով՝ 41 մլն 148 հազար դրամով: Բացի այս, նա վաճառել է ավտոկայանատեղիներից մեկը 2 մլն դրամով: Բանկային հաշվին գումար է ունեցել՝ 3 մլն 550 հազար դրամի չափով: Նկատենք, որ Գրիգորյանի աշխատավարձը տարեցտարի բարձրացել է. եթե 2019 թվականին նա ստացել է ընդհանուր 13 մլն 744 հազար դրամ աշխատավարձ, ապա 2020 թվականին այն կազմել է 18 մլն 819 հազար դրամ, այսինքն՝ ամսական 1 մլն 568 հազար դրամ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 5 մլն դրամով ավելացել է աշխատավարձի չափը: Բացի այս, 2020-ին նա երկու բանկից 52 մլն 519 հազար դրամի չափով վարկ է վերցրել:

Ի դեպ, նշենք, որ 2021 թվականին Գրիգորյանի աշխատավարձը եւս բարձրացել է՝ 18 մլն 819 հազար դրամից դառնալով 22 մլն 378 հազար դրամ: ՊԵԿ-ից գումար է ստացել՝ 6 մլն 113 հազար դրամի չափով, որը ձեւակերպել է որպես «այլ եկամուտ»: Նշենք, որ Գրիգորյանի վարկի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 729 հազար դրամ: Գրիգորյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ վարկի մարման նպատակով ծախսել է 6 մլն 429 հազար դրամ գումար: Ի դեպ, արձանագրենք, որ պաշտոնյայի կնոջ՝ Մանե Մինասյանի հայտարարագիրը ներիայացված չէ: Թե ինչու է բացակայում պաշտոնյայի կնուջ հայտարարագիրը, որեւէ բացատրություն չկա՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ Մանե Մինասյանը ՀՀ հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Աննա  Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի եւ հոթ դոգի) արտադրությունում: Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել առանձին կենցաղային տարածքով, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար: Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

 

 

«ՊԼԱՍՏԻԿԵ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Դատարանի դահլիճում դատավարության մասնակից կողմերն ու դատարանի նախագահությունը հանգիստ խղճով մի կում ջուրը կարող են պլաստիկե շշից խմել: Փասաբաններն էին ահազանգել, որ դատական կարգադրիչներն արգելում են դատարանի դահլիճում պլաստիկե շշերով մտնել: Թեեւ արգելանքը, բարեբախտաբար, հանվել է, բայց չի բացառվում՝ պլաստիկե շշերից քրոնիկ վախ ունեեցող քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», դրա սահմանափակումների նոր ուղեցույց մշակի:

Նշենք, որ խորհրդարանում տեղի ունեցած շշամարտերի հայտնի ակտից հետո, ԱԺ աշխատակազմի որոշմամբ, մինչ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին, այսինքն՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է, սեղաններից հավաքվում է ծանր հրետանին՝ պլաստիկե շիշը: Հիշեցնենք, որ ավելի վաղ էինք նկատել ու արձանագրել՝ օրենսդրի ու գործադրի հարցուպատասխաններից մեկի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շշով ջուրը գաղտագողի էր ձեռքն առնում՝ ընդդիմադիրների աչքից հեռու: Մի կում ջուրը նա ընկերաբար միայն իր գործընկեր նախարարներին էր առաջարկում: Հուսանք, որ Ազգային ժողովը նույնպես, հետեւելով դատարանների օրինակին, կվերացնի պլաստիկե շշերի արգելքը:

 

 

 

ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ

Հուլիսի 14-ին Նոյեմբերյան խոշոր համայնքի` Վրաստանին սահմանակից  Բագրատաշեն գյուղի արհեստական ջրամբարում ջրահեղձվել է 14-ամյա Ա. Կիրակոսյանը։ Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց դժբախտ դեպքի մանրամասները։

3 տղաներով՝ համադասարանցիներով,  Բագրատաշեն մտնող  ոռոգման մայր առվի ջուրն ուղղել են 2007 թվականին  50 տարով վարձակալությամբ տրված, նախկինում Բագրատաշենի խորհտնտեսությանը պատկանած ջրամբար։ Ջրամբարը վարձակալած  բագրատաշենցի Անդրանիկ Մանուկյանը մահացել է, ջրամբարը չի  շահագործվում։ 14-ամյա տղաները, Բագրատաշենի ոռոգման մայր առվի ջրերով լցնելով այդ ջրամաբարը, սկսել են լողալ, այդ ժամանակ  ոչ ամբողջությամբ լցված ջրամբարի որոշ հատվածներում խորությունը կազմել է մոտ 4 մետր։

Վարչական ղեկավարի խոսքով՝ հնարավոր է, որ ոչ ամբողջությամբ լցված ջրամբարի հատակին առվի բերած տիղմի հաստ շերտ է նստած։ Տղաները, տեսնելով իրենց դասընկերոջ խեղդվելը, շփոթահար են եղել: Ուշացումով նրանցից մեկը, գյուղ գնալով, օգնության է կանչել իր հորեղբորը, հետո դիմել են գյուղի վարչական ղեկավարին: Նոյեմբերյանից փրկարարներ են ժամանել: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժաշխատողները  փորձել են  վերակենդանացնել տղային, սակայն անօգուտ։ Ս. Անտոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Արտավազդի մարմինը ջրամբարից դուրս է բերվել բագրատաշենցիների կողմից։

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ջրամբարում խեղդված տղան Բագրատաշենի սովորական այգեգործ-հողագործների ընտանիքից էր,  ընտանիքում երեք եղբայրներ էին։ Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ նախկինում գյուղի երեխաները ամառվա շոգին լողանում էին Բագրատաշենով հոսող Դեբեդ գետում։ Սակայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը  Բագրատաշենի տարածքում՝ Դեբեդ գետում՝ որպես սահմանային  գոտում, արգելել է լողանալը։ Դեբեդում ձկնորսություն անելու համար  Բագրատաշենի բնակիչները պետք է նախապես դիմեն սահմանապահ ծառայություն, որը կարող է թույլատրել գետի ափի որոշակի հատվածում որոշակի ժամանակահատվածում ձկնորսություն անել։

Դեբեդի աջ՝ հայկական ափը մեծ քարերով կամ գաբիոններով չամրացնելու հետեւանքով այդ հատվածում պետական սահման համարվող Դեբեդի հունը վերջին տասնամյակներում մեծ չափով տեղաշարժվել է դեպի աջ, Հայաստանի Հանրապետության տարածքը  զգալի չափով նվազել է, սահմանապահ ծառայությանը դա կարծես թե չի մտահոգում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս