Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ ավտոմեքենայի եւ հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երեւանում։ Չարենցի 50/1 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչ 21-ամյա Արման Մ-ի վարած Mazda 6 մակնիշի եւ դեռեւս չպարզված հեծանվորդի վարած HAYASHI մակնիշի հեծանիվը։
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ հնարավոր է արդյոք հեռավար ուսուցմամբ կազմակերպել սովորողի կողմից գիտելիքների ամփոփիչ ստուգում կամ ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրում։
Սիլվա Սահակյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենմք, որ հեռավար կրթությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» համաձայն։
Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ եւ միջանկյալ գնահատումների (բացառությամբ սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրման) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հեռավար ուսուցում է կազմակերպվում այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են եւ հաճախ են բացակայում երկրից:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն, եւ որ դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում անժամկետ:
Ալիսա Եղիազարյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամության սահմանման նպատակով անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Ուղեգիր է տրամադրվում նաեւ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ (նաեւ բուժման ընթացքում), սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո։
Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչեւ անձի 18 տարին լրանալը եւ անժամկետ: Առաջին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երկրորդ եւ երրորդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը տրվում է երկու տարի ժամկետով, հինգ տարի ժամկետով կամ մինչեւ անձի 18 տարին լրանալը: Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
l տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց,
l վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության դեպքերում,
l իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով յոթ տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին՝ ութերորդ տարվա դիտարկման դեպքում,
l մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով քաղաքացին կարող է դիմել բուժում կամ սպասարկում իրականացնող համապատասխան բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կտրամադրի ուղեգիր: