ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 53

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ Սեւանը դարձյալ կանաչել ու գարշահոտություն է տարածում: Ամեն տարի՝ շոգ ամռան օրերին, երբ ՀՀ քաղաքացիները կապուտակ Սեւանում են ցանկանում հովանալ կիզիչ տապից, Սեւանը «անակնկալ» ծաղկում ու վանում է հանգստացողներին: Սեւանի ծաղկման խնդիրը, ինչպես նաեւ լիճը ճահճացումից փրկելու խոստումներն ու կենացները նոր չեն: 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հուլիսի 18-ին՝ կառավարության նիստի ժամանակ, ասում էր. «Իշխանափոխության առաջին օրերին, երբ սկսվեցին Եվրամիության հետ շփումները, մշտապես կարեւորել ենք Սեւանա լճի հարցը: Սեւանը մշտապես եղել է մեր ու եվրոպացիների հենց առաջին բանակցությունների մեջ»:

Փաշինյանի ասածն այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էր վերահաստատում ու շեշտում, թե լճի մաքրման նկատառումներից ելնելով՝ Գեղարքունիքի մարզի երեք խոշոր քաղաքներում հոսող կեղտաջրերի գետերի վրա մաքրման կայաններ կկառուցվեն:

«Տարածքային կառավարման նախարարություն հանձնարարական է ուղարկվել սեղմ ժամկետներում կազմել Մարտունի, Գավառ եւ Վարդենիս քաղաքներից հոսող կեղտաջրերի գետերի վրա մաքրման կայաններ կառուցելու նախագծանախահաշվային հաշվարկը, որպեսզի դրանք օր առաջ տեղադրվեն»,- ասում էր նա։

Փաշինյանի՝ Սեըանն ուշադրության կենտրոնում պահելու ու մաքրման կայաններ կառուցելու խոստումից հետո՝ երեք տարի անց, սակայն, Սեւանը նորից է կանաչել: Ճիշտ է՝ ընդամենը երեք քաղաքի կոյուղահոսքերի մաքրումը միայն բավարար չէ Սեւանի մաքրման համար, բայց փաստ է, որ թե՛ Փաշինյանի, թե՛ նրա կաբինետի խոստումը չի կատարվել: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

 

 

 

Խորհրդարանական ընդդիմությունը վաղը՝ հուլիսի 22-ին, խորհրդարան կգնա: Ի՞նչ օրակարգով, ինչո՞ւ. այս հարցերի պատասխանները ստանալու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ կապ հաստատեցինք: «Մեր օրակարգում նման հարց չկա»,- վստահեցրեց պատգամավորը: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները հակառակ պնդումն են անում, ավելին՝ հավելում, որ, ըստ նախնական տեղեկության, ընդդիմադիրները վաղը Եվրոպական խորհրդարանի մի պատվիրակության հետ կհանդիպեն: Նշենք, որ գարնանային բոյկոտից մինչեւ օրս ընդդիմադիրները խորհրդարան գրեթե չեն գնացել: Այս օրերին, շոգով պայմանավորված, մեկշաբաթյա դադարի մեջ են. հանրահավաքներ էլ չեն լինի:

 

 

 

ԲԴԽ նախկին  նախագահ Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել  են  ՀՀ Քննչական  կոմիտե եւ հարցաքննել։ «Ժողովուրդ»  օրաթերթը  պաշտոնապես  դիմել  էր ՀՀ քննչական կոմիտե` հետաքրքրվելու  համար, թե  ԲԴԽ նախկին  նախագահ  Գագիկ  Ջհանգիրյանը  արդյոք հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում, թե  ոչ։ Ի պատասխան՝ «Ժողովուրդ» օրաթերթին կոմիտեի  լրատվական ծառայությունից պաշտոնապես  հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության  կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով եւ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»: Թե ինչ է ասել նա քննիչներին, պաշտոնապես մեզ չեն հայտնել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա խոսել է այն, ինչ Հ1-ի եթերում էր ասել: Հիշեցնենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ աղմկահարույց ձայնագրությունից ու Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով:

 

 

 

Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարեվերջից սկսել է թարմացնել իր ավտոպարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս տարվա հունիսին նոր ավտոմեքենաներ է գնել՝ ծախսելով 69 մլն 500 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ կոմիտեն պայմանագիր կնքել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ: Նշենք, որ երկու չափաբաժնով է գնումը կատարվել. առաջին չափաբաժնի ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն դրամ, իսկ երկրորդինը՝ 52 մլն 500 հազար դրամ: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ պայմանագրում նշված չէ, թե կոմիտեն թվով քանի ավտոմեքենա է գնել: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, այս տարի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Տոյոտա Երեւան» ընկերությունից 18 մլն 400 հազար դրամով գնել է մարդատար ավտոմեքենա, որն արտադրվել է 2021 թվականին: Ավտոմեքենայի գույնը սեւ է: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարեվերջին էլ է գնել մեկ մարդատար ավտոմեքենա 15 մլն դրամով: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը մտադիր է թարմացնել ավտոպարկը: Ավելին, ՀՀ կառավարությունում եւս քննարկում են ոչ միայն հին ավտոմեքենաներից ազատվելու, այլեւ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ գնելու տարբերակը, բայց այս մասին՝ հաջորդիվ:

 

 

 




Լրահոս