Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտե ուղարկել եմ այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ եւ ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: «ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում տարիներով է վարվել հայատյացության եւ թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ: Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական ելույթներով գեներացրել եւ շարունակում են գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի բնակչության նկատմամբ, հնչեցնում են սպառնալիքներ եւ վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ:
Նրանց խոսքերը լայնորեն օգտագործվում են ադրբեջանական տարբեր պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից ու արժանանում են հանրային գովասանքի՝ թիրախում ունենալով նաեւ հայ երեխաների եւ կանանց: Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումներն արցախյան 2020թ. 44-օրյա, 2016թ. ապրիլյան պատերազմների ընթացքում, այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով:
Զեկույցում տեղ են գտել նաեւ 44-օրյա պատերազմից հետո այս քաղաքականության նոր դրսեւորումները, բերվել են օրինակներ: Օրինակ` սպանված հայ զինվորների եւ շղթայված գերիների պուրակը Բաքվում, Ադրբեջանի կողմից հրապարակված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, որոնք ցուցադրում են, թե ինչպես է գործիքով քիմիական ախտահանման ենթարկվում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ», եւ այլն: Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության եւ թշնամանքի քաղաքականությունը: Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ եւ հավաստի ապացույցներն ու գնահատականները: Դրանք մշտապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին եւ բարձրաստիճան պատվիրակություններին:
ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել եմ`
- Հետաքննել եւ բացահայտել Ադրբեջանի իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, մշակութային եւ այլ հասարակական գործիչների տարածած ռասայական ատելությունն ու թշնամանքը հայերի դեմ, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
- Քննել էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ադրբեջանական հանցանքները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կատարել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, 2016թ. ապրիլյան պատերազմի եւ ադրբեջանական մյուս զինված հարձակումների ժամանակ:
- Դատապարտել եւ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հայատյաց եւ ռասայական խտրականության դեմ արդյունավետ կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ վերադարձնելով Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին:
ԹԵԺ ԿՐՔԵՐ՝ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ատամ է ցույց տալիս ՀՀ պաշտոնից հեռացող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Երկու գերատեսչությունների բախումները հրապարակային դաշտ են տեղափոխվել: Մասնավորպես, հուլիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ «Դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաեւ` առանձնապես ծանր հանցագործություններ»: Ասել է թե՝ կրկնակի հանցագործությունների ավելացման համար պատասխանատու են դատարանները, որ ազատ են թողնում հանցագործներին եւ մերժում են դատախազների բողոքները: ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը մեկ օր անց արձագանքել է դատախազության հայտարարությանը. «ԲԴԽ-ն անթույլատրելի եւ դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երեւույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլեւ ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է: Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները եւ հարգանք դրսեւորել օրենքի եւ դատական իշխանության նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Իհարկե, կսմիթը կսմիթ, բայց խնդիրը, կրկնահանցագործությունների թվի մեծացումը, անշուշտ, մտահոգիչ է:
ՏՎՅԱԼՆԵՐ՝ ՃՈ-ԻՑ
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը փոխանցել է Հայաստանում տրանսպորտային պարկի վիճակագրական տվյալներ, երթեւեկության վերաբերյալ միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները։ Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու եւ առավել անվտանգ երթեւեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրեց Երեւանի 23 խաչմերուկներում երթեւեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո էականորեն կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները, երթեւեկության հապաղումներն ու խցանումները, կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները եւ այլն։
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՐՈՐԴԸ
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ օրեր առաջ 16-ամյա Ա. Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երեւանի Սարի թաղի 44-ամյա մի բնակիչ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին Երեւան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Հուլիսի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դիակ կա: Պարզվել է, որ Երասխ-Երեւան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ա. Արզումանյանին, որը մահացել է:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ
Հուլիսի 19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղում այրվում է ավտոմեքենա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակյան փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այրվել է ավտոմեքենան:
ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Հուլիսի 19-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է. Թ.-ն։ Երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ.Ս.-ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է եւ Մ.Ս.-ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է 2-ամյա Է. Թ.-ի վրա, ինչի հետեւանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։