ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԾՆՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտամարմնային բեղմնավորման արդյունքում 44-օրյա պատերազմում զոհված տղաների ընտանիքներում ծնվել է 20 երեխա, այս պահին գրանցված է 30 հղիություն։ Այս մասին ասաց Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանի ասուլիսը:

 

«Մեր զոհված տղաների ծնողների դիմելիությունը գնալով շատանում է, որովհետեւ մարդիկ համոզվում են, որ արդյունք կա։ Սա բավականին երկարատեւ գործընթաց է, տեւում է մոտ 1.5 տարի, դրա համար վիճակագրության մասին կարող ենք խոսել միայն այս տարի։ Արտամարմնային բեղմնավորումից առաջ պետք է պատրաստենք կնոջը, գուցե տարբեր վիրահատություններ անցկանցնելու կարիք լինի, սթրեսի ենթարկված կանանց հետ հոգեբանական աշխատանք է պետք իրականացնել, պետք է հաշվի առնել հիվանդությունները, տարիքային գործոնները։ Հիմնականում ծնողների ակնկալիքները արական սեռի են, բայց այս մասով մենք որեւէ վիճակագրություն չենք վարում», – նշեց Փաշայանը։

Փաշայանի խոսքով՝ այս խմբի պացիենտների համար արտամարմնային բեղմնավորման ամբողջ գործընթացի ֆինանսական ծախսը հոգում է պետությունը, եւ շատ հաճախ այս խմբի շահառուների համար կատարվում են բացառություններ, եւ երկրորդ փորձի համար եւս վճարում է պետությունը։ Զոհված զինծառայողների մայրերը այս ծրագրից կարող են օգտվել, եթե իրենց տարիքը չի գերազանցում 53 տարեկանը։ «Մենք բավական բարձր շեմ ենք նախատեսել, որովհետեւ այլ երկրներում այդ շեմը, օրինակ, 45 տարեկանն է։ Ամենաբարձր շեմը՝ 55-ը, ԱՄՆ-ում է։ Որդեգրման պայմանների մեջ անգամ նշված է, որ որդեգողի եւ որդեգրվողի միջեւ տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 50 տարին», – ասաց Նունե Փաշայանը։

Նունե Փաշայանի խոսքով՝ բացի զոհված զինծառայողների մայրերից, այս ծրագրից կարող են օգտվել նաեւ այն ծնողները, որոնց զավակները դատական կարգով ճանաչվել են անհետ կորած։ Իսկ անպտղության հաղթահարման ընդհանուր ծրագրի մյուս շահառուները կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք եւ սահմանամերձ 184 բնակավայրերի բնակիչները։ Եթե անձը ճանաչվում է ծրագրի շահառու, ապա բոլոր հետազոտությունները, միջամտությունները կատարվում են անվճար։ Արտամարմնային բեղմանավորման առաջին փորձը կատարվում է անվճար, երկրորդ փորձը՝ 50% զեղջով։ «Ծրագրի շրջանակում ցուցանիշները տարեցտարի բարելավվում են, որովհետեւ ավելանում է ֆինասնավորումը։ Վեց ամսվա կտրվածքով ծնվել է 44 երեխա, եւ արձանագրվել 104 նոր հղիություն։ Ծրագրի մեկնարկից հետո ծնվել է 170 երեխա: Դինամիկան արդեն իսկ դրական է, որովհետեւ միայն նախորդ տարվա ընթացքում եթե սպասարկվել է 917 շահառու, այս տարվա առաջին կիսամյակում արդեն սպասարկվել է 577 շահառու։ Համապատասխան ֆինսավորման դեպքում մենք ակնլալիքում ենք հղիությունների եւ հետագայում ծնունդների թվի ավելացում։ Մենք եկող տարի նախատեսում ենք ծնունդների մեծ թիվ», – ընդգծեց Փաշայանը։

Ն.Հ.

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է  պաշտոնական պարզաբանում:

Համաձայն վերը նշված օրենքի համապատասխան դրույթի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանում է բազմաթիվ հարցադրումներ քաղաքացիներից եւ վերապատրաստող կազմակերպություններից առ այն, թե որն է համարվում մանկավարժական եւ հանրային կառավարման ստաժ:

Պարզաբանումը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ` կարեւորելով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար դիմող քաղաքացիների համար օրենքի պահանջների հստակեցումը: Իրավական ակտի ուժ ունեցող պարզաբանմամբ ներկայացվել են այն իրավակարգավորումները, որոնցով սահմանվում են «մանկավարժական աշխատանքի» եւ «հանրային կառավարման ոլորտի» ստաժ հասկացությունները: Ըստ այդմ` մանկավարժական  աշխատանքի ստաժում հավասարապես կիրառելի են եւ պետք է հաշվարկվեն ինչպես ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N1391-Ն որոշմամբ, այնպես էլ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով հաստատված մանկավարժական պաշտոններում աշխատած ժամանակահատվածները: Պարզաբանման մեջ արձանագրվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, վերջինս մանկավարժական աշխատող է: Օրենքի տրամաբանությամբ` հանրային կառավարման ոլորտի ստաժ հաշվարկելիս հաշվի է առնվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական ծառայության (քաղաքացիական ծառայություն եւ համայնքային ծառայություն) աշխատանքային ստաժը:

 

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ

Հայաստանի տնտեսությունն այսօր լուրջ խնդիրների է բախվում: Այս մասին հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։ Նրա խոսքով՝ տնտեսական խնդիրների այսօր բախվում է ամբողջ աշխարհը։ Դրանք սկսվել են դեռ կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ «Սակայն երբ սկսվեց համավարակը, շատ երկրներ համապատասխան ռազմավարություն մշակեցին։ Նրանք ինչպես իրենց երկրի բիզնեսի պաշտպանությանը, այնպես էլ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականություն իրականացրեցին։ Հայաստանը, սակայն, չկարողացավ կարգավորել այդ ամենը։ Այսօր մենք ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների մեջ կարծես աղքատության ամենաբարձր շեմն ունի։ Աղքատությունը մեզ մոտ կազմում է մոտ 30 տոկոս։ Առկա գնաճի ֆոնին ՀՀ քաղաքացիների համար կյանքը ծանր է դարձել»,- նշեց պատգամավորը։

 

 

ԳԱՐՇԱՀՈՏԸ ԽԵՂԴՈՒՄ Է

Իջեւանի խոշոր համայնքի  Լուսաձոր գյուղի կողքով, միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները զգում են ծանր, խեղդող, տհաճ հոտ, որը Լուսաձորի  անասնապահական ֆերմայի եւ նույն տարածքում առկա պանրագործարանի գործունեության հետեւանք է:

Այդ կապակցությամբ Լուսաձորի բնակչուհի Լուսինե Ճաղարյանը նշում է. «Ես Լուսաձորի բնակիչ եմ,  ֆերման գտնվում է իմ տանից 100 մետր  հեռու,  այդ  գառշահոտից չենք կարողանում  մեր տան բակում նստել»։ Տավուշի մարզի բնակչուհի Նվարդ Սարդարյանն էլ ասում է.  «Ավտոճանապարհի այդ հատվածում անցնելիս վատանում ենք, կերածներս ետ ենք  տալիս»:   Այդ խեղդող  գարշահոտի  կապակցությամբ գրեթե 10 տարի բազմաթիվ բողոքներ եմ ստացել Տավուշի մարզի բնակիչներից, բազմիցս բարձրացրել եմ  այդ խնդիրը, սակայն հարցը չի լուծվում:

«ՀիմնաՏավուշ» բարեգործական հիմնադրամի Լուսաձորի ֆերման ստեղծվել է 2012թ.-ին Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոն համագործակցության շրջանակներում: 2016-ի ամռանը  Լուսաձորում՝ նշված վայրում ոչնչացրել, հորել են Լուսաձորի անասնապահական ֆերմայում արտադրված 3.5 տոննա պանիրը: Սուրեն Գեւորգյանը, լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, վերջինիս կին Հասմիկ Գեւորգյանը՝ Լուսաձորի անասնապահական ֆերմայում տնտեսական գործունեություն ծավալող «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրենն է, Լուսաձորի անասնապահական ֆերմայում տարբեր տարիներին աշխատել են Հասմիկ Գեւորգյանի հարազատները։  Լուսաձորի անասնապահական ֆերմայի արտադրանք պանիրը հիմնականում առաքվում, իրացվում է Ռուսաստանում, դրանից մեծ շահույթներ են ստացվում։

«ՀիմնաՏավուշն» Իջեւան քաղաքում ֆիրմային խանութ ունի, սակայն այնտեղ վաճառվող սննդամթերքը թանկ է, ուստի իջեւանցիները խանութից քիչ են գնումներ կատարում։ Շատ իջեւանցիներ կարծում են, որ հիմնադրամը դիտավորյալ է Իջեւանում՝ իր ֆիրմային խանութում իրացվող արտադրանքի բարձր գներ սահմանել, որպեսզի այդտեղ քիչ առեւտուր կատարվի, արտադրանքն առաքվի, իրացվի Ռուսաստանում։ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամն իր ստացած մեծ շահույթներից Տավուշի մարզի գյուղերում պարբերաբար փոքր բարեգործություններ է անում, տնկիներ, քիչ թվով հորթեր նվիրում եւ այլն։

«ՀիմնաՏավուշ» հիմնադրամի գործունեությունը Տավուշի մարզում կոռուպցիոն մեծ ռիսկեր ունի, սակայն ՀՀԿ-ի իշխանության օրոք եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին այդ գործունեության վերաբերյալ հանրությանը բավարար չափով տեղյակ չի պահվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս