ՍԻԲԻԼԸ՝ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Թուրքիայում գործող «Քալան մյուզիք» ձայնագրման անկախ ընկերությունը նոր տեսահոլովակ է հրապարակել, որում առաջին անգամ մեկտեղվել են արեւմտահայերենը եւ հայոց լեզվի համշենյան բարբառը։

 

Պոլսահայ հայտնի երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ «Լուսի հատիկ» երգի երաժշտության հեղինակը  Արի Հերկելն է։ Նրան է պատկանում նաեւ երգի գործիքավորումը։ Երգի արեւմտահայերեն խոսքերը գրել է լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունին, իսկ Համշենի բարբառով խոսքերը գրառել է համշենցի մտավորական Մահիր Օզքանը, իսկ երգի տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլարի ղեկավարությամբ։

«Արեւմտահայերենով ու Համշենի  բարբառով «Լուսի հատիկ» երգը մարդկությանն ուղղված բարության կոչ է։ Այս ստեղծագործության արտադրությունը ստանձնել է «Քալան» երաժշտական ընկերության YouTube-ի ալիքը։ Երգն ունի համապատասխան անգլերեն, արեւելահայերեն եւ թուրքերեն թարգմանված ենթագրեր, ինչպես նաեւ տեսահոլովակ ու ժեստերի լեզվով թարգմանություն։ Այս երգը, միավորելով նույն լեզվի երկու տարբեր դրսեւորումներ, ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ արեւմտահայերենն ու Համշենի բարբառը, չնայած նույն տարածքում ապրելով եւ իրարից հեռու մնալով, ինչքան հարազատ են միմյանց։ Երգը նաեւ հիշեցնում է, որ այս երկու լեզուներն էլ գնահատվում են որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ»,-նշեց նա:

Նշենք, որ Սիպիլն իր հայկական ժողովրդական երաժշտության երգարվեստով արդեն միջազգային ճանաչում է վայելում։ Այշենուր Քոլիվարը յուրօրինակ կատարումներով մշակում է Սեւ ծովի արեւելյան շրջանների բազմամշակութային արվեստը։ Մշակույթի այս երկու գործիչները «Լուսի հատիկ» երգով միասնաբար հույսի ձայն են փոխանցում` միաժամանակ գարնան զարթոնքը խառնելով Վարդավառի խանդավառությանը: Հավելենք, որ երգչուհի Սիբիլը վերջին երգի՝ «Ավրորայի աղոթքի» համար նկարահանել էր տեսահոլովակ: Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Հրանտ Մովսիսյանը:

«Շատ հուզիչ, չափազանց խորը այս ստեղծագործությունը բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին»,- այսպես է նկարագրել իր նոր ստեղծագործությունը երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ  հուլիսի 23-ին կմեկնարկի «Երեւան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը:  Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի եւ սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ:

 

Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» փողային նվագախմբի 2022 թվականի բացօթյա համերգաշրջանի ժամանակացույցը՝

23.07, 19:00 – Դիանա Աբգարի պուրակ, Բազմաժանր երաժշտություն,

30.07, 19:00 – Մանկական այգի, Երաժշտություն մուլտֆիլմերից, քայլերգեր,

03.09, 19:00 – Հաղթանակի զբոսայգի, Քայլերգեր,

10.09, 19:00 – Օղակաձեւ զբոսայգի (Գր. Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք), Բազմաժանր երաժշտություն,

17.09, 19:00 – Սիրահարների այգի, Սիրված երգերի գործիքային կատարում,

24.09, 19:00 – Երեւանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն,

01.10, 19:00 – Մանկական երկաթուղի, Երաժշտություն մուլտֆիլմերից,

08.10, 19:00 – Օղակաձեւ զբոսայգի (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հատված), Բազմաժանր երաժշտություն,

15.10, 19:00 – Սիրահարների այգի, Ջազային երաժշտություն,

22.10, 19:00 – Երեւանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն:

Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» փողային նվագախումբը հիմնադրվել է 1964թ. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից: Գործունեության ընթացքում նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասեւը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը եւ այլք:

Նվագախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող եւ դափնեկիր է, զգալի ներդրում ունի Հայաստանում փողային երաժշտարվեստի ավանդույթների պահպանման եւ տարածման գործում:

Նվագախումբը հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով՝ ազգային, հոգեւոր, դասական, ժամանակակից ժանրերում:

 

 

«ՌԵԱԼԸ» ԺԱՄԱՆԵԼ Է

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ժամանել է ամերիկյան Լոս Անջելես։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ԱՄՆ-ում կանցկացնի երեք ընկերական հանդիպում։ Հուլիսի 23-ին Լաս Վեգասում Արքայական թիմը կխաղա «Բարսելոնայի», հուլիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում՝ մեքսիկական «Ամերիկայի», հուլիսի 30-ին Լոս Անջելեսում՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ։

 

 

 

3 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձեւաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են  գովասանագրերի: Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ)  ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը, Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանը եւ Արեգ Բարսեղյանը: ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը եւ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են գովասանագիր։

Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը («ԱՅԲ» դպրոց,  Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) եւ Բիլոր Կուրղինյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։ Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական եւ տեսական փուլերով,  առցանց մասնակցությունն ապահովել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։  Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի (պաշտոնական կայքը՝ ipho2022.com) կազմակերպիչ երկիրը Շվեյցարիան է: Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 51-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձեւաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալների։

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պարտվել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»՝ 0:1։ Հյուրերը միակ գոլը խփել էին 11-մետրանոցից։ Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա հուլիսի 26-ին։

 

 




Լրահոս