ԳԻՐՔ՝ 20 ՔԱՋԵՐԻ ՄԱՍԻՆ. Մ. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ  հուլիսի 16-ին: Գրքում հեղինակը պատմում է     44-օրյա պատերազմում վիրավորված  ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմություններ:

 

Գրքի հերոսների հետ Մամիկոն Խուրշուդյանը ծանոթացել է ռազմական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում Գրքում զետեղված են 44-օրյա պատերազմում վիրավորված 20 հայորդիների մասին իրական պատմություններ։

ArmLur.am-ն երեկ հյուրընկալել էր գրքի հեղինակ Մամիկոն Խուրշուդյանին, որը մեզ հետ զրույցում  պատմեց գրքի հերոսների հեգեբանական ծանր ապրումների, ինչպես նաեւ այլ երկրներում եւս գրքի շնորհանդես կազմակերպելու մասին:

Ինչպես մեզ հետ զրույցում Մամիկոնն է ընդգծում, գլխավոր նպատակը 20 հերոսների իրական փաստերի վրա հիմնված պատմություններն են, որոնք ապագայում գալիք սերունդների համար կրթադաստիարակչական մեծ ներուժ կունենան:

«2020 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերն էր. ընկերոջս հետ քննարկում էինք առաջիկա միջոցառման մանրամասները… Լուսադեմին բաժանվեցինք միմյանցից, հոգնածություն չէի զգում, բայց տուն հասնելս ու քնելս արագ ստացվեց….

27-ի առավոտյան 10-ին արթնացա ընկերոջս զանգից.

-Պատերազմ է սկսվել…

Սկսեցի հուզմունքս խեղդել բղավելով. վերլուծություններս ճիշտ էին դուրս եկել, ավելի շատ բղավում էի, որովհետեւ գիտակցում էի բոլոր դժվարությունները, գիտակցում էի, որ… բայց ներքին պայքարս չմարեց…

Արդեն երեկոյան մետ տասը ընկերներով վճռեցինք մեր անելիքները եւ անգամ պատերազմից հետո շարունակեցինք ամեն կերպ օգնություն ցույց տալ տուժածներին…

Ահա այսպիսին է գրքի առաջաբանը, որն ընթերցողին ամբողջովին փոխանցում է հեղինակի հույզերն ու ապրումները։

«Հայրեններ»-ը 44-օրյա պատերազմի հերոսներ Հրաչյա Խաչատրյանի, Միքայել Գրիգորյանի, Արամ Արզումանյանի, Վոլոդյա Աղասարյանի, Վադիմ Խաչատրյանի, Կարեն Խլոպուզյանի, Արթուր Պողոսյանի, Գոռ Հովհաննիսյանի, Սոս Մաթեւոսյանի, Արայիկ Հակոբջանյանի, Կամո Գեւորգյանի, Միքայել Սարգսյանի, Կարեն Գրիգորյանի, Գարիկ Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Ռազմիկ Քամալյանի, Արամ Մաթեւոսյանի, Արման Մովսիսյանի, Արշակ Ավագյանի եւ Նորայր Տոնոյանի՝ պատերազմում ապրած ծանր ու հերոսական օրերի գրավոր վկան է, որը հեղինակ Մամիկոն Խուրշուդյանի ձեռամբ գրի է առնվել։ Այս գիրքը սերունդներին ժառանգվող անհերքելի փաստ է, որը պատմում է մեր տղաների պայքարի, ուժի, հավատքի, մահվան դեմ կռիվ տվող նրանց չհանձնվող տեսակի, կյանքին առավել ամուր թելերով կառչելու եւ վերածնվելու մասին։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՆՇՎԵՑ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը՝ հուլիսի 20-ին, Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվեց հեղինակի «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը:

 

Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ իրենց հավաքածուում հայ հեղինակի ընդամենը 14 աշխատանք է պահվում, որոնցից մեկը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունն է:

«Կարեւորում եմ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս անդրադառնալու պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած այն աշխատանքներին, որոնք պատկանում են հայ հեղինակներին»,-շեշտեց Մկրտչյանն ու հավելեց՝ ապագայում եւս մեկ ցուցահանդես կնախաձեռնեն՝  ներկայացնելով հավաքածուի բոլոր հայ նկարիչների գործերը:

Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, վստահեցրեց, որ «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը Ավետիսյանի վաղ շրջանի ամենակարեւոր աշխատանքներից է: Ըստ նրա՝ այն «Ջաջուռ» կտավի լրացումն է եւ ոչ պակաս գեղագիտական նշանակություն ունի:

«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ կարծում եմ, որ մեծ արվեստագետներին հիշելը շատ կարեւոր է: Նոր սերունդ է գալիս: Պետք է խոսել մեծերի մասին, վերանայել նրանց կատարած աշխատանքը»,-նշեց նա ու հիշեց, թե ինչպես է նկարել իր հայրը:

Նարեկ Ավետիսյանի խոսքով՝ Մինաս Ավետիսյանը կտավնը սկսում էր այնպես, ինչպես  կտեսներ այն իր մտքում հստակ:  Նկարիչը վերարտադրել է իր գաղափարն ու զգացողությունը, սակայն հաճախ է փոփոխել գունային գամման:

««Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավում տեսնում ենք, որ ներքեւի հատվածի գունաշերտերը, կուտակվելով մեկը մյուսի վրա, ստեղծում են հարուստ կոնտրաստներ  եւ անցումներ: Մինաս Ավետիսյանին գիտենք որպես մաքուր ու հնչեղ գույների վարպետի, բայց այդ մաքուր ու հնչեղ գույներում կան հարուստ կիսատոներ:  Ովքեր տեսել են նրան աշխատելիս, տպավորվել են»,- պատմեց Ավետիսյանը:

Համերգային մասում հանդես եկավ Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը` խմբավար Մարինե Ավետիսյանի ղեկավարությամբ եւ դաշնակահար Հռիփսիմե Ումրշատյանի նվագակցությամբ։

 

 

ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ ամերիկաբնակ հայ ռեփեր Սուպեր Սաքոյի մենահամերգը: Համերգի մուտքն ազատ էր, այն տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Համերգի մեկնարկը տվեց ամերիկյան արմատներով հայ երգչուհի Օֆին, իսկ նրան բեմում ուղեկցեցին «Ամարաս» պարային համույթի պարուհիները։ Սուպեր Սաքոյի համերգի մյուս հյուրերն էին ամերիկացի ռեփեր Ֆադին, Սարոն, Օքսի Ավդալյանը, Սպիտակցի Հայկոն, իսկ Էմմիի հետ «Եթե դու գնաս» զուգերգը ռեփերը կատարեց երգչուհի Անահիտ Հակոբյանի հետ։ Նրա կատարումներն ուղեկցվում էին նաեւ Swag Art պարային համույթի ելույթներով։ Համերգի ողջ ընթացքում ռեփերն անմիջական շփում էր ստեղծում հանդիսատեսի հետ, կատակում էր, հուզում ու թեժացնում երեւանյան զով երեկոն։ Երգիչը ներկայացրեց իր ամենահիթային կատարումներն ու ամենասպասված զուգերգերը։ Համերգն ավարտվեց Սուպեր Սաքոյի ու Սպիտակցի Հայկոյի՝ համաշխարհային հիթի վերածված «Մի գնա» երգով։

 

 

ՀԱՄԱԼՐՈՒՄ՝

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի անվան տարրը գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: «Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց եւս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որն արդեն պաշտոնապես անվանվեց «Դավթյան»: Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

54-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Հուլիսի 10-18-ը տեղի է ունեցել քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Չինաստանն էր։ Հայաստանի թիմի 4 մասնակիցները ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ: 12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Աղեկյանը, Սոնա Սաղեյանը  եւ Տիգրան Հարությունյանը ստացել են բրոնզե մեդալներ։ Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը  եւ Արմեն Գալստյանը: Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 84 երկրների 326 աշակերտներ, գիտելիքի ստուգումն անցկացվել է առցանց ձեւաչափով` մեկ փուլով, առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը։ Հիշեցնենք, որ քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձեւաչափով, Հայաստանի թիմը նվաճել էր 3 բրոնզե մեդալ։

 

 




Լրահոս