2018-ի մարտի մեկին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այն ժամանակ իշխող Հանրապետական խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի հարցը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սարկազմով հայտարարում էր, թե Սարգսյանին առաջադրելով՝ ասես արեւ է իջել Հայաստանի վրա: «Հիմա մենք նախագահի թեկնածու ունենք, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Ու հիմա ես նայեցի նրա՝ մեզ բաժանված կենսագրությունը. նրա քաղաքացիության հարցը մեկից մեկ համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ-չունենալու հետ: Դուք այսօր ՀՀ-ի նախագահ չեք ընտրում, դուք այսօր ՀՀ-ում իշխող մաֆիայի անդամ եք ընտրում»,- նշում էր նա:
Նման միտք վարչապետ Փաշինյանը նաեւ 2018-ի ապրիլի 8-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էր հայտնում. «Պատկերացնո՞ւմ եք ՀՀ նախագահ, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից… Սա անարգանք է պետության նկատմամբ: Նրա համար քաղաքացիություն նշանակում է ինչ-որ պաշտոն՝ կլինի դեսպան, վարչապետ, նախագահ կամ այլ բան, իսկ երբ նրան պաշտոնից հանել են, քաղաքացիությունից հրաժարվել է: Կարծում եմ՝ այսպիսի արարք թույլ տված մարդը նախեւառաջ բարոյական իրավունք չունի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու։ Նա չի կարող որեւէ լուրջ գործունեություն ծավալել, ու նա չի կարող օգուտ տալ ՀՀ-ին, որովհետեւ ստի վրա ճշմարտություն գոյություն ունենալ չի կարող: Ստի վրա առաքինություն կառուցել չի կարելի»:
Նորից մարտի մեկին, բայց արդեն 2019-ին, նախկին նախագահ Արմեն Սարգսյանը անչափ ուրախ էր տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Լավ ավանդույթ է դարձել հանդիպել իրար»,- ասում էր Սարգսյանը, որի ասածը վարչապետ Փաշինյանն էր շարունակում. «Այո, մեր այս աշխատանքային հանդիպումները հաճախակի են դարձել, ինչի ժամանակ մի շարք հարցեր ենք քննարկում»:
Նորից 2019-ին՝ դեկտեմբերի 12-ին, Փաշինյանն ասում էր, որ նախագահի, կառավարության ու ԱԺ-ի միջեւ լավ, աշխատանքային միջավայր է ձեւավորված:
Ի՞նչ է ստացվում. նախկին նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցրել ու ստել է քաղաքացիներին:
Կառավարության հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով կրկին որոշում է կայացվել, որով բյուջեի միջոցներ են ծախսվում առանց հաշվետու լինելու։ Մասնավորապես, որոշում է կայացվել, իրենց բնորոշմամբ, հրատապ խնդիրների լուծման համար 1.4 միլիարդ դրամ հատկացնել Սյունիքում գործող մի հիմնադրամի։ Հիմնավորման մեջ գրված է, որ այդ հիմնադրամը հրատապ է որակել վարչության շենքի նորոգումը, ՊԵԿ-ի համար նոր մեքենայի գնումը, Ոստիկանության համար 2 նոր մեքենայի գնումն ու հիմնադրամի՝ կուտակած պարտքերի մարումը։ Այստեղ ուշագրավն այն է, որ նախկինում մեկ անգամ եւս այս հիմնադրամը գումար է ստացել, սակայն այն չի ծառայեցրել նպատակին։ Խոսենք փաստերով. 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Սյունիքի մարզի կարիքների բավարարման համար նույն Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամին։ Դա առաջացրել էր Ֆինանսների նախարարության դժգոհությունը, եւ առարկել էին, որ այդ հիմնադրամին պետական բյուջեից գումարի հատկացումը կասկածելի է։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ինչ են արել այդ գումարները, սակայն դա չի խանգարում, որ կառավարությունը կրկին նման քայլի դիմի։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, էլ կոռուպցիան պոզով պոչով հո չի՞ լինում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի: Հնարավոր է՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, եւ քննությունը շարունակվի նոր դատարանում: Այս հարցը քննարկվում է դատական համակարգում, եւ տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո։ Չի բացառվում, որ դատավոր Մանվել Շահվերդյանի՝ դատական նիստերը ուշ-ուշ նշանակելու եւ տարբեր պատճառաբանություններով նիստերը հետաձգելու գործելաոճը հենց այդ հանգամանքով էր պայմանավորված: Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով հունիսի 27-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալվում էր, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվեր ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ. Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդ, հաջորդ դատական նիստն էլ նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո: Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական նիստերը մեկնարկել են հունվարից, եւ անցած 6 ամիսների ընթացքում այս գործով «ամբողջական եւ նորմալ» դատական նիստ չի անցկացվել։
Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 265 միլիոն 949 հազար դոլար: Նկատենք, որ, ապրիլ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 106 միլիոն 766 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մայիսին տրանսֆերտները շարունակել են այս տարվա հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսների համեմատ աճել: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը մայիս ամսին կազմել է 238 մլն 735 հազար դոլար։ Այն, ապրիլ ամսվա համեմատ, 95 մլն 761 հազար դոլարով ավելացել է: Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա ապրիլին այն կազմել է 33 մլն 17 հազար դոլար, ապա մայիսին դարձել է 37 մլն 43 հազար դոլար։