«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք ուզում ենք, որ պետական գնումների համակարգը բարեփոխվի, լինի ճկուն եւ մոբիլ եւ միեւնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն սխեմաներից»:
Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի հուլիսի 17-ին: Այստեղ առաջին հերթին խոսքը մեկ անձից կատարվող գնումների մասին է, որի դեպքում արդար մրցակցության մասին խոսք լինել չի կարող, եւ ի հայտ կարող են գալ նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Սակայն ի՞նչ ունենք երեք տարի անց: Կառավարության հուլիսի 21-ի նիստում Հայաստանի 4 մարզում կառավարությունը 3 միլիարդ 107 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանության պարեկային ծառայության համար «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից 175 մեքենա գնելու նպատակով, գնման ընթացակարգը մեկ անձից է, առանց մրցույթի։
Ավելի ուշ Փաշինյանը նշել է. «Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաեւ ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»: Իհարկե, պատճառաբանություններ միշտ կգտնվեն, սակայն սա միակ դեպքը չէ, երբ պետական համակարգում գնումներ են կատարվում մեկ անձից, եւ ամեն անգամ ֆորսմաժորային իրավիճակին հղում անելն իրականում հարցի լուճում չէ: Ստացվում է՝ արդար մրցակցության եւ կոռուպցիայից զերծ մնալու մասին հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին: Նա անում է այն, ինչ նախկինները, սակայն՝ առավել վատ սոուսով:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում