Օրեր առաջ խմելու ջրի աղտոտվածության մասին «Ժողովուրդ» օրաթերթին էր դիմել Վարդենիսի Գեղամասար բնակավայրի բնակչուհի Գոհար Հարությունյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Վարդենիսի համայնքապետարանի հետ, այդ խնդրի մասին պարզաբանումներ ստանալու համար։
Համայնքապետարանից տեղեկացրին, որ Գեղամասարի բնակչուհին սկզբից դիմել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացու դիմումի մասին տեղյակ է պահել Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին, որպեսզի համայնքապետարանը զբաղվի այդ խնդրով, որից հետո Ահարոն Խաչատրյանի հանձնարարությամբ տեղում ուսումնասիրվել է նշված կապտաժը, որևէ ախտոտվածություն չի հայտնաբերվել, սակայն Խաչատրյանը հանձնարարել է որպեսզի կապտաժը նորից մաքրվի։
Զարգացման ծրագրերի գլխավոր մասնագետ Հայկ Դավեյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ Գեղամասար համայնքում 2022թ-ի ծրագրով նախատեսված է խմելու ջրի 3100մ ներքին ցանցի կառուցում, որից 2000մ-ի կառուցումից հետո, նշված 8-րդ փողոցը կունենա շուրջօրյա ջուր։ Իսկ 1100 մետրի կառուցումից հետո Գեղամասար բնակավայրը կունենա ամբողջական ջրամատակարարում։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաև Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանի հետ։
Ավետյանը ևս նշեց որ նման խնդիր չկա, ինչի մասին բարձրաձայնում են։
Ավետյանը նշեց, որ յուրաքանչյուր ամիս սանիպիտկայանից խմելու ջրի հետազոտություն է տարվում։ Մինչ այս պահը, խմելու ջրի որևէ խնդիր չի հայտնաբերվել։