«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
-Պարո՛ն Խաչատրյան, գյուղացիները բարցրաձայնում են, որ մինչեւ այս պահը հասկանալի չէ՝ պետությունը ի վերջո սուբսիդավորում է, թե չի սուբսիդավորում: Խոսակցություն կա, որ եթե անցած տարի ձեռք բերեին պարարտանյութը, գինն ավելի մատչելի կլիներ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Խոսքը չի վերաբերում միայն պարարտանյութին, վառելանյութին կամ սերմացուին. դա ընդհանրապես պետական գյուղատնտեսական քաղաքականության բացակայություն է: Ընդհանրապես պետական գյուղատնտեսական քաղաքականությունը ո՞րն է, ինչո՞վ է այս իշխանությունը օգնում գյուղացիներին: Ես չեմ ասում՝ 5 տարի առաջ շատ լավ էր ամեն ինչ, եւ մենակ այս պարարտանյութ տալով մեծ օգնություն էին տալիս, բայց ինչ որ չափով օգնություն էր: Հիմա ընդյանրապես որեւէ բան չկա: Հայաստանի աջակցությունը գյուղատնտեսությանը եթե համեմատենք տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից տրամադրվող աջակցությանը մրցակից Թուրքիայի, Ադրբեջանի կողմից տրված աջակցությանը, կտեսնենք, որ մեր գյուղացիները ընդհանրապես մենակ են մնացել իրենց խնդիրների հետ: Որեւէ աջակցություն եւ օգնություն չկա: Գարունը որ գալիս է, մարդ չգիտի՝ ինչ ցանի, բերքը հավաքում է, չգիտի՝ ինչպես վաճառի, չգիտի՝ ջուր կունենա, որ գարնանացանը ջրի, թե չէ: Այս ամենը բազմաթիվ խնդիրներ են:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ասում են՝ կաթիլային են ամբողջությամբ կառուցում, որը փրկում է եւ ջուրը տնտեսում է:
-Ներկա պահին քանի՞ հեկտար կաթիլային կա, եւ ովքե՞ր են օգտագործում: Ամբողջ խնդիրը դրանում է, որ այս ինշխանությունը, գյուղացուն օգնելու փոխարեն, որոշեցին օգնել ագրոբիզնեսներին` «հարուստ տղեքին»: Կարող եք հարցում անել եւ տեսնել միջին տարածքը, որը պետական աջակցությամբ, օրինակ, կաթիլային ոռոգման համակարգ է քաշել, դրա փոխարեն կարող են օգնել գյուղացուն խթանել նրա հոգսը, նպաստել մեր գյուղատնտեսության զարգացմանը՝ դրանով իսկ բարելավելով նրանց կենսակերպը, ուժեղացնելով գյուղը եւ սահմանը. նրանց ծրագրի մեծամասնությունը ագրոբիզնեսին օգնությունն է: Շատ բնութագրական էր էկոնոմիկայի եւ համատեղությամբ գյուղնախարարի արտահայտությունը, որն ասում է՝ քանի որ գարնանացանի արդյունավետությունը ցածր է, մենք գարնանացանը չենք սուբսիդավորում: Այսինքն՝ օգնելու փոխարեն, ասում են՝ գլուխ չկա, ուրեմն գլխացավ էլ չկա: Ամբողջ աշխարհում պարենային ճգնաժամ է: Պաենային խնդիրները երբեւէ այսքան սուր չեն եղել: Համաշխարհային կազմակերպությունը մի քանի տարի առաջ պլանավորում էր արել մինչեւ 2032 թիվ, քանի որ նրանք այս ամենը կանխատեսում էին: Մենք այս իշխանություններին այդ մասին ասել ենք, ես նախարար եղած ժամանակ զգուշացրել եմ, որ խնդիր է լինելու, սակայն ասողին լսող է պետք: Իրենց բացատրում ենք, որ գյուղատնտեսությունը բիզնես չէ, եւ չի կարելի ուղղակի պարզ եկամտաբերություն հաշվարկել:
-Պարո՛ն Խաչատրյան, քաղաքացիներից մեկը լրատավական հարցումներից մեկում ասում է, որ ոչ թե ապրանքներն են թանկացել, այլ նախկինում ապրանքները էժան են եղել: Այս սարկազմը մի կողմ, հիմա քաղաքացին ինչպե՞ս գլուխ հանի թանկացումների ֆոնին: Ի դեպ, քաղաքաբնակներն էլ բողոքում են գյուղաբնակներից, որ ապրանքը թանկ են վաճառում: Այս խառնաշփոթ իրավիճակում քաղաքացին ինչպե՞ս հասկանա՝ ոնց ապրել:
-Դե հիմա այն մի քաղաքացին նախ պետք է բժշկի գնա: Նայեք խնդիրը ինչումն է.ես մարզից Երեւան գալիս Օհանավանից ծիրան եմ գնել 3կգ-ը 1000 դրամ: Գնի շուրջ իջեցումներ չեմ կատարել, այլապես գինը կիջեցնեին. այդ նույն ծիրանը Երեւանում արժե 800-ից 1000 դրամ, եւ այդ խնդիրը լուծելու համար Կասյան փողոցի վրա գյուղատնտեսական շուկա ենք բացել. փոքր, բայց էլի լուծում է:
-Կրկին վերավաճառողների համա՞ր է:
-Այո, վերավաճառողներն են, քանի որ Հայաստանում մասան չի վերանում: Այսինքն՝ եթե Հայաստանում կիվիի մի քանի ծառ է աճում, պետք է բարելավել այդ խնդիրը: Պետք է վերահսկողությունը շատացնել, բարելավել այդ ամենը, բայց էլի եմ ասում՝ ծիրանը, որ ես այդ կնոջից գնել եմ 3կգ-ն 1000 դրամ, Երեւանում արժե 800-ից 1000 դրամ: Մյուս կողմից՝ եթե այդ խնդիրը կա, 1000 դրամ ծիրանը 1 բաժակ ամերիկանո սուրճ է: Եկեք համեմատենք, հա, 1 բաժակ սուրճը կամ խմորեղենը եւ 3կգ ծիրանը, այս ամենի գները հոգեպես ազնիվ համեմատենք: Եթե գները լինեն մատչելի, պետք է պետությունը գյուղատնտեսությունը սուբսիդավորի եւ դոտացիա տա: Մարդիկ բողոքում են պարենային մթերքի թանկությունից, որովհետեւ գները աճել են հիմա: Այս ինշանությանը ասում են՝ գները աճել են, ասում է՝ ամբողջ աշխարհում գնաճ է: Բայց ամբողջ աշխարհի կառավարությունները փորձում են ինչ-որ մի բան անել, որ այդ գնաճի հետեւանքները մեղմեն: Օրինակ՝ Միացյալ Թագավորությունը հուլիսի սկզբին 8,4 միլիոն ընտանիքի մի ընտանիքին 650 ֆունտով օգնել է ուղղակի հոգսը թեթեւացնելու համար, Ռուսաստանը ինդեքսավորեց նվազագույն աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, քանի որ գները բարձրանում են, Գերմանիայում 9 եվրոյով կարող ես տոմս գնել գնացքի եւ ամբողջ Գերմանիայով պտտվել, ինչը շատ թանկ արժե:
Երկրները, կառավարությունները քայլեր են ձեռնարկում իսկ այս կառավարությունը բողոքում է, եւ վաղը որ խնդիր լինի, կասեն՝ աշխարհն է մեղավոր, մենք մեղավոր չենք:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏԸ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Կոտայքի մարզի Առինջ համայնքում անշարժ գույք է գնել: Պատգամավորն այն ձեռք է բերել 2017 թվականին՝ 27 մլն 200 հազար դրամով: Այդ տարի նրա դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ, ստացել է 24 մլն 480 հազար դրամի չափով փոխառություն, վարկ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանի ամսական աշխատավարձն այդ տարի կազմել է 544 հազար դրամ, իսկ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանը Երեւանի Նորք-Մարաշում շինություն ունի, որը նա որպես ժառանգություն ստացել է 2009 թվականին: Դրամական միջոցներն ավելացել են՝ 1 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում բարձրացել է նաեւ նրա աշխատավարձը՝ ամսական կազմելով 1 մլն 36 հազար դրամ: Ի դեպ, Նազարյանը 2019-ին ԱԺ փոխնախագահն էր: 2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2 մլն դրամ: Ավտոմեքենա չունի, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 830 հազար դրամ, բացի այս, կառավարությունից ստացել է միանվագ վճար՝ 300 հազար դրամի չափով: Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ Լենա Նազարյանն ամսական ստացել է 787 հազար դրամ աշխատավարձ: Բացի այս, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատգամավորի ունեցած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 մլն 520 հազար դրամ: Նազարյանի պատգամավոր ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նախորդ տարի 5 մլն դրամով ավտոմեքենա է գնել՝ Toyota մակնիշի: Նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 959 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 787 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Նարեկ Բաբայանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցնում էր ՀՀ անշարժ գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Ս.Հ.
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Հուլիսի 21-ին մասնակցել եւ ելույթով հանդես եմ եկել «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը, խնդրի կանխարգելմանն ուղղված պետական ծրագրերը, ընտանեկան բռնության դեմ պայքարի, դեպքերի արագ արձագանքման եւ արդյունավետ կանխարգելման մեխանիզմների բարելավման հնարավոր ուղիները: Այս առումով կարեւորել եմ ԱԺ-ՔՀԿ համագործակցությունը, որի վառ ապացույցն է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության առաջարկով, իմ ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից մշակված օրենքի նախագիծը, որով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու միջոցով դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն պետք է տրամադրվի նաեւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց ամուսնալուծության, ինչպես նաեւ երեխայի բնակության հարցի վերաբերյալ հայցերով, որի արդյունքում նշված անձինք կազատվեն պետական տուրքի վճարումից»։
ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
Հուլիսի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատրյանին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանից: Ասատրյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի անմիջական միջնորդությամբ է նշանակվել ԲԿ-ի պաշտոնակատար: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ իշխանավորներն այժմ էլ Սյունիքի մարզկենտրոնի բժշկական կենտրոնի պաշտոնակատար նշանակելու համար են ներքին պայքար մղում: ArmLur.am-ը կապ հաստատեց Դանիելյանի հետ նշանակման մասին նաեւ նրա տեսակետը լսելու համար: «Կապանում, այսպես ասած, Ձեր թեկնածուն, Ձեր մտերիմն է նշանակվել ԲԿ-ի պաշտոնակատար, ինչպե՞ս կմեկնաբանեք»,- հարցրեցինք: «Մեր թիմում իմ ու քո թեկնածու չկա: Շատ ուրախ եմ Ասատուրի նշանակման համար: Նա իսկապես իր գործում լուրջ մասնագետ է»,- նշեց պատգամավորը: