ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սուրեն Ավետիսյանը, իր կողմից ստեղծած եւ ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ Արմեն Վարոսյանին եւ վերջինիս եղբորը՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մեկին իրենց աշխատասենյակում եղբայրների կողմից ծեծի ենթարկելու մասին, 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող տարածքում հիշյալ խմբավորման անդամների հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ: Այդ ընթացքում Սուրեն Ավետիսյանը ներկաներին հանձնարարականներ է տվել Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծել բացառապես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու միջոցով. հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կատարել են վերջինիս պահանջը՝ այդկերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը եւ ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը։
Սուրեն Ավետիսյանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած եւ ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, Ռաֆիկ Իգիթյանի, Վահան Տեր-Պողոսյանի, Ցոլակ Գեւորգյանի եւ խմբավորման այլ անդամների միջոցով վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Սեւան» եւ այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցների հավաքագրումը եւ տնօրինել հիշյալ խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Մասնավորապես, դերաբաշխման համաձայն, խմբավորման անդամ Վահան Տեր-Պողոսյանը, 2022 թվականի հունվարի 9-ին ստանալով հավաքագրված ընդհանուր 4.595.000 ՀՀ դրամ գումարը, Գյումրի քաղաքում այն փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին եւ Ցոլակ Գեւորգյանին, որոնք ստացված գումարը հաշվելուց հետո հեռախոսազանգի միջոցով դրա չափի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել Սուրեն Ավետիսյանին:
2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամի հրահանգել է, հանցավոր աշխարհում ձեւավորված ավանդույթի համաձայն, հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Արտյոմ Ղազարյանին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար եւ տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Իգիթյանը, եւս մասնակցելով նշված խմբավորմանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս եւ Ցոլակ Գեւորգյանը Արտյոմ Ղազարյանին են փոխանցել նշված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ նրանցից մեկի համար որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Վերոնշյալ 8 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ն. Հ.
ԱԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ԶԵՂՉԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի՝
- սահմանվում են ակցիայի հասկացությունը եւ դրա տեսակները,
- սահմանվում են զեղչի հասկացությունը եւ կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը եւ այլն,
- տարանջատվում են զեղչը եւ գնի քաղաքականության փոփոխությունը,
- հստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի եւ դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները,
- նախատեսվում է, որ միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։
Նշված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 31-ից հետո հայտարարվող ակցիաների վրա։
15 000 ԹԱՓՈՒՐ ՏԵՂ
Այս տարի ՀՀ բուհերում թափուր է մնացել 15 000-ից ավելի տեղ, հիմնականում՝ ոչ պետական բուհերում։ Ավելին, կան բուհեր, որ նույնիսկ դիմորդներ չեն ունեցել։ Այս մասին հայտնեց ԳԹԿ կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ «Եթե նախորդ տարիներին հնարավոր էր մեկ քննությունով բուհ ընդունվել, ապա այս տարվա կարգով ամրագրվել է` յուրաքանչյուր դիմորդ պետք է առնվազն 2 քննություն հանձնի։ Բացի այդ, եթե նախորդ տարիներին մեկ առարկայից կտրվածը հնարավորություն էր ունենում մասնակցել թափուր տեղերի մրցույթին, ապա այս տարվանից սկսած` նա այդ իրավունքը չունի։ Այսինքն` պետք է երկու առարկայից դրական գնահատական ունենա, որ կարողանա թափուր տեղերի մրցույթին մասնակցի»,- ասաց Նասիբյանը` հավելելով, որ հենց այս պատճառով էլ այդքան թափուր տեղեր են մնացել։ Նասիբյանը հայտնեց նաեւ, որ այս տարի 13 887 դիմորդ ենք ունեցել` նախորդ տարվա 13 128-ի դիմաց։ Իսկ միասնական քննությունների մասնակիցների թիվը 11 587 է եղել. առաջին փուլում 7246 դիմորդ բուհ է ընդունվել, իսկ կտրվածները 3076 են` շուրջ 30 տոկոս։ Նա հայտնեց, որ հիմնական փուլի մրցույթի արդյունքներով Հայաստանի ագրարային համալսարան ընդունվողների թիվը 38 է, նույն իրավիճակն է Մանկավարժական համալսարանում եւ մարզերի բուհերում։ «Ֆիզիկա» մասնագիտությամբ մանկավարժական համալսարան 1 անձ է ընդունվել, իսկ ԵՊՀ-ում միշտ պահանջարկված միջազգային հարաբերություններ ֆակուլտետում 2 թափուր տեղ կա։ Նրա խոսքով` բժշկական մասնագիտությունների հանդեպ կա հետաքրքրություն, սակայն դիմորդները դեղագետ դառնալ չեն նախընտրում, միայն բուժել են ուզում։ Նասիբյանը տեղեկացրեց նաեւ, որ ամենաշատը դիմորդները քննություն են հանձնել «Անգլերեն» առարկայից` 5641 անձ է հայտագրված եղել։ 5000-ից ավել դիմորդ քննություն է հանձնել «Մաթեմատիկա» եւ «Հայոց լեզու» առարկաներից, իսկ ամենաշատը կտրվել են «Մաթեմատիկա» առարկայից` դիմորդների 20 տոկոսից ավելին։
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՑ՝ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հուլիսի 11-ին որոշում է ընդունել Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանին պաշտոնից ազատելու եւ նրա հետ 2017թ. օգոստոսի 29-ին կնքված պայմանագիրը լուծելու մասին։ Մարզպետի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել Լուսինե Գեւորգյանը։ Լիանա Ալավերդյանն անցյալ տարի հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրությանը մասնակցելու իրավունք վերապահող հավաստագրման դասընթացներին չէր մասնակցել, սերտիֆիկատ չէր ստացել եւ չէր կարող մասնակցել Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված հերթական մրցույթին։ Լ. Ալավերդյանը Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն էր 2011թվականից շուրջ 11 տարի։ Հուլիսի 18-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը որոշում է ընդունել Նոյեմբերյանի համայնքապետանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սոցիալական աջակցության, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի թափուր պաշտոնում նշանակել Լ. Ալավերդյանին մինչեւ մրցույթի կայացումը եւ հաղթող անձի կողմից նշված պաշտոնը զբաղեցնելը, Լիանա Ալավերդյանի հետ կնքել օրենսդրությամբ սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագիր։ Լ. Ալավերդյանը 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններում «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն էր, ընտրվեց ավագանու անդամ, սակայն ինքնաբացարկ հայտնեց, չստացավ ավագանու մանդատը։ Լ. Ալավերդյանը բնակվում է Նոյեմբերյան քաղաքից շուրջ 25 կմ հեռավորությամբ գտնվող Բագրատաշեն գյուղում, աշխատանքի է գնում համայնքի հասարակական տրանսպորտ միկրոավտոբուսով։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքից հետո Նոյեմբերյանից Բագրատաշեն վերադառնալն է դժվար, քանզի այդ ժամին հասարակական տրանսպորտ չի աշխատում։ Նա հայտնեց, որ այդ իրավիճակից ելք կգտնի, եթե այլ տարբերակ չլինի, ավտոմեքենա վարել կսովորի եւ սեփական ավտոմեքենայով կգնա աշխատանքի։ Նա հայտնեց նաեւ, որ համայնքապետարանի կրթության, մշակույթի, սոցիալական աջակցության, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի թափուր պաշտոնի համար մրցույթը հավանաբար կկայանա առաջիկա աշնանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ