«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԾՈՎԻ ԱՓԻՆ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, լիաթոք կտրվել առօրյա եւ աշխատանքային հոգսերից:

 

Այսպիսով, ArmLur.am-ը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է դերասանուհի Յուլիա Ֆինկի հետ:

«Այս պահին ժամանակ եմ անցկացնում երեխաներիս հետ Դիլիջանում: Մայրիկս այստեղ աշխատում է որպես զինվորական,  բացի դա էլ Ստեփանավանի բնությունը, թթվածինն ավելի հարմար է երեխաների համար, հատկապես՝  ձմեռային հիվանդություններից հետո: Անկեղծ ասած, դեռ փորձ չունենք երեխաների հետ երկրից դուրս հանգստանալու, բայց ցանկանում ենք փորձել: Իրականում Արտյոմի հետ ցանկություն կա առանձին հանգստանալու, քանի որ բավականին երկար ժամանակ է՝ չենք հանգստացել»,-ասաց նա:

Յուլիա Ֆինկի խոսքով՝ ինքը պասիվ հանգստի սիրահար է եւ ամենից շատ սիրում է ծովը, նույնիսկ երազում է ծովի ափին տուն ունենալու մասին. «Իսկ Արտյոմը, հակառակը, սիրում է ակտիվ հանգիստ: Նա հանգստի առումով համամիտ չէ ինձ հետ,  քանի որ ես շատ եմ ցանկանում Բալի գնալ շատ երկար ժամանակով, կուզենայի նաեւ երկար ժամանակով լինել Իտալիայում, ծովափնյա ինչ-որ մի տեղ, իսկ Արտյոմը շատ խոնավ վայրերում երկար մնալ չի կարողանում, դրա համար էլ դեռ ընդհանուր հայտարարի չենք եկել: Իսկ ինչ վերաբերում է գումարին, կարծում եմ՝ նորմալ հանգստի համար բոլորին էլ շատ գումար է պետք»:

Անդրադառնալով ոճին՝ Յուլիա Ֆինկն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր. «Արտաքինում ամենակարեւորը խնամված լինելն է, ինչը չի նշանակում շատ շպարվել ու տարբեր հագուստներ կրել. կնոջ խնամվածության ամենակարեւոր գրավականը մաքուր մազերն է: Ես ինքս չեմ սիրում նորաձեւության տենդենցներին հետեւել. եթե, օրինակ, այս տարի ինչ-որ բան նորաձեւ է, չեմ սիրում այդ նույն բանը կրել, քանի որ բոլորը նույն բանն են հագնում։ Սիրում եմ ոճերը խառնել, կոնկրետ նույն ոճի հագուստներ չունեմ, սիրում եմ տարբեր ոճերի մեջ լինել, իմ զգեստապահարանում չկան կրկնվող հագուստներ։ Կարող եմ մի օր լրիվ դասական հագնվել, մի օր լրիվ այլ ոճի մեջ լինել»,-ասել է նա։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎԵՐԴԻԻ «ՕԹԵԼԼՈ»-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Հուլիսի 28-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) Հայաստանի ազգային ակադեմիական եւ Երեւանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի մասնակցությամբ կներկայացնի Վերդիի «Օթելլո» օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ: Ինչպես հայտնում են Ֆիլհարմոնիկ նվագախմբից, համերգի ընթացքում Օթելլոյի կարպարում հանդես կգա Արսեն Սողոմոնյանը, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի:

 

«Օթելլո»-ն Վերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը: Կոմպոզիտորին հաջողվել է փոխանցել շեքսպիրյան ողբերգության իրական ոգին, թեեւ, երաժշտական դրամատուրգիայի օրենքների համաձայն, այստեղ բացակայում են մի շարք տեսարաններ: Օպերայում իրադարձությունները զարգանում են ավելի խիտ եւ սրընթաց, իսկ կերպարների եւ դրամատիկ իրավիճակների հակադրությունն ավելի կտրուկ է: Այս երաժշտական ողբերգությունը ցնցում է իր ճշմարտացիությամբ եւ մարդկային կերպարների խորությամբ: Արտակարգ ռելյեֆայնությամբ եւ զորեղ դրամատիզմով է ներկայացված Օթելլոյի երաժշտական կերպարը՝ հերոսի եւ ռազմիկի, կրքոտ, սիրող ամուսնու, վստահող եւ միեւնույն ժամանակ իր կատաղության մեջ խելահեղ մարդու, ինչպես նաեւ հեզ ու մաքուր Դեզդեմոնան եւ նենգ Յագոն, ով ոտնահարում է բոլոր բարոյական օրենքները:

Երգչախմբային հատվածները լրացնում են գլխավոր հերոսների կերպարները՝ արտահայտելով ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ: Օպերայում կարեւոր դեր է խաղում նվագախումբը, որը փոխանցում է իրադարձությունների հուզական մթնոլորտը՝ հոգեբանական երանգների բացառիկ հարստությամբ։

Նշվում է, որ Օթելլոյի դերում հանդես եկող մեր հայրենակիցը՝ Արսեն Սողոմոնյանը, այս դերերգով հանդես է եկել շուրջ քսանհինգ անգամ աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Սողոմոնյանի ձայնը հազվագյուտ, հերոսական տենոր է, եւ նա դրամատիկ տենորի երկացանկի ամենապահանջված օպերային երգիչներից է:

Յագոյի տիկնոջ դերերգով հանդես կգա մեցցո սոպրանո Բելլա Ամարյանը, Կասսիոյի կերպարը կմարմնավորի տենոր Տիգրան Հակոբյանը, Ռոդրիգո՝ Հայկ Թոնգուրյան (տենոր), Լոդովիկո՝ Հայկ Տիգրանյան (բաս), Մոնտանո՝ Աշոտ Ղանթարջյան (բարիտոն):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ եւ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ «Օթելլո»-ն հնչել է նաեւ 2018/2019թ.-ի համերգաշրջանի փակմանը:

 

 

 

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կանխատեսել է, որ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը դարձյալ կավարտվի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնությամբ։

«Անհավանական պայքար է սպասվում նոր մրցաշրջանում։ Պատկերացում չունեմ, թե որ թիմերն են լինելու չեմպիոնական մրցավազքում։ Սա Անգլիան է, ամեն ինչ անկանխատեսելի է, բայց, ամենայն հավանականությամբ, վերջում դարձյալ տիտղոսը կնվաճի «Մանչեսթեր Սիթին»։ Եթե մենք մեկ անգամ չդառնայինք առաջինը, «Մանչեսթեր Սիթին» հինգ կամ վեց տարի անընդմեջ կնվաճեր տիտղոսը։

Մեր նպատակն է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը եւ լավագույն մրցաշրջան անցկացնելը։ Անհամբեր սպասում եմ առաջնության մեկնարկին»,- ասում է Յուրգեն Կլոպը: Պրեմիեր լիգայի անցած առաջնությունում «Լիվերպուլը» չեմպիոնի տիղտոսը նվաճած «Մանչեսթեր Սիթիից» հետ մնաց 1 միավոր։ Նոր մրցաշրջանի առաջին տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 6-ին կհյուրընկալվի «Ֆուլհեմին»։ «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 7-ին Լոնդոնում կմրցի «Վեստ Հեմի» հետ։

 

 

 

ՌԵԿՈՐԴ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը նվաճեց ձողացատկի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը ԱՄՆ-ի Յուջին քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում։ 22-ամյա շվեդ աթլետը ցույց տվեց 6,21 մետր արդյունք՝ աշխարհի ռեկորդը բարելավելով 3 սմ-ով։ Նախորդ ռեկորդը՝ 6,18 մետր, Դյուպլանտիսը սահմանել էր  2020 թվականին։ Արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Կրիստոֆերր Նիլսենը (5,94 մ), երրորդ տեղը գրավեց ֆիլիպինցի Էռնեստ Ջոն Օբիենը (5,94 մ)։

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջին անգամ 5-րդ տեղ է բարձրացել իսպանացի Կառլոս Ալկարասը։ Նրանից առաջ են ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, Գերմանիայի ներկայացուցիչ Անդրեյ Զվերեւը, իսպանացի Ռաֆայել Նադալը եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը բարձրացել է 3 աստիճան եւ 23-րդ տեղում է։

 

 

 

ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Շանթ Խաչատրյանը (72կգ) եւ  Կարապետ Չալյանը (82 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ։ Հիշեցնենք, որ առաջին օրը 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եզրափակիչում 8:1 հաշվով հաղթել էր ճապոնացի մրցակցին եւ նվաճել ոսկե մեդալը։ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:




Լրահոս