Լուսանկարն արվել է Տավուշի մարզում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին բախվել են Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Հ-ի վարած «ՎԱԶ 2104» մակնիշի եւ ԱՄՆ քաղաքացի 38-ամյա Դերենիկ Թ-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով Kia-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որտեղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:
Լիաննա Մխիթարյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ քոլեջի որ շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում եւ կրթության ինչ ձեւով:
Հայկուհի Կիրակոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քոլեջի՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ` մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։
Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը: Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ: