«Մենք ուզում ենք, որ պետական գնումների համակարգը բարեփոխվի, լինի ճկուն եւ մոբիլ եւ միեւնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն սխեմաներից»: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի հուլիսի 17-ին: Այստեղ առաջին հերթին խոսքը մեկ անձից կատարվող գնումների մասին է, որի դեպքում արդար մրցակցության մասին խոսք լինել չի կարող, եւ ի հայտ կարող են գալ նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Սակայն ի՞նչ ունենք երեք տարի անց: Կառավարության հուլիսի 21-ի նիստում Հայաստանի 4 մարզում կառավարությունը 3 միլիարդ 107 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանության պարեկային ծառայության համար «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից 175 մեքենա գնելու նպատակով, գնման ընթացակարգը մեկ անձից է, առանց մրցույթի։ Ավելի ուշ Փաշինյանը նշել է. «Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաեւ ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»: Իհարկե, պատճառաբանություններ միշտ կգտնվեն, սակայն սա միակ դեպքը չէ, երբ պետական համակարգում գնումներ են կատարվում մեկ անձից, եւ ամեն անգամ ֆորսմաժորային իրավիճակին հղում անելն իրականում հարցի լուճում չէ: Ստացվում է՝ արդար մրցակցության եւ կոռուպցիայից զերծ մնալու մասին հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին: Նա անում է այն, ինչ նախկինները, սակայն՝ առավել վատ սոուսով:
Վաղը՝ հուլիսի 28-ին, Ազգային ժողովի խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով նորից խորհրդի նիստ կհրավիրի: Թեեւ հստակ չէ՝ խորհրդի կազմում ներառված պատգամավորները կմասնակցեն, քվորում կապահովեն, թե ոչ, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահը (այս պահին՝ նրա պարտականությունները կատարողը) խորհրդի նիստ հրավիրելու մասին հայտարարությամբ պետք է հանդես գա: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրանից հետաքրքրվեց՝ վերջապես ինչ ճակատագիր է ունենալու ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը: Ի պատասխան՝ նա նշեց, որ օրենքը չի սահմանում՝ եթե ԱԺ խորհուրդն այդպես էլ նիստ չգումարի, ապա ինչ է լինելու, ու որն է հաջորդ քայլը: Այսինքն՝ օրենքը հստակություն չի սահմանում, ու, օրինակ, առկախված է մնում, թե ինչ է լինելու ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը: Խաչատրյանի փոխանցմամբ՝ եթե հուլիսի 28-ի նիստը նորից չկայանա, ապա ԱԺ խորհուրդը նույն օրակարգով եւս մեկ անգամ կարող է նիստ հրավիրել: Եթե նույն օրակարգով 4-րդ նիստն էլ չանցկացվի, ապա հարցն ինքնաբերաբար կփակվի, կգնա: Իսկ հարցը, թե ի վերջո բացականերն ինչ են լինելու, օդում կախված կմնան, թե այդ գործընթացից հետո անհարգելի բացակաները հարգելի կդառնան, դեռ մնում է չպարզաբանված:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցած կիրակի՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սեւանի ճանապարհին, սակայն նա մինչեւ այժմ շարունակում է պաշտոնավարել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, եւ ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ մարզպետ Կարեն Սարգսյանից պաշտոնապես պարզել, թե արդյոք նրան զրկում են վարորդական իրավունքից, թե ոչ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց ո՛չ մեր զանգերին, ո՛չ հաղորդագրություններին։ Նկատենք՝ եթե նրան վարորդական իրավունքից զրկելու գործընթաց է սկսվում, նշանակում է՝ հաստատվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել ղեկին, իսկ այս դեպքում նա առնվազն պետք է հրաժարական տա խմած մեքենա վարելու, վթարի պատճառ դառնալու համար։ Սա թերեւս կլիներ նախկինում, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կպահանջեր Կարեն Սարգսյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ, հեղափոխությունից շատ չանցած, վարչապետի ընտանիքն ու իշխանությունը դեռ շոու էին անում, թե պահում են օրենքները. 2020 թվականին Աննա Հակոբյանը տուգանվել էր իր անչափահաս դստերը ամառանոցի տարածքում մեքենայի ղեկը վստահելու համար: Երկու տարի անց իրավիճակ է փոխվել, եւ այժմ մարզպետ Կարեն Սարգսյանին կարող են պատժել՝ միայն վարորդական իրավունքից զրկելով, սակայն նա կշարունակի պահել իր պաշտոնը, վարորդականն էլ հետ կտան թերեւս կարճ ժամանակ անց:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8 տոկոսով. սա այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է լուրջ անկում արձանագրվել, այն էլ՝ 5.5 տոկոսի չափով: Ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության, անասնաբուծության ոլորտներում: Բայց, արի ու տես, երկրի գյուղատնտեսության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փորձել է մեղմել այս իրավիճակը՝ հայտարարելով, որ գյուղատնտեսության վիճակագրական տվյալները թվային չեն, եւ դրանք սովորաբար գնահատականների վրա են հիմնված: Նա իր այս միտքն արդարացրել է՝ նշելով, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն են զգալի աճել: Հուսանք՝ Վիճակագրական կոմիտեն առաջիկայում գյուղատնտեսության ոլորտում թվանկարչությամբ չի զբաղվի նախարարի խոսքերն արդարացնելու համար: Չնայած սրան՝ նշենք, որ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրության ծավալների անկում: