ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, հնարավոր է, առաջիկայում հանդիպեն։ Երեկ խորհրդարանում այս մասին հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, առանց, սակայն, հստակեցնելու ժամկետները։

 

«Այո, որքանով տեղյակ եմ, նաեւ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց եւս պետք է հանդիպում տեղի ունենա երկրի ղեկավարների կողմից: Ժամկետների առումով հստակ չեմ կարող ասել», – ասաց Աղաջանյանը:

Նշենք, որ Փաշինյանն ու Ալիեւը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22 -ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում, այն ժամանակ հայտարարվել էր, որ առաջնորդներն այս ձեւաչափով կրկին կհանդիպեն հուլիսին կամ օգոստոսին։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ դրական գնահատեց նաեւ արտգործնախարարների Թբիլիսիի բանակցությունը, որն Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ՝ առանց միջնորդների հանդիպումն էր։ Հանդիպմանը հաջորդած կոնկրետ պայմանավորվածությունների մասին, սակայն, Էդուարդ Աղաջանյանը ոչինչ չփոխանցեց եւ չմանրամասնեց: «Բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում», – ընդգծեց Աղաջանյանը:

«Միջանցքային տրամաբանությունը մեզ համար ընդունելի չէ»,- երեկ եւս մեկ անգամ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը վերահաստատեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը, որ Թեհրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը:

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի տրամաբանությունը որեւէ կերպ ընդունելի չի Հայաստանի համար, եւ նաեւ կարեւոր եմ համարում նշել, որ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել՝ նաեւ «Զանգեզուրի միջանցքը» հիշատակելով, Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել», – ասաց նա:

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության իշխանական անդամների ասուլիսը նվիրված էր պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությանը։ Պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դժգոհեց, որ միջազգային հանրությանը ուշադրությունը սեւեռված է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա։

Նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են Ադրբեջանում պահվող գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել:

«Ցավոք, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սեւեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները, եւ, ըստ էության, գործնականում կարելի է արձանագրել՝ որեւէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին, կարելի է ասել, հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի գործելակերպ է»,- հայտարարեց Աղաջանյանը:

Հայկական պատվիրակությունն ընդգծել է նաեւ Արցախի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում լուծելու կարեւորությունը: Պատվիրակության ղեկավարը վստահեցնում է՝ չնայած առաջարկած փոփոխությունները ամբողջությամբ հիմնավորված էին, սակայն ձայների փոքր տարբերությամբ դրանցից եւ ոչ մեկը չի ընդունվել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ` ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

 

 

 

ՉԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է չգրանցված դեղերի եւ դեղագործական արտադրանքի՝ Հայաստանի սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել եւ կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում վերջիններիս պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել է լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք եւ դեղորայքի դատարկ տուփեր, իսկ վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում բաճկոնների ներքին գրպաններից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր:

Նշված դեպքերով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ եւ 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

 

 

 

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ

Հուլիսի 26-ին կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի կին եւ եւս երկու տղամարդ:

Ավելի ուշ պարզում են, որ ժամը 02։00-ի սահմաններում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը եւ Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Գ. Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակում է Տ. Սարգսյանի ուղղությամբ, ապա հետապնդելով նրան՝ գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակել է նրա ուղղությամբ, ինչի հետեւանքով Վարդուհի, Գոռ եւ Գնել Հակոբյանները ստացել են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած անձինք մայր ու որդի են, որոնք անգամ միջադեպի հետ կապ չեն ունեցել: Բանն այն է, որ Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը եւ Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են, հնչել է կրակոց, եւ փողոցի այդ հատվածում կանգնած են եղել Վարդուհի, Գոռ եւ Գնել Հակոբյանները, որոնք էլ հրազենային վիրավորում են ստացել: Ասել է թե՝ վերջիններս դարձել են այլ անձանց վիճաբանության զոհը: Ներկա պահին իրավապահները փնտրում են կրակողին:

 

 

 

ԴԱՏԱՐԱՆ ՉԵՆ ԳԱԼԻՍ

2021 թվականի ապրիլի 14-ին Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանությունը): «Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջեւ ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»:

Եվ, ահա, Գարեգին Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկին՝ թիվ 54 երթուղային միկրոավտոբուսի մեջ, ապօրինաբար Արման Մերուժանի Հունանյանին դիտավորությամբ զրկել էր կյանքից: Բաղդասարյանը կալանավորված է, եւ քրեական գործ դատարանում է, սակայն քրեական գործով դատարանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ դատարանում զարմանալի իրավիճակ է ստեղծվել. դատախազները դատարան չեն գալիս:

 

 




Լրահոս