ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ՝ ՏՈԿՈՍՈՎ ՏՎԱԾ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական ճգնաժամի արդյունքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Երեւանի էլիտար շինարարության ոլորտում: Մինչեւ ճգնաժամը բնակելի տների շինարարությունը բնականաբար ոչ առանց շահի ֆինանսավորած օլիգարխները կանգնել են տխուր փաստի առաջ: Անշարժ գույքի շուկայում ներկայիս կոնյուկտուրայի պայմաններում բավականին լուրջ դժվարություններ են առաջացել տրամադրված գումարները հետ ստանալու հարցում: Դրա վառ օրինակներից է «Նորաշեն» կոոպերատիվի հետ կապված սկանդալային պատմությունը, երբ հանկարծակի ձերբակալվեց Էսկոյի Սաքոն, Տիգրան Մուշեղյանի «Հերմեկ» ընկերության սնանկացումը, որի վարույթը մեր թափանցիկ դատական համակարգում իրականացվում է գերգաղտնիության պայմաններում եւ պետության կարիքների համար օտարված տների բազմաթիվ սեփականատերեր ոչ միայն կորցրին իրենց տներն ու հողամասերը, այլեւ հնարավոր է` ո՛չ գումար ստանան, ո՛չ բնակարան:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ներկայումս նմանատիպ իրավիճակ է Երեւանի Արամի փողոցում կառուցապատում իրականացնող «Գապբնակշին» ընկերությունում: Ընկերությանը ֆինանսավորած անձինք անցել են հարձակման եւ հովանավորություն են գտել նախագահական նստավայրում բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, որն էլ «փրկարարական աշխատանքներ» է իրականացնում  ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի խորհրդականի պաշտոն զբաղեցնող (որն իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն ունի) եւ ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատող իր համակուրսեցիների միջոցով: «Փրկարարական աշխատանքների» էությունն այն է, որ արդեն իսկ վաճառված բնակարանների վերաբերյալ կնքվում են կրկնակի, եռակի պայմանագրեր, եւ դատարանի վճռով հաստատվում են նոր սեփականատիրոջ իրավունքները: Բնականաբար, նոր սեփականատերերն այն արտոնյալ անձինք են, որոնց ներկայացնում են «փրկարարները»:
Մտածելու տեղիք է տալիս այն փաստը, որ Երեւանի Կենտրոն համայնքի դատարանում քննվող այս գործերով կայացված դատական ակտերը գաղտնի են պահվում: Դա եւս պլանավորված եւ դատական համակարգի կամ դատական դեպարտամենտի ղեկավարության հետ համաձայնեցված է, քանի որ բոլոր դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման «Դատալեքս» ինտերնետ կայքում: Այդ գաղտնիությունը կարող է ունենալ միայն մի բացատրություն. ի սկզբանե պայմանագիր ունեցած անձանց հնարավորինս երկար ժամանակ անտեղյակ պահել իրենց բնակարանների նկատմամբ կատարված մեքենայություններից: Հաշվի առնելով, որ բնակարաններ ձեռք բերած անձանց մեջ բավականին մեծ տոկոս են կազմում սփյուռքի ներկայացուցիչները, իսկ սփյուռքի ներդրողներին Հայաստան կանչելն ու խաբելը դարձել է «պատվի» հարց, ապա ծրագիրը հետաքրքրաշարժ է դառնում:
Հետաքրքիր է, որ նախագահի աշխատակազմում կա՛մ չեն ծանոթանում սփյուռքին ուղղված նախագահի ելույթներին եւ ուղերձներին, կա՛մ էլ վստահ են ներկայիս դատական համակարգի վերահսկելիության եւ հնազանդության վրա:
 Այս առումով երեւի թե նորից անդրադառնանք մեր փառապանծ դատական համակարգին եւ նրա ղեկավարին, որը երեք տարվա ընթացքում հնարավոր դարձրեց, որ դատարանը, իր սահմանադրական առաքելությունը թողած, դառնա յոթ տիրոջ ծառա, իսկ դատավորները մտածեն` ում ծառայեն, որ չպաշտոնազրկվեն:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս