Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է, թե պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին երեկ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում խոսեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», – ասաց դեսպանը:
Այս հայտարարությունն ինքնին ուշագրավ է` հաշվի առնելով վերջին շրջանում ԱՄՆ կողմից հնչող այլ հայտարարությունները։ Բանն այն է, որ օրեր առաջ շուրջ երկու ամիս դադարից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: «Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ
համանախագահող՝ աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին»:
Պետքարտուղարի հեռախոսազանգերի վերաբերյալ ամերիկյան կողմի տարածած հաղորդագրություններից ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է նրան, որ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում աջակցել կողմերի միջև խաղաղության հաստատմանը ոչ թե ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում, որպես համանախագահ երկիր, այլ որպես առանձին միջնորդ՝ երկկողմանի տարբերակով:
Իսկ ահա ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն, ով հունիսի երկրորդ կեսին տարածաշրջանում էր, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ աջակցում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին:
Ստացվում է, որ մեկ ամիս անց Պետքարտուղարությունը լիովին այլ դիրքորոշում է ներկայացնում, իսկ դրանից օրեր անց էլ դեսպանն է այլ դիրքորոշում հայտնում։
Մանրամասները`տեսանյութում