Մուրադ Փափազյանը հայտնել է Հայաստան մուտք գործելու իրավունքը վերականգնելու նպատակով իրավական գործընթաց սկսելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ օրենքի դաշտում փորձելու է վերականգնել Հայաստան մուտք գործելու իր իրավունքը: Այս մասին հայտնել է Փափազյանը:

«Իրավական հողի վրա որոշել եմ վերականգնել իրավունքս, ինչի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու իմ անձը, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու անհրաժեշտ գործողությունները: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն այս թեմայով նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական դաշտում ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք, թե ինչ շարունակություն տանք գործին»,- հայտնել է Փափազյանը՝ հերքելով տեղեկությունն այն մասին, թե մասնակցել կամ կազմակերպել է 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցը:

Նա հայտնել է, որ իրավական բոլոր միջոցներով պայքարելու է՝ վերականգնելու Հայաստան վերադառնալու իր իրավունքը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հուլիսի 22-ին «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը: «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- հայտնել էին վարչապետի աշխատակազմից:




Լրահոս