Ավանում՝ բուսաբանական այգու մոտ, որտեղ նաև բնակելի շենքեր կան, պղնձաձուլարան կկառուցվի: Կառավարությունում, ասում են, «դաբրոն» ստացվել է: Դեռ անցած տարվանից սկիզբ առած Ավանի բնակիչներն ընդվզում էին, սակայն անօգուտ: Այսօր նաեւ լսումներ էին հրավիրված այդ հարցով: Հայտ ներկայացրած ընկերությունը «Քոփփեռ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարի անունը գաղտնիէ պահվում եւ շատ քիչ տեղեկություններ են առկա:
Սակայն այս ամենը երկար նախապատմություն ունի: Նշենք, որ ձուլարան կառուցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը նախատեված է եղել դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին: Սակայն Շրջակա միջավայրի նախարարությունն իր հերթին բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության` փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները: Եզրակացությամբ արձանագրվել է, որ սեպտեմբերի 16-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նախատեսված գործունեության վերաբերյալ:
Ամիսներ անց այսօր նորից քննարկում եղավ, որին, ինչպես նախկինում, Ավան վարչական շրջանի բնակիչները հրավիրված չեն եղել, սակայն դեմ են այդ հանգամանքին:
Հավելենք, որ նախագծվող ձուլման տեղամասից 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, դեղագործական գործարանը:
Նախագծով նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից տարեկան ստանալ 1800 տ պղնձի, ալյումինի և դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր և ձուլուկներ: Ընկերությունը նաև նախատեսում է կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների պահեստ: Բանեցված կապարե կուտակիչները պատկանում են վտանգավորության 3-րդ դասին: Ըստ կուտակման՝ դրանք վաճառվելու են հանրապետությունից դուրս կամ ՀՀ տարածքում մասնագիտացված ձեռնարկություններին հետագա վերամշակման համար:
Ն.Հ.