ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի մինչեւ Վրաստանի սահման ձգվող Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները:
Քննարկմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, նախագծող եւ շինարարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը ներկայացրել է փլվածքի հատվածում վերջին տասը օրում իրականացրած երկրաբանական ուսումնասիրության արդյունքները: Ըստ փորձագիտական եզրակացության` 1947, 1975 թվականների օդալուսանկարների եւ 2006 թվականի տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչեւ 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման  նշաններ  չեն եղել: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում: Նշենք, որ  Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում եւս Կարախանյանն ասել է այդ մասին:
Մինչդեռ հոկտեմբերի 4-ին մեզ տված հարցազրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասել էր բառացիորեն հետեւյալը. «Մեզ մոտ ֆիքսված են ՀՀ տարածքում բոլոր տեսակի սողանքները, եւ այն մասին, որ այստեղ եղել են թեթեւ փլուզումներ,  տեղյակ են պահվել ՀՀ բոլոր գերատեսչություններն ու նախարարությունները»: Նախարարի նշած «թեթեւ փլուզումը» սեպտեմբերի 30-ի առավոտյան նույն վայրում շուրջ 3000 խորանարդ մետր հողի եւ քարի զանգվածի փլուզումն էր, որի հետեւանքով միջպետական ճանապարհի 110մ հենապատ էր քանդվել, ճանապարհի 6 մետրը` փակվել: Այդ մասին հաղորդագրությունը տեղադրված է արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքում: Իսկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանն ԱԻՆ ներկայացուցիչների ներկայությամբ ասել է. «Մինչեւ 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որեւէ նշաններ տեղի չեն ունեցել»: Կարելի է կարծել, որ իրավիճակն այնպես է ներկայացվում, իբր ամեն ինչ անակնկալ կերպով է տեղի ունեցել, որպեսզի սողանքի 5 զոհերի համար պատասխանատվության խնդիր չառաջանա:
Մինչդեռ սեպտեմբերի 30-ի համեմատաբար փոքր սողանքից հետո` 2 օրվա ընթացքում,  եթե  տարերքի վայրում երկրաբանական ուսումնասիրություն արվեր, եւ միջպետական ճանապարհի այդ հատվածը փակվեր, 5 զոհ եւ մեծ նյութական կորուստներ չէին լինի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս